Լրահոս
Օրվա լրահոսը

Սերգեյ Մինասյան. Քաղաքականությունը, կարելի է ասել՝ «փախել է» քաղաքական դաշտից

Օգոստոս 30,2013 13:16

Հատված Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ ՍԵՐԳԵՅ ՄԻՆԱՍՅԱՆԻ հարցազրույցից:
   –Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի ներքաղաքական իրավիճակը. աշնան նախաշեմին մեր քաղաքական երկնակամարում փոթորկաբեր ամպեր, հեղափոխական «թունդ» զարգացումների նախանշաններ տեսնո՞ւմ եք։ 
   -Նախ կցանկանայի անդրադառնալ մի խնդրի, որից բխում են այսօրվա քաղաքական իրողությունները եւ իրավիճակի առանձնահատկությունները։
Դա ընդդիմադիր դաշտում ստեղծված աննախադեպ տխուր պատկերն է. Հայաստանում գոյություն չունի իրական ընդդիմություն՝ վերջին մեկ տարվա ընտրական փուլից հետո ստեղծվել է մի իրավիճակ, երբ մոտակա ընտրությունները լինելու են 4 տարի հետո, իսկ ընդդիմադիր դաշտը շատերի, անգամ իշխանությունների համար անսպասելիորեն, հիմնավորապես ջախջախված է։
Արդյունքում իրական քաղաքականությունը դուրս է եկել ոչ միայն խորհրդարանից, այլեւ ընդդիմադիր դաշտից։ Որոշ փորձագետներ այստեղ դրական միտում են տեսնում՝ այն առումով, որ քաղաքացիական հասարակությունն ակտիվացել է։
Մյուս կողմից՝ վտանգավոր է, որ քաղաքականությունը, կարելի է ասել՝ «փախել է» քաղաքական դաշտից ու գնացել փողոցներ։ Ստացվում է, որ քաղաքական ուժերն անկարող են հարցեր բարձրացնել, որոնց պատասխանը պետք է տա իշխանությունը, իսկ իշխանությունն ի վիճակի չէ այնպիսի լուծում տալ կուտակված տնտեսական, քաղաքական, սոցիալական խնդիրներին, որ այս կամ այն չափով բավարարի հասարակության պահանջներն ու ակնկալիքները։
Եթե մինչ այդ սոցիալական լարվածությունը դրսեւորվում կամ իրացվում էր քաղաքական ուժերի, այդ թվում՝ արմատական ընդդիմության միջոցով, հիմա դա չկա։
Դրանով է նաեւ բացատրվում քաղաքացիական շարժումների այս աննախադեպ «էսկալացիան». գոյություն չունի քաղաքականություն, եւ քաղաքականությունը դարձել է հասարակության հոբբին։ Ընդ որում, տեսանելի չէ՝ ինչպես դուրս գալ այս իրավիճակից, վերականգնել ստանդարտ, դասական քաղաքական «ստատուս քվոն»։
Այս ամենից ելնելով էլ, կարծում եմ, ներքաղաքական դաշտում աշնանը լուրջ փոփոխություններ չեն լինի։ Փոխարենը կունենանք անհասկանալի մի իրավիճակ, որտեղ քաղաքականությունը ածանցված կլինի արտաքին ինչ-որ ազդակներից։
Ինչ-որ չափով սրանով է պայմանավորված հասարակական, քաղաքական, փորձագիտական, լրատվական շրջանակների սեւեռուն ուշադրությունը այն խնդրին, որի կշիռը իրական քաղաքականության մեջ այնքան էլ մեծ չէ՝ Եվրամիություն, Եվրասիական միություն, Ռուսաստանի հետ հարաբերություններ եւ այլն. քանի որ ներքաղաքական դաշտում ուշադրության արժանի այլ զարգացումներ չկան, արտաքին նույնիսկ մտացածին վտանգները դառնում են արդիական։

 

   Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայոց աշխարհ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031