Այդ տեսակետը իշխանություններն են փաթաթել ժողովրդի վզին
Վերջին տարիներին Հայաստանում տիրող սոցիալ-տնտեսական պայմանների, տարեցտարի հսկայական ծավալների հասնող արտագաղթի ու իրավական անարդարությունների ալիքի բարձրացման լուծման միակ ուղին, ՀԱԿ Վանաձորի գրասենյակի ղեկավար Աշոտ Մանուկյանի կարծիքով, իշխանափոխությունն է:
«Սրա վերջը իշխանափոխությունն է, միակ փրկությունը, որեւէ այլ լուծում չկա, բոլոր ճանապարհները տանում են Հռոմ: Ինչի մասին էլ խոսենք` տնտեսական, սոցիալական, իրավական, գալու ենք հանգենք իշխանափոխության: Սրա լուծումը իրավական երկիր կառուցելն է, իսկ իրավական երկիր կառուցելու միակ ճանապարհը իշխանափոխությունն է»,- «Առավոտի» հետ զրույցում նշում է Աշոտ Մանուկյանը:
Ըստ նրա` այսօր հայ ժողովուրդը անդունդում է գտնվում, դրանից վատ չի կարող լինել:
Կարդացեք նաև
«Բացի դա` եթե մենք հիմա ոչինչ էլ չանենք, ուղիղ գծով գնում ենք եւ ազգի, եւ պետության ոչնչացման: Իշխանափոխությունը միակ փրկությունն ու միակ հույսն է պետության եւ ազգի պահպանման»:
Աշոտ Մանուկյանը թյուր է համարում այն կարծիքը, թե որեւէ արդյունքի հասնելու համար բոլոր քաղաքական ուժերը պետք է միավորվեն.
«Դա մեզ մոտ իշխանության կողմից ժողովրդին շպրտված տեսակետ է, որ մինչեւ բոլոր քաղաքական ուժերը չմիանան, որեւէ լուրջ բան չի լինելու, ես դա աբսուրդ եմ համարում»:
Նա բացատրում է, որ այդպես իշխանությունն ի սկզբանե փորձում է ժողովրդի մեջ համոզմունք ստեղծել, թե իշխանափոխություն չի լինելու:
«Այսինքն` ուզում է ժողովրդի մեջ համոզմունք ստեղծել, որ իշխանափոխություն չի լինելու, քանի որ իշխանափոխությունը ենթադրում է միմիայն բոլոր քաղաքական ուժերի միացում, որը հնարավոր չէ, իսկ եթե հնարավոր չէ, կնշանակի՝ իշխանափոխություն չի լինելու: Բայց աշխարհում նման բան չի եղել, ոչ մի երկրում բոլոր քաղաքական ուժերը չեն միացել: Ընդամենը ժողովուրդը պետք է իր վստահության քվեն տա ինչ-որ քաղաքական ուժի կամ քաղաքական խմբավորման: Ժողովուրդն է որոշողը, ոչ թե ինչ-որ քաղաքական ուժ»,- եզրափակում է նա` նկատելով, որ ժամանակն է, որպեսզի կայանա ժողովրդի կամքը, եւ նա տեր դառնա իր իշխանությանը:
Անուշ Բուլղադարյան
Վանաձոր
«Առավոտ» օրաթերթ