Լրահոս
Օրվա լրահոսը

Ռետրո. Ճշմարտությունը մեկն է

Օգոստոս 30,2013 13:55

Իրադարձությունների սրընթաց զարգացման այսօրվա բովում ամեն ինչ վերանայելու ձգտումը բնական է եւ հասկանալի։ Կարեւոր է, սակայն, այս գործում էլ չափն իմանալ եւ «վերանայումը» հավատամք չդարձնել։ Այդ իմաստով հետաքրքիր միտում է նկատվում՝ նախկինում ձեւավորված չափից դուրս բացարձակ մոտեցումները դարձնել նույնքան ծայրահեղացված հարաբերական։ Ամենավառ օրինակն անցյալի նկատմամբ վերաբերմունքն է, որն, ինչ խոսք, ձեւավորում է նաեւ մեր այսօրվա գործելակերպը։ «Հարաբերական» միտքն այստեղ շարժվում է, ասենք, հետեւյալ տրամաբանությամբ. մենք ունենք մեր ճշմարտությունը, թուրքերն՝ իրենցը, մեր տեսակետից՝ թուրքերն էին չարիք մեզ համար, նրանց տեսակետից՝ մենք։ Եվ այլն։ Ով է ճիշտ, ով սխալ՝ դժվար է ասել։ Գուցե մենք էլ մի բարի պտուղ չենք։

Նման տրամաբանությունից մարդիկ զայրանում են։ Եվ, կարծում եմ, իրավամբ։ Մասնավորապես այն պատճառով, որ դրանով կասկածի տակ է առնվում նվիրյալների գործը, որոնք իրենց կյանքն էին զոհաբերում՝ մեր ճշմարտությունն ապացուցելու համար. հանուն հարաբերական, երերուն, դոնդողանման գաղափարների ոչ ոք լուրջ կռիվ չի տա։

Հիշո՞ւմ եք, ղարաբաղյան խնդրի քննարկումը 88-ին ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության ընդլայնված նիստում։ Այն ժամանակ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Պրիմակովը հայտարարեց, որ պատմական փաստերն անքննելի են: Հայերը պնդում են, որ Արցախում են ապրում առնվազն Ստրաբոնի ժամանակներից, իսկ ազերիները կարծում են, որ հայերին Ղարաբաղ է բերել Գրիբոյեդովը։ Երկու տեսակետն էլ, ըստ ակադեմիկոսի, հավասարազոր են։ Բայց իրականում ճշմարտությունն այս խնդրում (ինչպես նաեւ բոլոր մնացած հարցերում) մեկն է, եւ գոնե մեզ համար այն պիտի միանշանակ եւ վերջնական լինի։

Այլ հարց է, որ տվյալ ժողովրդի հողային կորուստների, պարտությունների, կոտորածների համար պատասխանատու են նաեւ նրա առաջնորդները՝ թագավորները, մելիքները, նախարարները, խորհրդարանները, գործիչները։ Այդ բոլոր արհավիրքները ոչ թե ինչ-որ մետաֆիզիկական «չար բախտի» կամ «Աստծո պատժի», այլ սխալ, հաշվենկատ, անիրատես քաղաքականության հետեւանք էին։ «Մենք» (այսինքն՝ տվյալ դեպքում ժողովուրդը) այստեղ մեղք չունի։ Այլ հարց է նաեւ, որ 60-70-ականների խորհրդային քարոզչությունը սովետահայ մտավորականության միջոցով (որը «կիսադիսիդենտ» էր ներկայանում, բայց իրականում չափազանց իշխանահաճո էր) սերմանում էր լալկանություն ու թուլամորթություն։ Ճշմարիտ ազգային արժեքների հետ այդ արհեստական հեկեկանքները ոչ մի կապ չունեն։

Այս ամենը, սակայն, չի փոխում գործի էությունը։ Իսկ էությունն այն է, ինչի համար արժե կռվել։ Հայկական հողը։

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

28.03.1996

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել