Լրահոս
Օրվա լրահոսը

Պետական բուհեր են աշխատանքի ընդունվում միայն ՀՀԿ-ականներ. Բողոքում են երիտասարդները

Օգոստոս 30,2013 13:46

ՀՅԴ Նիկոլ Աղբալյան ուսանողական միության անդամները սեպտեմբերի 2-ին պատրաստվում են բողոքի երթեր անցկացնել պետական մի շարք բուհերի առջեւ ուսման վարձավճարների թանկացման դեմ:

Այսօր «Ուրբաթ» ակումբում ուսանողական միության վարչության անդամ Մհեր Ղազարյանն ասաց, որ ուսման վարձավճարների թանկացման խնդրից բացի՝ իրենք պատրաստվում են բողոքի ակցիաների ժամանակ բարձրացնել կրթական մի շարք խնդիրներ. «Պետպատվերը ընդհանրապես չի գործում, հաջորդ խնդիրը հայցորդներին ու ասպիրանտներին է վերաբերում: Անհեթեթ նոր հրամանի համաձայն, նախկին համակարգով ընդունված ուսանողները պետք է անցնեն նոր համակարգի, եւ վերջնաժամկետ է դրված, որ իրենց թեկնածուական աշխատանքները ուսանողները ժամանակից շուտ ավարտեն: Խնդիրներ կան լաբորատորիաների, կրթաթոշակների, ուսանողական հանրակացարանների հետ կապված»:

Միության ատենապետ Գերասիմ Վարդանյանի խոսքերով, ուսման վարձերի բարձրացումը սոցիալ-տնտեսական ներկայիս պայմաններում անթույլատրելի է. «Կրթության որակի, աշխատատեղերի քանակի հետ համեմատած՝ համամասնություն չկա: Մեր պահանջն ուղղված է կառավարությանը, որն էլ պատասխանատու է երկրի սոցիալտնտեսական վիճակի համար, պարտավոր է ալտերնատիվ գտնել, սուբսիդավորել եւ համապատասխան պայմաններ ստեղծել մատչելի կրթության համար: Կառավարության թեթեւ ձեռքով սոցիալապես անապահով քաղաքացին զրկված է այսօր պետական համալսարանի իրավաբանական եւ միջազգային հարաբերություններ ֆակուլտետներում սովորել՝ այնպիսի վարձավճարներ են սահմանել: Մեր իշխանություններն արգելում են Հայաստանի քաղաքացուն լինել միջազգայնագետ կամ իրավաբան,: Գիտենք բուհերում ինչ մթնոլորտ է: Միտումնավոր փորձում են անգրագետ սերունդ դաստիարակել»:

Նա նաեւ ասաց, որ իրենց բողոքի երթի ընթացքում նախատեսել են Ագրարային, պետական, բժշկական եւ մանկավարժական համալսարանների մոտով անցնել:

Մհեր Ղազարյանն էլ դժգոհեց, որ իշխանությունները կրթական փոփոխությունները հասկանում են միայն վարձավճարների բարձրացմամբ, բայց մասնագետների փոփոխություն բուհերի ներսում գրեթե չի լինում. «Համալսարան են ընդունում այնպիսի կադրեր, որոնց համապատասխան գիտելիքներն ու որակավորումները հաշվի չեն առնում, այսօր աշխատանքի են ընդունվում միայն իշխանական կուսակցության ներկայացուցիչները, նրանց որդիներն եւ մորքուրի երեխեքը»:

Կառավարության երեկվա նախաձեռնությունը՝ փոփոխություններ անել «Կրթության մասին» օրենքում, որով կկարողանան անհրաժեշտ դեպքում զսպել ուսման վարձերի անհիմն բարձրացումը միության այս անդամներին հավատ չի ներշնչում. «Նման որոշումներ շատ են եղել, բայց արդյունք չի տա»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031