Լրահոս
Օրվա լրահոսը

Թեժ աշնան հույսերով

Օգոստոս 30,2013 14:21

Չնայած այս տարվա ամառը քաղաքացիական աշխուժության իմաստով լավ էլ թեժ էր, այդուհանդերձ՝ շատերը ենթադրում են, որ քաղաքական ու ներքաղաքական հիմնական իրադարձությունները կծավալվեն աշնանը:

Հատկապես ընդդիմադիր ուժերն են էդ կարծիքին, եւ քանի որ էդ կարծիքին են, այժմվանից սկսել են ռազմավարական հնարքներ գործադրել՝ ակնկալելով, որ սպասվելիք ընդդիմադիր շարժումը կձեւավորվի ու կծավալվի միայն ու միայն իրենց առանցքի շուրջ:

Եվ վերստին առաջին պլանում են հայտնվել Րաֆֆի Հովհաննիսյանն ու «Ժառանգությունը», եւ դարձյալ Րաֆֆի Հովհաննիսյանն ու «Ժառանգությունը» միասնական պայքարի կոչեր են հնչեցնում, եւ նորից Սեֆիլյանն ու ընկերները կասկածով են վերաբերվում Րաֆֆիական ու ժառանգական էդ կոչերին ու կոչնակներին, եւ վերստին ՀԱԿ-ականները հեգնանքով են արձագանքում էդ հորդորակներին՝ դրանք անլուրջ համարելով, եւ դարձյալ այլընտրանքային ԲՀԿ-ն ու անձամբ Ծառուկյանը փիլիսոփայական լռություն են պահպանում, եւ, անկախ էս ամենից, երիտասարդ քաղաքացիականներն իրենց սկսածն են շարունակում՝ ոչ միայն տրանսպորտի գնի, այլեւ արդեն կարմիր գծերի, ուսման վարձի եւ այլ խնդիրների վերաբերյալ, ու դեռեւս պարզ չէ՝ ջահելական էս կրակի վրա ով է ավելի շատ յուղ լցնելու՝ ընդդիմությո՞ւնը՝ էդ կրակի շուրջ տաքանալով ու էդ կրակն իրենով անելով, թե՞ իշխանությունը՝ էդ կրակն իրենով եւ էդ կրակի բոցերն ապաքաղաքական ու ապակուսակցական ուղղությամբ ուղղորդելով:

Առայժմ պարզ չէ՝ Րաֆֆի Հովհաննիսյանն ու «Ժառանգությունը» հասկացե՞լ են, որ առանց ընդդիմության միասնության որեւէ ռեալ արդյունքի հնարավոր չէ հասնել, եւ դրա համա՞ր են միասնության կոչնակներ հնչեցնում, թե՞ ընդհակառակը՝ վերստին միասնության գործընթացի իրականացման առաքելությունն իրենց մենաշնորհն են դարձնում, որպեսզի միասնությունը վերստին իրականություն չդառնա:

Հարցերն ու հարցականներն անթիվ ու անհամար են, եւ, ի տարբերություն Րաֆֆիի ու «Ժառանգության», ընդդիմադիր ու այլընտրանքային մյուսները խորիմաստ ու փիլիսոփայական լռություն են պահպանում, եւ խորիմաստ ու փիլիսոփայորեն լռողներից ոմանք Պուտինի մի բառին են սպասում, ոմանք էլ՝ Օբամայի ու Արեւմուտքի, եւ էս խորիմաստ ու փիլիսոփայորեն լռողներն ու սպասողները մեր էն քաղաքական ուժերն են, ովքեր համարում են, որ մեզ հետ կապված բոլոր հարցերը Հայաստանում ու մեր ժողովրդի կամքով են լուծվում, այլ ոչ թե դրսի հզորների, եւ էսպես բոլորին ու առաջին հերթին իրենք իրենց խաբելով՝ ուշի-ուշով եւ համբերությամբ սպասում ու փորձում են գուշակել, թե առաջիկա քամիները որ կողմից եւ որ ուղղությամբ են փչելու, եւ Հայաստանի անկախության էս շարունակվող իմիտացիան բոլորին է ձեռնտու՝ բացի ժողովրդից, որովհետեւ եթե Հայաստանը դրսի հզորներից է մշտապես կախված, ժողովուրդը նաեւ ներսի հզորներից է մշտապես եւ շարունակաբար կախված ու ասպատակված:

ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031