Հայկական գամփռների լավագույն գիտակներից է Արմեն Խեչոյանը: Նա գյուղատնտեսական գիտությունների թեկնածու է, շնաբույծ-սելեկցիոներ, 2011-ին արժանացել է Անանիա Շիրակացի հուշամեդալի:Ներկայումս տնօրինում է Հայաստանի խոշորագույն ֆերմերային տնտեսություններից մեկը: Արմեն Խեչոյանին ու նրա տիկնոջը՝ Իրինային լիիրավ կարելի է համարել Հայաստանում գամփռների և Վանա կատուների պահպանման, տարածման ջատագովներ ու առաջամարտիկներ: Նրանք դեռ 1989-ին իրենց ընտանեկան ֆերմերային տնտեսությունն են հիմնել Ամասիայի նախկին վարչական շրջանի ամենահեռավոր, ներկայումս Դարիկ անունը կրող գյուղում: Այնուհետև Հայաստանի ամենահեռավոր վայրերից ձեռք են բերել այդ թվերին հատուկենտ մնացած հայկական գամփռներ և սկսել են զբաղվել ավանդական այդ շնատեսակի բուծմամբ՝ կորստից փրկելով հայկական գամփռին: Նրանց ավելի քան հայտնի գամփռներին տեսնելու նպատակով մենք նախորդ շաբաթ այցելեցինք սահմանամերձ այդ փոքրիկ գյուղը և ականատես եղանք, առանց չափազանցության, եվրոպական չափանիշերին գրեթե ոչնչով չզիջող մի հսկա և հոյակապ ֆերմերային տնտեսության: «Շիրակ կենտրոնի» պատրաստած այս տեսանյութում Արմեն Խեչոյանը պատմում է գամփռ շնատեսակի առավելությունների, գամփռին պետական մակարդակով որպես հայկական շնատեսակ ընդունելու անհրաժեշտության, դրա բազմացման և հատկապես անասնապահական մարզերում ոչխարների հոտերը շների միջոցով գայլերից պաշտպանելու կարևորության ու խնդիրների մասին:
Առավել մանրամասն՝ տեսանյութում: