Հատվածներ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ հարցազրույցից:
–Ինչո՞ւ այսօր առաջացավ սահմանադրական փոփոխություններ իրականացնելու անհրաժեշտություն։
-Հայաստանում 2005-ին իրականացված սահմանադրական բարեփոխումները, իհարկե, լուրջ առաջընթաց էին` համակարգային լուծումների առումով: Դրանով հանդերձ, կան մի շարք հարցեր, որոնք, կարծում եմ, ոչ ամբողջովին են լուծված։ Դա է պատճառը, որ վերստին անհրաժեշտություն է առաջացել անդրադառնալու սահմանադրությանը:
–Կարո՞ղ եք քիչ ավելի բացել փակագծերը, որո՞նք են այդ «մի շարք հարցերը»։ Դուք նաեւ ակնարկել էիք, թե կան որոշակի վտանգներ, որոնք պետք է չեզոքացնել, որպեսզի կարողանանք դիմագրավել մարտահրավերներին:
-Կխուսափեմ «վտանգներ» ձեւակերպումից, այնուհանդերձ, այո, կան բազմաթիվ մեխանիզմներ, սկսած զսպումների, հակակշիռների մեխանիզմներից, վերջացրած մարդու իրավունքների հետ առնչվող հարցեր։ Եվ այս ամբողջը ենթակա է մեկ անգամ եւս քննարկման:
Այսինքն՝ պարբերաբար անդրադարձ կատարել սահմանադրությանը, հատկապես, զարգացող երկրի համար, հույժ կարեւոր է: Մեզ միշտ հարկավոր են առավել արդյունավետ մեխանիզմներ:
–Իսկ ո՞ր փոփոխություններն եք սահմանադրության մեջ կարեւորում։ Խոսքը կառավարման համակարգի մասի՞ն է։
-Ես այսօր դեռ նպատակահարմար չեմ համարում ավելին մանրամասնել։ Կան տարբեր կարծիքներ, իսկ խնդիրը հետեւյալն է` կարծիքների բախման, քննարկման ընթացքում, երբ մենք ի հայտ կբերենք, թե արդյոք մեզ հաջողվո՞ւմ է գտնել ավելի արդյունավետ եղանակ, այդ ժամանակ էլ կարտահայտեմ իմ կարծիքը:
Ընդ որում՝ հարցը ես չէի սահմանափակի միայն կառավարման համակարգով, ի վերջո, սահմանադրությունը լուծում է հասարակական հարաբերությունների կարգավորման շատ լայն շրջանակ: Եվ կան հարցեր, որոնք առաջին հայացքից կարող են թվալ աննշան, ոչ կարեւոր, սակայն դրանք այնպիսի հարցեր են, որոնց պետք է անպայման անդրադառնալ, քանի որ դրանք մեր իրական կյանքում տարբեր խնդիրներ են առաջացնում:
Ինչ վերաբերում է կիսանախագահական ձեւից խորհրդարանական կառավարման համակարգի անցնելուն, կարծում եմ, այսօր սա ավելի շատ շահարկման նյութ է դարձել, քանի որ նման խնդիր դրված չէ: Այն, ինչ մամուլում ասել եմ, եւ ինչն էլ փորձ է արվել աղավաղել, հետեւյալն է. առաջարկությունների համար պետք է լինի լայն դաշտ, այսինքն՝ յուրաքանչյուրը պետք է հնարավորություն ունենա բարձրաձայնելու իր մոտեցումները երկրի կառավարման արդյունավետության բարձրացման վերաբերյալ:
Նախագահական հանրապետությո՞ւն, խորհրդարանակա՞ն, թե՞ խառը, սրանցից յուրաքանչյուրն ընդհանուր ուղղություն է եւ ունի իր տասնյակ տարբերակները, այդ տարբերակներն էլ իրենց հերթին ունեն ե՛ւ դրական, ե՛ւ բացասական կողմեր: Չկա մի տարբերակ, որն ունենա միմիայն դրականը կամ միայն բացասականը:
Ուրեմն հաշվի առնելով իրողությունները, պետք է անդրադառնանք բոլոր հնարավոր լուծումներին, եւ առաջին հերթին հանգենք հետեւյալ եզրակացության. արդյոք պե՞տք է փոխել գործող կառավարման համակարգը: Եթե այո, ապա ինչպե՞ս:
Արմինե ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում