«Պետությունը սփյուռքին նայում է իբրեւ կով, որը կաթ է տալիս»
«Գրեթե 5 տարի է, ինչ ստեղծվել է Սփյուռքի նախարարությունը եւ ես Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ոչ մի դրական տեղաշարժ չեմ տեսել սփյուռքի նկատմամբ»,- ասաց տարածաշրջանային խնդիրների գծով փորձագետ-վերլուծաբան, հրապարակախոս Սարգիս Հացպանյանը «Նոյան Տապան» մամուլի ակումբում:
«Հայաստանի Հանրապետությունը իբրեւ պետություն, ըստ իս, հանցագործություն է կատարում սփյուռքահայության նկատմամբ՝ իր ունեցած պետական միավորի փաստաթուղթը, այսինքն՝ քաղաքացիությունը տրամադրելիս: Տրամադրելիս բառը շատ անհեթեթ է, քանի որ ես իմացել եմ, որ դա շնորհ է, այսինքն՝ Հայաստանում քաղաքացիությունը ոչ թե օրենքով է կարգավորվում, այլ դա շնորհ է: Դիմում եք Հայաստանի Հանրապետության նախագահին՝ շնորհել ձեզ քաղաքացիություն, ինքն էլ շնորհում է, կարող է եւ չշնորհել: Այսինքն, եթե շնորհալի ես, այդ շնորհից կարող ես օգտվել, եթե շնորհք չունես, ապա՝ ոչ: Այստեղ կա տեսակավորման խնդիր՝ ռասիզմ»:
Պարոն Հացպանյանն ասաց, որ ունենալով իրենց հայրենքը` Արեւմտյան Հայաստանը բռնագաղթված վիճակում, իրենք 1915 թվականից ապրում են դրսում. «Ես հենց այն հայերից եմ, որ արդեն 24 տարի պնդում է, որ ես այս Հայաստանի Հանրապետությունում ունեմ իմ մետր քառակուսին, որը ինձ է պատկանում, ես ոչ ոքին չեմ խնդրելու, թե գիտես, ես այստեղ տեղ ունեմ: Դու ո՞վ ես, ասում եմ դիմացինիս, որ ինձ պիտի ասես ես այստեղ տեղ ունեմ, թե չունեմ: Այսինքն, ես քեզ հետ չեմ պայմանավորվելու, Հայաստանը ինձ է պատկանում այնքանով, ինչքանով քեզ է պատկանում: Իմ հայությունը ես պահպանել եմ, եւ այս պետությունը պարտավոր է ինձ տրամադրել տարածք ապրելու համար: Հայաստանը դժվար պրոցեսների միջով անցավ՝ երկրաշարժ, սովետի փլուզում, արցախյան պատերազմ, տնտեսական ճգնաժամ, քաղաքական ճգնաժամ, ամբողջ մի կառավարություն գլխատվեց: Մենք կարծում էինք, որ սփյուռքահայությունը պետք է արժեւորվեր իր ունեցած բոլոր հնարավորություններով, բայց դժբախտաբար այդ բոլոր չակերտավոր արժեւորություններից մեզ կթան կովի տեղ դրեցին, խոսքս Հայաստանի պետականության մասին է, ոչ թե ժողովրդի: Պետությունը սփյուռքին նայում է իբրեւ կով, որը կաթ է տալիս: Այսինքն ես նրա համար միայն նյութական արժեք եմ: Ես այստեղ գալիս եմ միմիայն խաբվելու, քցվելու, փայ մտնելու կարգավիճակով: Ինձ այդպես են վերաբերվել: Սա իմ կենսափորձից եմ ասում»:
Կարդացեք նաև
Անի ՔԵՇԻՇՅԱՆ