Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԳ փոխնախարարը՝ տնօրեններին. «Միայն ամուսնանալուց եմ ինձ հակասել»

Օգոստոս 30,2013 12:22

Երևանի դպրոցների ուսուցիչների օգոստոսյան կոնֆերանսում Ստ Զորյանի անվան 56 դպրոցի տնօրեն Սուսաննա Գալստյանը խոսելով կրթության որակի ապահովման մասին՝ շեշտեց հատկապես դրան խանգարող դասագրքերի անկատարությունը: Նշեց, որ դպրոցների համար անգնահատելի են ուսուցիչների վերապատրասումն ու ատեստավորումը, չնայած ուսուցիչները հաճախ դժգոհում են նաեւ դրանց բովանդակությունից:

171 դպրոցի տնօրեն Արամ Սաֆարյանն էլ խոսեց պետության կողմից տարվող կրթական քաղաքականության եւ առկա իրականության մասին: Փաստեց, որ այսօրվա դպրոցում աշխատանքների կազմակերպումը իրականացվում է տնօրենի կողմից. տանելով կազմակերպչի դեր, տնօրենը ստիպված է համատեղել կառավարման, ֆինանսական, մարդկային, կադրային քաղաքականություն վարելու եւ այլ որակներ, սակայն, նրա խոսքով, այդ ամենը համատեղելու համար նախ հարկավոր է կատարյալ օրենք, որտեղ չլինեն իրարամերժություններ:

Սաֆարյանի կարծիքով, ուսուցիչը պետք է ծանրաբեռնված լինի առնվազն մեկ դրույքով, նաեւ պետք է ասպարեզ բացվի հանրակրթության ոլորտում գիտական հետազոտությունների համար, պետք է առաջ քաշվեն ուսուցիչներին խրախուսելու աստիճաններ: «Մեծն հեռուստատեսությունը ուսուցչին փնովելուց բացի նաեւ պետք է ներկայացնի նրա անձնվեր աշխատանքը»,-ասաց նա:

Տնօրենը շեշտեց, որ դպրոցում այսօր շարունակում է գործել զանգվածային կրթություն ապահովելու մեթոդը, փոխանակ յուրաքանչյուր երեխայի հանդեպ անհատական վերաբերմունք ցուցաբերվի: Արամ Սաֆարյանի՝ կառուցողական առաջարկներով ելույթն անընդհատ ընդմիջվում էր մանկավարժերի ողջունող ծափերով:

ԿԳ փոխնախարար Մանուկ Մկրտչյանը ժպտալով հիշեց, որ մի հավաքի ժամանակ դպրոցների տնօրեններն իրեն մի լավ խեղճացրել են, եւ այսօր շատ մեծ պատասխանատվությամբ է ելույթ ունենում: Դահլիճում նստած տնօրեններին նայելով՝ նա ասաց. «Առաջարկում եմ՝ հանդգնեք, լինեք առաջատար դպրոցներ, առաջարկում եմ դուք ինձ ղեկավարեք, առաջարկություններ արեք, եւ այդպիսով կստացվի իմ ելույթը»:

Փոխնախարարի հաջորդ առաջարկը ավելի ոգեւորեց տնօրեններին. «Այն տնօրենները, որոնք զգալիորեն ապահովել են բարձր ուսուցման որակ, նրանց հանդեպ լինել ավելի ներողամիտ, եթե ինչ-ինչ խախտումներ են եղել»:

Նա համաձայն չէ, որ կրթական գործընթացում վատ դասագիրքը վճռորոշ է: Մանուկ Մկրտչյանի ասելով՝ լավ ուսուցիչը երբեք չի նայում դասագրքերին. «Ստացվում է, որ դասագրքերին տեղ ենք տալիս վատ, գորշ ուսուցիչների համար»:

Երբ ուսուցիչները փոխնախարարի որոշ մտքերի հետ չհամաձայնեցին, Մանուկ Մկրտչյանը «ընդդիմացավ». «Քառասուն տարին մեկ է ստացվում, որ ես ինձ հակասեմ, օրինակ` դա եղել է իմ ամուսնանալուց»:

Մանուկ Մկրտչյանը տնօրեններից պահանջեց դրույքները չկիսել, ասաց, որ տնօրենների կողմից մանկավարժներին արվող նման թվացյալ բարությունը վնաս է դպրոցին: Նրա համոզմամբ, միեւնույն է կես դրույքի համար ստացվող աշխատավարձը էական չէ:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031