Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է ՀՀ նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք 2013» ամենամյա մրցույթի հանրապետական փուլին մասնակցած Երևանի 12 ընտանիքներին: Ողջունելով հյուրերին, Տարոն Մարգարյանը նախ շնորհակալություն է հայտնել համարձակ մասնակցության, փայլուն հաղթանակի և մրցույթում Երևանը լավագույնս ներկայացնելու համար, ընդգծելով, որ քաղաքապետարանի կողմից այսօր ծրագրային հստակ քաղաքականություն է իրականացվում մայրաքաղաքում սպորտային կյանքի էլ ավելի աշխուժացման ուղղությամբ.
«Մեր նպատակն է բնակչության շրջանում ամրապնդել ֆիզիկական դաստիարակության կարևորության գաղափարը, զարգացնել մասսայական սպորտը՝ դրանով իսկ նպաստելով առողջ ապրելակերպին: Վստահ եմ, որ այս մարզասեր ընտանիքներում մեծացող երեխաները ապագայում ևս բարձր են պահելու Երևանի ու երևանցիների պատիվը: Համոզված եմ, որ ձեր օրինակով մայրաքաղաքում էլ ավելի կշատանա սպորտով զբաղվող, առողջ ապրելակերպով ապրող ըտանիքների թիվը»,- նշել է քաղաքապետը, վստահեցնելով, որ Երևանի քաղաքապետարանը պատրաստակամ է մշտապես լինել մայրաքաղաքի պատիվը բարձր պահող ընտանիքների կողքին:
ՀՀ նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք 2013» հանրապետական մրցույթի եզրափակիչ փուլում Երևան քաղաքը լավագույնս ներկայացնելու և մայրաքաղաքի մարզական պատիվը բարձր պահելու համար, քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհակալագրեր և հուշանվերներ է հանձնել մրցույթին մասնակցած ընտանիքներին:
Հանդիպման վերջում, Երևանի թիմին՝ որպես բացարձակ հաղթողների, հանձնված ՀՀ նախագահի մրցանակ գավաթը ի պահ է տրվել Երևանի քաղաքապետարանին:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն