«Aravot.am»–ի լրագրող Նունե Արևշատյանի, օգոստոսի 16-ին հրապարակած` «Արթիկի ԱԱԾ-ի պետը առևտրի օբյեկտ է կառուցում փողոց քանդելու և բնակիչների լույսը փակելու հաշվի՞ն» հոդվածում հնչեցված փաստերի առթիվ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունում իրականացվել է ծառայողական քննություն, որի արդյունքում պարզվել է, որ “Aravot.am” կայքում հրապարակված տվյալները չեն համապատասխանում իրականությանը:
Ըստ կայքում հրապարակված տվյալների, Արթիկ քաղաքի կենտրոնական հրապարակին հարակից Գարեգին Նժդեհ 1 շենքի բնակիչները բողոքել են իրենց շենքի հարևանությամբ իրականացվող ապօրինի շինարարության դեմ, քանի որ կառուցվող շինությունը փակում է դեպի դպրոց տանող ճանապարհը, սահմանափակում հարևան բնակելի շենքի բնակիչների լուսավորությունը, թուլացնում շենքի հիմքը: Ընդգծվում է, թե շինարարությունը իրականացվում է ՀՀ ԱԱԾ աշխատակից Արմեն Ստեփանյանի հովանավորությամբ և որ ավագանու անդամներն այդ տարածքը նրան հատկացրել են որոշակի ճնշումներից հետո:
Ծառայողական քննությամբ պարզվել է, որ խնդրո առարկա հանդիսացող շինության տարածքը, Արթիկի ավագանու որոշմամբ սեփականության իրավունքով, հասարակական նշանակության կառուցապատման նպատակով 2011 թվականին աճուրդային կարգով վաճառվել է Արթիկ քաղաքի բնակիչ, ձեռնարկատեր Պ. Ֆռանգյանին, որը նույն թվականին ստացել է կառուցապատման շինթույլտվությունը: Վերջինս ս.թ. հուլիսի 25-ին այն վաճառել է ՀՀ ԱԱԾ աշխատակից Արմեն Ստեփանյանի եղբորը` ձեռնարկատեր Կարեն Ստեփանյանին: Ակնհայտ է, որ կայքում ներկայացված տվյալները ՀՀ ԱԱԾ աշխատակից Արմեն Ստեփանյանի կողմից հողատարածքը ձեռք բերելու, իբր ավագանու անդամների վրա ճնշումներ գործադրելու և չորս անգամ մերժում ստանալուց հետո միայն հարցը կարգավորելու վերաբերյալ տվյալները բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը, քանի որ հողակտորը ձեռք է բերվել այլ անձից և ավագանու որոշման, ինչպես նաև շինթույլտվության ձևակերպման անհրաժեշտություն չի առաջացել:
Այսպիսով, ծառայողական քննության արդյունքները ցույց են տվել, որ տարածքի ձեռք բերման ու շինարարության իրականացման գործընթացներն ամբողջությամբ կապված են եղել մասնավոր կազմակերպությունների ու անհատների հետ, պետական կառույցները նվազագույն միջամտություն են ունեցել գործարքին, իսկ անհրաժեշտ ձևակերպումները կատարվել են օրենքով սահմանված կարգով և ժամկետներում: Հողատարածքի հատկացման և շինարարական աշխատանքների կատարման ընթացքում որևէ անօրինականություն չի եղել, ՀՀ ԱԱԾ աշխատակցի կողմից միջնորդությունը բացառվել է :
Վերոշարադրյալի հիման վրա, խնդրում ենք «Aravot.am» կայքում հրապարակել լրագրող Նունե Արևշատյանի ներկայացրած տեղեկատվության հերքում:
ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոն