Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Խզմալյան. «Շուշան Պետրոսյանի համբուրվելու հմտությունը չեմ պատրաստվում մեկնաբանել»

Օգոստոս 30,2013 12:05

Այսօր «Ֆորում» ակումբում «Նախախորհրդարանի» անդամ, կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը, խոսելով քաղաքացիական շարժման մասին, ասաց. «Վերջին տարիներին մեր հասարակությունը վկա է դարձել կուսակցական քաղաքական դաշտի տապալմանը, որի վառ ապացույցն էր 2012-ը, երբ հրաժարվեցին բոլոր քաղաքական ուժերը մասնակցել նախագահական ընտրություններին: Վերջին ապացույցն էր Րաֆֆի Հովհաննիսյանի փորձը, որը սկսվեց որպես վերկուսակցական առաջնորդ, բայց ավարտեց որպես իր կուսակցության առաջնորդ»:

Տիգրան Խզմալյանը նշեց, որ մոտ օրերս շարժման ակցիաների ժամանակ ուսման վարձերի բարձրացման եւ կարմիր գծերի խնդիրներն են արծարծվելու. «Ամբողջ տարին փաստորեն անցնում է քաղաքացիական դիմադրության ներքո: Գյուղացիները՝ կարկուտից, ուսանողները՝ վարձերից, մի քանի օրից քաղաքացիներ կստանան գազի եւ մնացած թանկացումների համար վճարվելիք հաշիվները: Այդ ներքին ճնշումներին գումարվելու է նաեւ արտաքին ճնշումը»:

Aravot.am-ը հետաքրքրվեց՝ Դուք քննադատեցիք Րաֆֆի Հովհաննիսյանին՝ այսպես ասած ոչ մի բանի չհասնելու մեջ, իսկ քաղաքացիական շարժումն ո՞ւր է տանելու, ինչի՞  է հասնելու, Դուք ունե՞ք կանխատեսում՝ նա պատասխանեց. «Ես չեմ քննադատել, ասել եմ՝ նա մի կեղծված ընտրություններից անցավ մյուսին՝ ավագանու ընտրություններին:  Եթե նա մտնում է իշխող կուսակցության թելադրանքի տա եւ մասնակցում է նոր ու էլի կեղծված ընտրություններին՝ նշանակում է՝ նա հրաժարվում է ժողովրդի կողմից իրեն տրված վստահությունից: Ես քաղաքացի եմ, մարգարե չեմ, որն ասի՝ ինչն ինչով կվերջանա: Մենք ունենք այնքան հող, ինչքան կարողացանք ազատագրել: Կունենանք այնքան իրավունքներ եւ ազատություն, որքան կկարողանանք պաշտպանել»:

Նա նշեց, որ այս ընթացքում աննախադեպ մեծ թվով մարդկանց են ձերբակալել, իհարկե, հիմա մի քիչ մեղմ են եւ բաց են թողնում, բայց դա չի նշանակում, որ հետո բիրտ մեթոդներ չեն կիրառի. «Իրենք պատրաստ են դիմել ցանկացած բաների: Ֆիզիկայում կա օրենք՝ գործողությունը հակազդեցություն է ստեղծում»:

Մենք ճշտեցինք՝ այսինքն բիրտ ուժին պատասխանելու եք բիրտ ուժո՞վ, արյունն արյա՞մբ՝ նա ասաց. «Ժողովուրդն անձ չէ, եթե բիրտ ուժ կիրառվի ժողովրդի դեմ, ապա ժողովուրդն ունի բոլոր իրավունքները, մենք ոչ միայնն իրավունք, այլ պարտավորություն ունենք դիմադրել բռնապետությանը: Այն լեզուն, որով փորձում են խոսել հայ ժողովրդի դեմ՝ ստրկապետության եւ բռնապետության լեզուն է: Մենք բոլորս կդիմադրենք դրան»:

Անդրադառնալով ոստիկանի՝ ակտիվիստ աղջկա պարանոցը համբուրելու դրվագին՝ Տիգրան Խզմալյանը, դիտարկմանը, որ Շուշան Պետրոսյանն ասում է՝ համբույրի մեջ ոչ մի վատ բան չկա, ի՞նչ կա, որ համբուրել է՝ պատասխանեց. «Շուշան Պետրոսյանի համբուրվելու հմտությունը ես չեմ պատրաստվում մեկնաբանել: Դա իր անձնական ճաշակի եւ խղճի հարցն է:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031