Լրահոս
Օրվա լրահոսը

Տնօրենը դժգոհեց ուղղագրական սխալներով դասագրքերից

Օգոստոս 30,2013 13:47

ԿԳ փոխնախարար Մանուկ Մկրտչյանը Երեւան քաղաքի ուսուցիչների՝ այսօր կայացած օգոստոսյան կոնֆերանսի ժամանակ հայտարարեց, որ բոլոր ուսումնադիդակտիկ միջոցների վրա, որոնք կօգտագործվեն դպրոցում, պետք է գրված լինի՝ «Երաշխավորված է ԿԳ նախարարության կողմից»: Նրա խոսքով, սակայն, դա չի նշանակում, որ եթե երաշխավորված է, ուրեմն պարտադիր է:

143 դպրոցի տնօրեն Գարեգին Կոստանյանն անդրադարձավ, իր ձեւակերպմամբ, հնադարյան, կոմունիստական պատուհաններով դպրոցների շենքերին, դրանց պատուհանները ձմռանը ո՛չ բացվում են, ո՛չ փակվում, եւ այդ պարագայում ջեռուցման ծախսերն ավելի մեծ են լինում, ու տնօրենները ֆինանսական ցայտնոտի մեջ են ընկնում: Նա հետաքրքրվեց փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանից. «Կա՞ որեւէ ծրագիր, կանխատեսում այդ մասին, ուսումնական պարապմունքները մինչեւ ե՞րբ պետք է անցկացնենք նման պատուհաններով դպրոցում: Ասում եք՝ Երեւանն օրեցօր գեղեցկանում է, բայց ախր էդ գեղեցկության ֆոնի վրա նման հնադարյան շենքերը չեն նայվում»:

Երեւանի քաղաքապետարանի կրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը տեղեկացրեց, որ ներկայումս 96 դպրոցների վերանորոգվելու մասին հայտ է ներկայացված, ապա հավելեց. «Կախարդական փայտիկ չկա ոչ մեկիս ձեռքին, այդ ամենը մի վայրկյանում իրականացնելու…»:

Մի դպրոցի տնօրեն էլ փաստեց, որ ԿԳ նախարարության կողմից երաշխավորված դասագրքերի 90 %-ը բազմաթիվ ուղղագրական եւ կետադրական կոպիտ սխալներով է, եւ չհամաձայնեց փոխնախարար Մանուկ Մկրտչյանի դիտարկմանը, թե դասագիրքը վճռորոշ չէ կրթական պրոցեսի ժամանակ. «Երեխան ոչ մեկին ոչինչ պարտավոր չէ, մե՛նք ենք պարտավոր դաստիարակել, բարի, զարգացած, մտածող սերունդ»: Նա փաստեց, որ օլիմպիադաներին միասին մասնակցում եւ նույն սանդղակով գնահատվում են ոչ միայն սովորական դպրոցների, այլեւ, օրինակ՝ ֆիզմաթ թեքումով դպրոցների, «Քվանտի» սաները, ինչը, նրա համոզմամբ, ճիշտ չէ:

«Երեխան պա՛րտք է եւ պարտավոր է իր ուսուցիչներին, ծնողներին, դպրոցին: Յուրաքանչյուր երեխա պարտավոր է լավ սովորել»,-հակադարձեց Մանուկ Մկրտչյանը:

Սպանդարյանի դպրոցի տնօրենը խոսեց խորացված ռուսերենի ուսուցմամբ դպրոցների ռուսերեն դասագրքերի մասին, որոնք, նրա ասելով, բավականին թանկ են. «Ես չեմ կարող ռուսաց լեզվի իմ ուսուցչին պարտադրել, որ մանկապարտեզի դասագրքերով դասերն անցկացնի, ինչ է թե՝ խորացված ուսուցմամբ դասագրքերը վճարով են»:

Տնօրենը նեղսրտեց նաեւ Գնումների մասին օրենքի հետ կապված. «Թույլ տվեք մե՛նք մեր բյուջեին համապատասխան նախատեսենք ծախսը…Գնումների հետ կապված ամեն հունվարին կանխատեսում ենք անում, բայց ես ի՞նչ իմանամ, որ իմ դպրոցի կաթսայատանը վաղը խողովակ է պայթելու: Դպրոցում ցանկացած պահի կարող են չնախատեսված ծախսեր առաջանալ»:

Փոխքաղաքապետը համաձայնեց, որ Գնումների մասին օրենքը կաշկանդում է տնօրենների ազատությունը:

ԿԳ փոխնախարար Մանուկ Մկրտչյանն ասաց. «Մենք չենք կարող ռուսաց լեզվով խորացված ուսուցումը ֆինանսավորել, անգլերենը, ֆրանսերենը՝ ոչ: Եթե ծնողը որոշել է, որ երեխան լեզվի խորացված ուսուցում պետք է ստանա, ինքը պե՛տք է իր միջոցներով ձեռք բերի այդ դասագրքերը»

Գայանե Սողոմոնյանն էլ նշեց, որ փաստորեն դպրոցն է պարտադրում խորացված ուսուցում անել, եւ շատ ծնողներ նույնիսկ չգիտեն, թե կա նման ուսուցում:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031