Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Երբ խոսում է ցասումը

Օգոստոս 30,2013 14:05

«Անարդարացի մեկ դատավճիռը առաջ է բերում ավելի շատ դժբախտություններ»

Ֆ. Բեկոն

Այսօր բազմաթիվ անգամներ է հնչում դատական համակարգի բարեփոխումների մասին: Երկրի նախագահը 2012թ. օգոստոսի 31-ին ՀՀ վճռաբեկ դատարանում հանդիպում է ունեցել ՀՀ բարձրագույն դատական ատյանի եւ դատական իշխանության ներկայացուցիչների հետ եւ բարձրացրել է շատ ցավոտ հարցեր: ՀՀ քաղաքացիները, որոնք այս կամ այն հարցը իրավական ճանապարհով լուծելու ակնկալիքով դիմում են դատարաններ, որտեղ, ցավոք, հանդիպում են անարդարության, օրենքի կոպիտ ոտնահարումների, օրենքի ուղղակի եւ չարամիտ խախտումների, որի պատճառով կորցնում են իրենց վստահությունն այդ համակարգի նկատմամբ:

Ես՝ մշակույթի վաստակաշատ գործիչս, անբասիր իմ աշխատանքով ապրել եւ շարունակում եմ ապրել իմ հայրենիքում: Առաջին անգամ բախվեցի արդարադատության համակարգի հետ եւ խորը հիասթափություն ապրեցի:

Որդուս եւ ամուսնուս ժառանգության մասով պատկանող բնակարանը խլեցին, բառիս բուն իմաստով: Ավելացնեմ, որ ավիատոմսերի վաճառքով զբաղվող «Ատլանտիս-Տուր 4+1» ընկերության աշխատակցի (նախկին հարսիս)՝ մեզ համար անհայտ եւ անհասկանալի մոտ 46 մլն դրամ պարտքը փաթաթվեց մեր եւ ավիատոմսերի վաճառքով զբաղվող ընկերությունների («Ֆան Տուր», «Սփեյս Թրեվըլ», «Ֆորտունա», «Դոն Տուր», «Լաս Լայն», «Աէրոսթար» եւ «ՎորոնեԺ Պոլյոտ») «վզին», ցավոք, իրական հանցագործը մնաց ստվերում: Հանցագործը՝ հանցագործ, սակայն հիրավի արդարադատության համակարգը հովանավորեց այս հանցագործին, ուրեմն համակարգի ամեն մի աշխատակից յուրովի հանցագործ է, ովքեր պաշտպանում են մեկը մյուսին, եւ դեմ ես առնում մի ամրակուռ պատի՝ դիմելով դատարան: Լավ, մինչեւ երբ պետք է կեղծիքը ու կեղտը ճահճի պես իր մեջ ձգի անմեղ ժողովրդի անբասիր զավակներին, քանի տարի է անհրաժեշտ, որ բարեփոխվի այս համակարգը: Ինչու պետք է խաթարվեր ընտանիքիս անդորրը, երբ «Ատլանտիս- Տուր 4+1» ՍՊԸ-ն ուղղակի պարտավոր էր դիմել դատարան եւ իր աշխատակցին մեղադրեր, այլ ոչ թե դրդեր վերջինիս հանցագործության, թե ինչ գնով էլ լինի՝ փակել պարտքը: Արդյունքում տուժեցին իմ ընտանիքը, բազմաթիվ անհատ ՀՀ քաղաքացիներ, ավիատոմսերի վաճառքով զբաղվող ընկերություններ: Տնազուրկ եղավ որդիս եւ 7 տարեկան թոռնիկս, զրկվելով ընդամենը 54 քմ տարածքով բնակարանից, իսկ խլողները՝ իրենց թանկարժեք ավտոմեքենաներով ու բազում օֆիսներով, տեսնես խղճի խայթ չե՞ն զգում իրենց արարքի համար, որ զրկել են մարդուն ընդամենը գլխին ծածկ ունենալու հնարավորությունից, զրկել են իրենց իսկ դառը քրտինքով վաստակած միակ ունեցածից: Երկու անգամ քաղաքացիական հայցով դիմել ենք դատարան եւ հայցերս մերժվել են: Իմ խորը հիասթափությունս եւ ցասումս եմ արտահայտում Կենտրոն եւ Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատավորներ Է. Ավետիսյանի եւ Ա. Սուքոյանի նկատմամբ, որոնք մեկը մյուսին կրկնելով՝ կայացրին մի վճիռ:  Ավաղ, նույն վճիռը, ժողովրդի լեզվով ասած՝ «քոպի-փեյստ» արեցին վերաքննիչ եւ վճռաբեկ դատարանները: Ուզում եմ մեջբերել անգլիացի փիլիսոփա Ֆ. Բեկոնի հետեւյալ մտքերը. «Անարդարացի մեկ դատավճիռը առաջ է բերում ավելի շատ դժբախտություններ, քան անհատ մարդկանց կատարած շատ հանցագործություններ: Վերջինները փչացնում են միայն առվակները, միայն առանձին շիթեր, այն դեպքում, երբ անարդարացի դատավորը փչացնում է բուն ակունքը՝ հավատը»: Դիմեցի ՀՀ գլխավոր դատախազին եւ ՀՀ ոստիկանապետին, գուցե քրեական գործի շրջանակներում հնարավոր լինի բերման ենթարկել «Ատլանտիս-Տուր 4+1» ՍՊԸ-ի մեղավորներին: Խորին շնորհակալությունս եմ հայտնում Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին, որը արձագանքեց նամակիս, եւ կայացրած որոշումը նպաստեց, որ ինձ ու որդուս հրավիրեցին գլխավոր դատախազի տեղակալի մոտ: Ի զարմանս ինձ՝ հավաքված դատախազները լսեցին մեզ եւ ներկայացված փաստաթղթի եւ մեր տված բացատրագրերի հիման վրա հարուցվել է քրեական գործ:  Սրտիս մի անկյունում փայփայում եմ դեռեւս չհանգած արդարության զգացումը, որ մի օր տան իրական տերերը բացելու են իրենց տան դուռը, իսկ տան պատերը դիմավորելու են իսկական տերերին: Ցավում եմ իմ հայրենիքը լքող ամեն մի քաղաքացու համար, իսկ ինչ անեն, երբ այլ ելք չունեն: Մի՞թե Հայաստանում պետք է ապրեն միայն խաբեբաները, իսկ արժանավորները՝ տառապեն կարոտախտից:

Գ. ՄԱՐԳԱՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մարգարյան Գոհարի գրած հոդվածը կարդալուց հետո, եվս մի անգամ համոզվեցի, որ վախեցնելով միամիտ, գործից անտեղիակ, ազնիվ, բյուրեղից էլ մաքուր,օլիգարխների կողմից թալանված ընտանիքի բողոքը չկարեկցելու և չհասկանալու համար, հարկաոր է լինել բարձրագույն իրավաբանական կրթությունով գործող դատաոր:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031