Լրահոս
Օրվա լրահոսը

Ահարոն Ադիբեկյան. «Դու գիտե՞ս ես ինչ եմ, պարտադիր է զենքս ձե՞ռքս վերցնեմ»

Օգոստոս 30,2013 12:53

Այսօր սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը «Ֆորում» ակումբում խոսելով ուսման վարձավճարների բարձրացան մասին՝ ասաց, որ կարեւորը՝ իշխանություններն արձագանքում են, կառավարությունը գնում է բանակցությունների:

Aravot.am-ի հարցին՝ ուսանողները բողոքի ակցիաների ժամանակ նշում են, որ չհիմնավորված ծախսեր են կատարվում: Դուք որպես դասախոս, նկատե՞լ եք, որ բուհերում գումարներ են մսխվում՝ նա պատասխանեց. «Մի բան կարող եմ ասել, օրինակ, բանտերի վերանորոգման ծախսերը փակում են նույն բանտարկյալները: Հիմա դա անում են կամավոր թե ստիպողական՝ այլ հարց է: Գիտեք քանի բուհ է փակվել, շենքերը մնացել են, ոչ մեկը չի ուզում դա գնի, թեեւ լավ կահավորված է: Եթե մենք գտնվում ենք շուկայական հարաբերությունների շրջանակներում, որոշ բուհեր պետք է փակվեն, որոշերը՝ բարգավաճեն»:

Անդրադառնալով ԼՂՀ հարցին՝ Ահարոն Ադիբեկյանն ասաց. «Ղարաբաղյան հարցի լուծման առիթով Ադրբեջանը մեծ գումարներ է ծախսում՝ պաշտպանողական ներուժը զարգացնելու համար: Ընդ որում, ժամանակ առ ժամանակ սկանդալներ են լինում, որ գնվել են ոչ պիտանի, անօգտագործելի զինանոցներ: Ժամանակ առ ժամանակ լինում են պոռթկումներ: Այն գումարները, որոնք ծախսվում են Ղարաբաղի պատրվակով զինուժի ուժեղացման վրա, հիմնականում կատարվում է ազգային հարստության գողացման պաշտոնական աղբյուր: Մեզ մոտ դա մի քիչ ավելի չափավոր է: Գիտեք, որ մեր բանակը ցանկանում է նույնչափ ներուժ ունենալ, որքան Ադրբեջանի բանակը: Սմերչի չինական տարբերակի գնման օրինակ կա, մենք ուզում ենք դրսից առնել, ոչ թե ՌԴ-ն տա: Եթե նախագահը մտածում է իր երկրի մասին, որ սերունդը լինի լավ հագնված, սնված, պետք է գնա Ղարաբաղի հարցի լուծմանը: Լուծումներ գոյություն ունեն, ուղղակի մարդիկ չկան, որ այսպես ասած դուխ ունենան»:

Aravot.am-ը հետաքրքրվեց` Դուք խոսեցիք, Ադրբեջանում գումարների յուրացման մասին, իսկ Հայաստանում պաշտպանությանն ուղղված ծախսերը որքա՞ն են յուրացվում, ունե՞ք գնահատական այս մասին՝ Ահարոն Ադիբեկյանը պատասխանեց. «Ես վերցնում եմ տվյալները նույն հետախուզական ժուռնալիստիկայի կայքերից: Եթե մեզ մոտ սկանդալ է լինում, կարող ենք ասել, որ չեն ծախսվում նպատակային այդ գումարները: Ես ժուռնալիստ չեմ»:

Մեր հարցին՝ եթե այդքան վստահում եք եւ հենվում եք ժուռնալիստների տված տեղեկությունների վրա եւ հայտարարություն եք անում, ինչո՞ւ ընտրությունների ժամանակ, երբ ժուռնալիստների մի ստվար զանգված հրապարակում էր ընտրությունների կեղծման մասին, ընտրությունների այլ արդյունքի մասին, դուք ուրիշ բաների վրա էիք հենվում եւ բոլորովին տարբեր տեղեկատվություն տալիս՝ նա պատասխանեց. «Թող լրատվական որեւէ մի հատ կայք սեփական հարցումն անի եւ հրապարակեն իրենց տվյալները: Դուք հրապարակում եք տվյալներ՝ առանց հիմնավորելու որտեղից է աղբյուրը: Ես կարող եմ իմ տվյալները տալ, ստուգեք տեսնեք՝ ճի՞շտ ենք հանրային կարծիքը հայտնել, թե՞ չէ»:

Նա սկսեց համեմատվել լրագրողների հետ: Մեր դիտարկմանը, որ ձեզ չեն վստահում՝ նա կտրականապես հերքեց. «Ինձ վստահում է իմ հարցվածերի 75 տոկոսը, պատասխանում են մեր հարցերին, էդ ո՞նց է լինում»:

Անդրադառնալով ազատամարտիկների բողոքի ակցիային՝ Ահարոն Ադիբեկյանը հեգնեց. «Ես էլ եմ վատ ապրում, ես էլ գնամ հրապարակում նստեմ, ասեմ ինձ կերակրե՞ք, ես էս երկրին ավելի քիչ օգուտ եմ բերել, քան ազատամարտի՞կը»: Aravot.am-ը հարցրեց՝ «Դուք ավելի՞ շատ բան եք արել մեր երկրի համար, քան ազատամարտիկնե՞րը»՝ Ահարոն Ադիբեկյանը հարցին հարցով պատասխանեց. «Դու գիտե՞ս ես ինչ եմ, ինչ եմ արել էսքան ժամանակ: Իհարկե, ես ավելի շատ բան եմ արել, քան ազատամարտիկները: Պարտադիր է զենքս ձե՞ռքս վերցնեմ»:

Ահարոն Ադիբեկյանն այդպես էլ չասաց, թե ինչ անգնահատելի ծառայություններ է մատուցել մեր երկրին:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Spartak says:

    Այ քեզ անամոթություն:Իր թվերի հետ խաղը համեմատում է ազատամարտիկի հե՞տ:Թող հրապարակի արածը:Երևի ամաչում է:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031