Այսօր գյուղում բնակվող յուրաքանչյուր կին, որը հող է մշակում, բերք է ստանում ու վաճառում կամ հաց է թխում, կով է կթում՝ կաթը վաճառում, պոտենցիալ գործարար է: Այսպիսի կարծիքի է հանգել «Գործատուների հանրապետական միությունը», որը հանրապետությունում կանանց ձեռներեցության վերաբերյալ հարցում է անցկացրել:
Գյուղի այդ կանայք պատահական չէ, որ «բիզնեվումանի»՝ գործարար կնոջ հմտություններ են ձեռք բերել. շատ հաճախ այս կանանց ամուսինները մեկնելով արտագնա աշխատանքի՝ պատահում է, որ ամիսներով գումար չեն ուղարկում տուն, ուստի գյուղաբնակ կանայք ստիպված իրենք են դառնում եւ արտադրող, եւ վաճառող:
Միության հարցման ժամանակ կանայք նշել են, որ լավ կլինի նման կանանց օգնեն, եւ որպես ձեռներեց՝ խթանելու համար որեւէ մեխանիզմներ լինեն:
Վերջերս «Գործատուների հանրապետական միությունը» լայնածավալ ուսումնասիրություն է կատարել կանանց ձեռներեցության ոլորտում եւ պարզել, որ 2009 թվականի համեմատ հայ գործարար կանանց թիվը բավականին աճել է. եթե 2009-ին 720 կին ուներ սեփական բիզնես, իսկ 5000 կին էլ որպես մենեջեր էր աշխատում, այժմ սեփական բիզնես ունեցող կանանց թիվը 4 անգամ ավելացել է, կին մենեջերների թիվը՝ 2 անգամ:
Կարդացեք նաև
«Առավոտի» հետ զրույցում միության նախագահ Գագիկ Մակարյանն ասաց, որ դեռեւս 4 տարի առաջ կատարած ուսումնասիրությունից պարզել էին, որ հաճախ կանայք, երբ ցանկացել էին բիզնես սկսել ու վարկեր ստանալ, ամուսինները չէին ցանկացել տունը կամ անշարժ գույքը գրավ դնել ու դրանով կանանց հնարավորությունները սահմանափակել էին. «Մեր մենթալիտետով կինը ամուսնանալիս ինքն է գնում ամուսնու տուն, իսկ գույքը պատկանում է ամուսնուն կամ նրա ծնողներին, հետեւաբար կինը չէր կարող ինքնուրույն գրավի հարցը լուծել»: Հիմա արդեն բիզնեսում մեծ մասնաբաժին ունեցող կանանց թիվն ավելացել է. բիզնեսում 60%-ից էլ բարձր սեփականատեր կանայք բավականին շատ են, իսկ այդ տոկոսը, ինչպես ասաց պարոն Մակարյանը՝ որոշիչ բաժին է:
Միության նախագահի ներկայացմամբ՝ Հայաստանում կանայք զբաղված են ավելի շատ այգեգործական, գյուղմթերքների մշակման, քաղցրավենիքների արտադրման, զբոսաշրջության, մշակութային ծրագրերի ոլորտում, գրախանութ-սրճարաններում, բժշկության ու դիզայներական ոլորտում, իսկ վերջին շրջանում՝ նաեւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում:
Այս կանայք հիմնականում զբաղված են փոքր ու միջին բիզնեսում:
Պարոն Մակարյանի ներկայացմամբ՝ հարցաշարում նաեւ նշվել էր, թե ձեռներեց կանայք իրենց բիզնեսում առաջնային ի՞նչ խնդիրների ազդեցություն են նկատել, սրան ի պատասխան՝ կանայք առաջին հերթին նշել են երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակը. մարդկանց գնողունակության անկումը, արտագաղթի հետեւանքով սպառողների նվազումը: Հարցված կանայք, ինչպես ասաց պարոն Մակարյանը, մատնանշել են նաեւ օրենսդրական դաշտի անկատարությունն ու հարկային բեռը. «Բացի այս, ձեռներեց կանայք նշել են նաեւ միջին մասնագիտական կրթության ոլորտից եկող կադրերի խնդիրը, գյուղի եւ քաղաքի միջեւ անջրպետը, մանավանդ մարզերում դա հստակ են զգում, եւ հոգեբանական վիճակը: Մարզի գործարար կանանց համար բավականին լուրջ խնդիր են ստուգող մարմինների կամայականություններն ու խստությունը»:
Այն, որ գյուղում կինը գործարարությամբ է զբաղվում, հարցման արդյունքներով` համարձակություն է՝ խայտառակվելու վտանգ կա: Օրինակ՝ գյուղի ձեռներեց կանայք ասել են, որ հարեւաններն այս տեսակի կանանց քննադատաբար են մոտենում:
Գյուղատնտեսության ոլորտում բիզնես անող կանայք առաջնահերթ խնդիրներից առանձնացրել են գյուղապահովագրության բացակայությունը, ինչը խոչընդոտում է ոլորտի զարգացմանը: Այս ոլորտի զարգացմանը խոչընդոտող պակաս խնդիր չեն նաեւ ջրի թանկությունն ու «ծանր» վարկերը, ինչպես նաեւ հարցվածները առաջարկել են կենտրոն կարգով արտահանման մեխանիզմ ստեղծել, որպեսզի գյուղարտադրությամբ զբաղվողների հոգսը թեթեւանա:
Ընդհանրապես կանայք ավելի մաքուր, ազնիվ ու պարտաճանաչ են ձեռներեցության մեջ. այսպիսի կարծիք հայտնեց «Գործատուների հանրապետական միության» նախագահը: Նրա խոսքերով՝ այնտեղ, որտեղ կին ղեկավար կա, կոռուպցիան քիչ է, կանայք ավելի գրագետ են, ստվերում չեն աշխատում եւ չեն փորձում ինչ-որ բան թաքցնել: Ըստ պարոն Մակարյանի՝ իրենց ուսումնասիրության նպատակներից է եղել, թե ինչպես կարելի է խթանել կին ձեռներեցների աշխատանքն ու ներգրավվածությունը տնտեսության մեջ, եւ չնայած կառավարությունը գենդերային հավասարության քաղաքականություն է տանում ու փորձում տարբեր ոլորտներում կանանց թիվն ավելացնել, այդուհանդերձ՝ որոշակի օրենսդրական փոփոխություններ էլ են անհրաժեշտ: Օրինակ՝ պարոն Մակարյանի ներկայացմամբ՝ կան երկրներ, որտեղ կին ձեռներեցներին հարկային եւ վարկային արտոնություններ են տալիս:
«Առավոտի» այն հարցին՝ եթե մեր երկրում կին գործարարներին նման արտոնություններ տան, մտավախություն չկա՞, որ այս դեպքում հայ տղամարդը «կօգտագործի» կնոջը, ասենք՝ էժան վարկ ստանա կնոջ միջոցով կամ կնոջ անունով բիզնեսը գրանցի՝ հարկային արտոնության համար: «Հնարավոր է՝ մի որոշ շրջան այդպես լինի, բայց դա երկար չի տեւի: Մեր երկիրն ու մեր կազմակերպությունը ակտիվորեն համագործակցում են աշխատանքի միջազգային կազմակերպության հետ, չնայած հիմա դեռ չի հաստատվել, կա մի չափորոշիչ, ըստ որի՝ կին ձեռներեցը ոչ թե նա է, ով հիմնադիրն է, այլ նա, ով վարում է բիզնեսը: Եվ հետո՝ կանայք աստիճանաբար լիդերի հատկանիշներ են դրսեւորում, ու իրենց դուր է գալիս ձեռներեց լինելը: Կանայք սիրում են ճաշակով հագնվել, զուգվել, հետեւել իրենց, իսկ դրանք ծախսեր են պահանջում, հետո մտածելակերպն է փոխվում, ու սեփական փող ունենալը նպաստում է, որ կինը մնա բիզնեսում, եւ կարծում եմ՝ կանայք իրենց դիրքերը չեն զիջի»:
Մեր այն հարցին էլ՝ իսկ կանանց նման արտոնություններ տալուն արդյոք տղամարդ գործարարները խանդով, նախանձով չե՞ն մոտենա՝ պատճառաբանելով, որ անհավասար պայմաններ են ստեղծվում, պարոն Մակարյանը պատասխանեց. «Ոչ, դժվար թե նման բան լինի, եւ հետո՝ այդ արտոնությունները ժամանակավոր են լինելու, բացի այդ՝ գենդերային հավասարության հայեցակարգ կա: Ընդհանրապես՝ հիմա անհավասարությունն ավելի մեծ է, հիմա պետք է խթանել կանանց ձեռներեցությունը, կանանց գրագիտությունն ու հնարավորությունները պետք է օգտագործել»:
Պարոն Մակարյանը իրենց հարցումներից մի քանի ուշագրավ տվյալներ էլ ներկայացրեց. օրինակ՝ այն կանայք, որոնք աշխատել են պետական հիմնարկներում, բիզնեսում ավելի հեշտ են աշխատում, քանի որ լավ տիրապետում են փաստաթղթային գործառույթներին, օրենքներից լավ են հասկանում: Հարցումից նաեւ պարզվել է, որ ի տարբերություն այլ տարիքի կանանց՝ 50-55 տարեկաններն ավելի շատ են փորձում բիզնես դնել, քանի որ, պարոն Մակարյանի խոսքերով՝ այս տարիքի կանայք ավելի վատ եւ դժվար են ինտեգրվում աշխատաշուկայում. «Դա այն տարիքն է, որ շատ գործատուներ խուսափում են աշխատանքի վերցնել: Նման կանայք եթե անգամ չեն հաջողացրել բիզնես սկսել, ապա մտածել են այդ մասին»:
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ