Լրահոս
Օրվա լրահոսը

Տեղի է ունեցել Հանրային խորհրդի փոքր խորհրդի նիստ

Օգոստոս 30,2013 13:07

Ս.թ. օգոստոսի 29-ին տեղի է ունեցել ՀՀ Հանրային խորհրդի փոքր խորհրդի նիստ՝ Վազգեն Մանուկյանի նախագահությամբ: Օրակարգում ընդգրկված է եղել 5 հարց.
1. Հանրային խորհրդի մասին օրենքի նախագծի վերջնական տարբերակի քննարկումը:
2. ՀԽ 4.5 տարվա գործունեության վերաբերյալ հաշվետվության քննարկումը:
3. ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանի դիմումն՝ ուղղված ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանին:
4. Երևան քաղաքի տրանսպորտային խնդիրների և կետային կառուցապատման հարցերը:
5. ՀԽ ժողովրդագրական և գենդերային հարցերի հանձնաժողովի կողմից պատրաստված հայտարարությունը՝ կապված վերջին շրջանում ակտիվորեն քննարկվող «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» օրենքի ընդունման հետ:
Օրակարգի առաջին հարցի շրջանակներում մեկ անգամ ևս քննարկվել են Հանրային խորհրդի մասին օրենքի նախագծի հիմնական սկզբունքներն ու դրույթները, պարզաբանվել կառույցի նպատակները, գործառույթները, դերն ու նշանակությունը:
Նշվել է, որ նախագիծը սեպտեմբերի վերջին պետք է ներկայացվի Հանրապետության ղեկավարին:
Օրակարգի երկրորդ հարցի վերաբերյալ Վազգեն Մանուկյանը հանձնարարել է ՀԽ հանձնաժողովներին ներկայացնել վերջին տարվա ընթացքում կատարած աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունները, ապա ամբողջացնել ՀԽ ողջ գործունեության վերաբերյալ հաշվետվությունը, որից հետո այն կներկայացվի հանրությանը:
Օրակարգի երրորդ հարցը՝ քաղավիացիայի վարչության պետի նամակն՝ ուղղված ՀԽ նախագահին, առնչվել է «Զվարթնոց օդանավակայանի» առաջիկա 5 տարիների զարգացման խնդիրներին, որի շրջանակներում, ըստ քաղավիացիայի վարչության, անհրաժեշտություն է առաջացել վերջնական գնահատական տալու հին ուղևորային (կլոր) համալիրի հետագա պահպանման կամ քանդման խնդրին:
Քաղավիացիայի վարչության պետն առաջարկել է Հանրային խորհրդին համատեղ քննարկել հարցը, որպեսզի նախքան վերջնական որոշման հանգելը հասկանալի լինեն այն գնահատականներն ու մոտեցումները, որոնք այսօր առկա են նշված ուղևորային համալիրի նկատմամբ հանրության և այդ ոլորտում մասնագիտացած կազմակերպությունների շրջանում:
Նիստում որոշվել է խնդիրը նախ քննարկման դնել Հանրային խորհրդի մշակույթի և քաղաքաշինության ենթահանձնաժողովներում, որից հետո հանրային լայն քննարկումներ անցկացնել:
Օրակարգի հաջորդ հարցի քննարկման ժամանակ ՀԽ անդամներն անդրադարձել են Երևան քաղաքի ավտոկայանատեղերի խնդրին, քննարկել կենտրոնը բեռնաթափելու հարցը: Երևան քաղաքի տրանսպորտային խնդիրների և կետային կառուցապատման վերաբերյալ կայացվել է որոշում առաջիկայում կազմակերպել աշխատանքային խորհրդակցություն՝ հրավիրելով Երևանի նորանշանակ գլխավոր ճարտարապետին:
Օրակարգի վերջին հարցի քննարկման ժամանակ (ՀԽ ժողովրդագրական և գենդերային հարցերի հանձնաժողովի կողմից պատրաստված հայտարարության վերաբերյալ՝ կապված վերջին շրջանում ակտիվորեն քննարկվող “Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին” օրենքի ընդունման հետ), հանձնաժողովի նախագահ, ՀԽ անդամ Ելենա Վարդանյանը պարզաբանել է օրենքի շուրջ ստեղծված աղմուկն ու իրենց անհանգստությունը անհարկի շահարկումների և օրենքի նախագծի էությունը շեղելու առումով: Նա անընդունելի է համարել մի շարք հասարակական կազմակերպությունների գործունեության դեմ սկսված հակաքարոզչությունն ու մի խումբ կանանց հասցեին ուղղված վիրավորական ու զրպարտչական արտահայտություններն ու գործողությունները, ինչը վարկաբեկում է երկրի զարգացման գործընթացներում կանանց և տղամարդկանց հավասար ներգրավմանը նպատակաուղղված նրանց երկարամյա գործունեությունը:
Քննարկվող հարցի վերաբերյալ հնչել են տարբեր տեսակետներ, սակայն ընդգծվել է, որ օրենքը պետք է հիմնված լինի հայկական ընտանեկան արժեքների պահպանման սկզբունքի վրա, իսկ չպարզաբանված ու վիճահարույց ձևակերպումները, որոնք հանրության շրջանում անհանգստություն ու զայրույթ են առաջացրել, պետք է հստակեցվեն և ընկալելի լինեն հանրության բոլոր շերտերի կողմից: Միաժամանակ շեշտվել է, որ խնդրի վերաբերյալ առաջացած տարակարծություններն ու բանավեճերը պետք է տեղափոխվեն բացառապես քաղաքակիրթ դաշտ:

ՀՀ Հանրային խորհրդի մամուլի պատասխանատու
Անի Գասպարյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031