Լրահոս
Օրվա լրահոսը

Սասուն Միքայելյան. Ձեռքերդ հեռու Վազգենի գերեզմանից

Օգոստոս 30,2013 12:32
sasun miqayelyan

Հատվածներ Սասուն Միքայելյանի հարցազրույցից:

Պարոն Միքայելյան, դուք հարցրել էիք՝ Կոմանդոսը երբեւէ Ռոբերտ Քոչարյանին տեսե՞լ է մարտի դաշտում, որից հետո Կոմանդոսը ձեզ հեռակա հարց տվեց՝ իսկ դուք Վազգեն Սարգսյանին տեսե՞լ եք մարտի դաշտում։ Ի՞նչ կպատասխանեք։

– Այո, տեսել եմ, Երասխավանի առաջին մարտական գործողությունների ժամանակ Վազգեն Սարգսյանը ղեկավարում էր ամբողջ Երասխավանի տարածքի մարտական գործողությունները, այո, զենքը ձեռքին։

… Այդ ժամանակ մեր ղեկավարն էր Կոմանդոսը, որն այդ պահին այդտեղ չէր, մի քանի օրով կանչել էին Երեւան։ Ինչի համար եմ այս մի դրվագն այսպես մանրամասն ասում։ Ներիր ինձ, Սպարապետ, երբեւէ չէի մտածի, որ որոշ ուրացողների համար հիմա այս մանրամասները ստիպված եմ պատմել։ Վազգենը անվախ էր եւ լինելով պաշտպանության նախարար, երբեք չի խուսափել հայտնվել այն թեժ գոտում, որտեղ իր անհրաժեշտությունը կար։

Նրա այդ նույն գործելաոճը եղել է մահապարտների հետ կապված եւ նման շատ պահերի։ Ես անհարմար եմ զգում, որ հատկապես Կոմանդոսը նման բաներ է խոսում Վազգենից։ Կոմանդոսը մի քանի ամիս առաջ էլ Լեւոն Տեր-Պետրոսյանի դեմ էր խոսում, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը տեղյակ չի եղել Շուշիի ազատագրումից։ Անհարմար է նման բան խոսել։ Ո՞նց կարող էր Գերագույն գլխավոր հրամանատարը տեղյակ չլինել։ Կամ թե դուք այն ժամանակ ո՞վ էիք, որ առանց նրա գիտության նման բան անեիք կամ նման ձեւով արտահայտվեիք։

Եվ վերջիվերջո, Արկադի Իվանովիչ, դուք լավ գիտեք, թե ես ինչի համար եմ այդ հարցը տվել՝ տեսե՞լ եք Քոչարյանին՝ զենքը ձեռքին։ Չեմ ուզում փակագծերը բացել։ Ես հարցը ձեզ եմ ուղղել, ոչ թե Ֆելիքս Գգողլյանին։ Ես չեմ ժխտում, որ Ոոբերտ Քոչարյանն ունի իր լուման, բայց ոչ մարտական գործողությունների ժամանակ։

Եվ ուզում եմ հիշեցնել ձեզ, որ Արցախի ազատագրման ժամանակ հանրապետության նախագահը Լեւոն Տեր-Պետրոսյանն էր։ Ամեն անգամ դուք ինչ-որ պատվերներ եք կատարում։ Մենք եղել ենք մարտական ընկերներ, ես ձեզ հորդորում եմ, հանգիստ թողեք Վազգենին, մի մտեք այդ խաղերի մեջ։ Առանց այդ էլ այս տարիների ընթացքում, պատերազմի բովով անցած տղաներին միշտ բզկտել են, նսեմացրել են, դատել են եւ այսօր էլ ուզում են քո ձեռքով ամեն ինչ կատարել։ Արդեն այդ տղաներից բան էլ չի մնացել, ո՛չ առողջական վիճակներն է ներում, ո՛չ էլ ընդհանրապես իրենք այսօր ի վիճակի են ապրելու, հացի խնդիր է առաջ եկել այդ տղաների մոտ։ Հիմա նորից դուք հարցեր եք բարձրացնում, ուզում եք Վազգենին փնովել, մեզ իրար խառնել։ Դա երբեք չի լինի։

Եվ կուզենայի դուք էլ ասեք, Վազգենից հետո երկար տարիներ են անցել, այդ տղաները ձեզ հետ մարտական գործողությունների են մասնակցել, ի՞նչ եք արել նրանց համար, երբեւիցե ցանկացե՞լ եք համախմբել, կամ ինչ-որ հարց բարձրացնել, ընդհանուր հարցի լուծում տալ։ Եվ այս ամենով հանդերձ, նորից ուզում եք մեզ մասնատել։

Չի կարելի, հորդորում եմ, ձեոքներդ հեռու Վազգենի շիրիմից։ Դուք ձեր այս քայլով խեղաթյուրում եք մեր պատմությունն ու վնասում ապագա սերնդին։ Վերջիվերջո հայոց Սպարապետն է Վազգենը։ Մեր ապագա սերնդի գիտակցության մեջ դա պետք է մնա։ Այսինքն, մենք մեր բոլոր արժեքները կամաց-կամաց աղավաղում ենք, ոչնչացնում, ցավոք սրտի, մեր իսկ կենդանության օրոք:

Դուք ինչ-որ բանից վիրավորված եք, այն, ինչ ձեզ պիտի հասներ, միգուցե չի՞ հասել, երեւի դրանի՞ց եք այդպես վիրավորված խոսում։ Ավելի ճիշտ, ես գիտեմ դուք ինչու եք խոսում։ Որովհետեւ չեք կարող չխոսել։ Ստիպված եք խոսել։ Բայց Վազգենից հեռու մնացեք։ Դա իմ խնդրանքն է, որպես մարտական ընկերոջ։

Մենք մեծ ճանապարհ ենք միասին անցել ու շատ մտերիմ ենք եղել։ Եթե այսօր արդեն հարց է առաջացել իմ ու քո հարաբերության մեջ, որ ինչ-որ պարզաբանումներ տանք, դու գիտես, ես շատ հարցերի շուրջ շատ բան կարող եմ պարզաբանել, բայց չեմ ուզում, որովհետեւ գիտակցում եմ, որ բռնածդ ճանապարհը կեղծ է եւ սխալ, դու ուղղորդվում ես ինչ-որ մեկի կողմից, որը էլի վնաս է բերում մեր պետության եւ պետականության ամրապնդմանը։

Դու ասում ես՝ ես քաղաքական գործիչ չեմ, դիվանագետ չեմ, ես զինվորական եմ։ Եթե դու զինվորական ես, քաղաքական գործիչ չես, մնա զինվորական, մնա Կոմանդոս։ Դու այդ քայլերով ոչ թե Կոմանդոս կմնաս, կդառնաս կոմսոմոլ։ Խորհուրդ կտամ՝ հեռու մնաս, ես քեզ հարգում, գնահատում եմ քո արած գործով։

Կոմանդոսն ասում է, որ Վազգենը սխալներ է արել, որի պտուղները մենք հիմա թաղում ենք, ի՞նչ սխալների մասին է խոսքը։

– Երեւի ազատագրված տարածքների հետ է, Վազգենի սխալը դա՞ էր։ Վազգենը շատ խիստ էր։ Եթե Վազգենի խստությունը չլիներ, մենք այսքան հաջողության չէինք հասնի։ Անսխալական մարդ չկա, բայց չի կարելի այսօր Վազգենից խոսել, չի կարելի Վազգենի գերեզմանը քանդել։

Եթե դուք ինչ-որ տեղ վիրավորված եք եղել Վազգենից, դա ձեր խնդիրն է, բայց ընդհանուր արդյունքում մենք կարողացել ենք մեր համախմբվածության շնորհիվ հաղթանակ տանել։

Եվ այս հաղթանակից հետո, ես միշտ ասել եմ՝ մեր ժողովուրդը իր հաղթանակի արդյունքը չտեսավ, հաղթանակի գինը չզգաց, որովհետեւ այս տարիների ընթացքում ամեն ինչ աղավաղվեց, դասալիքներին սարքեցին հերոս, հերոսներին՝ դասալիք։ Ինքը (Կոմանդոսը- խմբ.) ասում է՝ պատմություն է կեղծվում։ Դու էլ ես կեղծում։

Լուսինե ԲԱՐՍԵՂՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Ruben says:

    («- Այո, տեսել եմ, Երասխավանի առաջին մարտական գործողությունների ժամանակ»)
    Ո՞ր ժամանակի մասին է խոսքը՝.
    -1991 թ-ի հունվարի՞,
    -1991 թ-ի օգոստոսի՞,
    -1992 թ-ի մայիսի երկրորդ կեսի՞…
    Աչքիս տեսածը, որ ասեմ՝ սուտ դուրս կգաս (հետքերս վկա):
    Պատահաբար չասես, որ Վազգեն Սարգսյանի հետ Սադարակը վարել ես առանց խոփի ու Ալիւին խանգարել կամուրջ կառուցի Արաքսի վրա:

  2. Spartak says:

    Ամո՛թ այս խոսակցությունը պատվիրողին:Խայծն արդեն գցված է, այս խմորը շա~տ ջուր կվերցնի, ու որոշ մարդիկ/նաև՝ մեր թշնամիները/ գիշերները հանգիստ կքնեն:Բանավիճելով՝ ի՞նչ ենք ուզում ապացուցել:Դու քոնն ասա, ինքը՝ իրենը:Ակամա բոլորս հայտնվում ենք Կոմանդոսի պատվիրատուի /եթե այդպիսինը կա/ ցանկության դաշտում:Վերջ տանք ու այսօրվա աչքերով նայենք իրականությանը:Փոխելու շա~տ բան կա:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031