Համոզված է Գերմանիայի «Aalto theater»-ի մենապարող Արթուր Բաբաջանյանը
Մշակույթի տարածման գործում անփոխարինելի դերակատարում ունեն լրատվամիջոցները, հատկապես՝ մասնագիտական։ «Առավոտի» հետ զրույցում Գերմանիայի «Aalto theater»-ի մենապարող Արթուր Բաբաջանյանը տեղեկացրեց, որ եվրոպական երկրներում շատ են մշակութային նեղ մասնագիտական պարբերականները։ «Օրինակ, երբ ես 2002թ. մասնակցեցի Շվեյցարիայում անցկացվող բալետային արտիստների հեղինակավոր Լոզանի մրցույթում, այն լուսաբանվում էր ինչպես Արեւմուտքի հանրահայտ թերթերում, այնպես էլ կոնկրետ բալետային ամսագրերում։ Հենց այդ պարբերականներից լայն հանրությանը ճանաչելի դարձա ես։ Մյուս կողմից էլ՝ մեծ նշանակություն ունեն այս կամ այն երկրում անցկացվող մշակութային միջոցառումները։ Նույն Լոզանի մրցույթից հետո ուսումս շարունակելու առաջարկ ստացա միաժամանակ եվրոպական մի քանի դպրոցներից։ Ընտրեցի Ցյուրիխի դպրոցը, որտեղ մեկ տարի ուսանելուց հետո տեղի ազգային օպերայի եւ բալետի թատրոնի բալետային խմբի ղեկավար Հայնս Շպյոռլի կողմից ստացա աշխատանքի հրավեր։ Այս թատրոնում բեմ բարձրացա մինչեւ անցյալ տարի։ 2012-ից անվանի խորեոգրաֆ Բեն Վան Կովենբերգի կողմից էլ հրավիրվեցի Էսսեն քաղաքի «Aalto theater», որտեղ եւ աշխատում եմ մինչ օրս»,- ասաց Արթուր Բաբաջանյանը։
Մեր զրուցակիցը նշեց, որ Արեւմուտքում եւ տարբեր թատրոններում բեմ բարձրացող այսօր արդեն շուրջ 50 բալետի արտիստների, նաեւ իր համար ճակատագրական է եղել 2006 թ. եվրոպական թատրոններում հանդես եկող 5 հայաստանցի պարողների կողմից հիմնած «Հզոր զգացմունքներ» խումբը, որի կազմում են Մյունխենի ազգային օպերային թատրոնից Տիգրան Միքայելյանը, Շվեդիայի Թագավորական բալետից՝ Արսեն Մեհրաբյանը եւ Վահե Մարտիրոսյանը, «Ցյուրիխ բալետից»՝ Արման Գրիգորյանն ու ինքը։ Նա հավելեց, որ ժամանակին բալետային քննադատները ներկայացնելով «Հզոր զգացմունքները», մշտապես օգտագործել են «Ֆանտաստիկ հնգյակ Հայաստանից» արտահայտությունը։
Արեւմուտքում հայկական բալետն ասոցացվում է միայն տարբեր թատրոններում հանդես եկող հայ պարողների անվան հետ, իսկ ընդհանրապես հայկական բալետային արվեստի մասին պատկերացում կա՞ հարցին՝ Արթուրը պատասխանեց. «Համընդհանուր ճանաչման հասնելու համար Երեւանի օպերային թատրոնը պետք է հրավիրի խոշոր, անվանի խորեոգրաֆների, որոնց բեմադրության մասին կխոսի արեւմտյան մամուլը, օրինակ՝ վերջերս Վրաստանի օպերային թատրոնում բեմադրություն իրականացրեց ազգությամբ չեխ, սակայն ողջ ստեղծագործական կյանքը Հոլանդիայում անցկացրած անվանի բալետմայստեր Ժիրի Քիլիանին։ Ներկայացումը նեոկլասիկ ուղղվածություն ուներ, որի մասին խոսեցին եվրոպական, չեմ սխալվի, եթե ասեմ՝ բոլոր մասնագիտական պարբերականները։ Հավանաբար, եվրոպական երկրներից դրան կհետեւի նաեւ Վրաստանի օպերային թատրոնի բալետային խմբի հրավերները… Երեւանի օպերային թատրոնի մասին էլ ժամանակին խոսվեց, երբ «Սպարտակն» իրականացրեց Յուրի Գրիգորովիչը։ Կարճ ասած՝ հարկավոր են անուններ, եւ անկախ արդյունքից, նրանց աշխատանքներին անդրադառնում են հեղինակավոր թերթերն ու մասնագիտական պարբերականները»։
Արտիստը նշեց, որ ժամանակակից բալետային աշխարհում «բում» է առաջացնում ցանկացած էքսպերիմենտ. «Օրինակ՝ Շվեդիայի Թագավորական բալետում վերջերս լավ իմաստով մեծ աղմուկ բարձրացրեց Մացեկի խորեոգրաֆիայով «Ռոմեո եւ Ջուլիետ» ներկայացումը։ Վերջինս նախ՝ մոդեռն ոճում էր, եւ ոչ թե Պրոկոֆեւի երաժշտությամբ հայտնի բալետն էր, այլ բեմադրիչը իր ներկայացման համար երաժշտությունը ներդաշնակորեն սինթեզել էր Չայկովսկու սիմֆոնիաներից։ Այդ ներկայացման մեջ ներգրավված էին նաեւ Արսեն Մեհրաբյանն ու Վահե Մարտիրոսյանը»։
Մեր զրուցակիցը ցանկություն հայտնեց, որ այնպես, ինչպես ճարտարապետությամբ հզոր է Երեւանի օպերային թատրոնը, կուզենար հզոր տեսնել նաեւ բալետային խումբը։ Հայաստանցի մեծահարուստներին էլ կոչ արեց եվրոպացի բիզնեսմենների օրինակով աջակցել այդ հզորացմանը։
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ