Լրահոս
Օրվա լրահոսը

Էդվարդ Ներսիսյան. «Որ Վազգեն Սարգսյանը ողջ լիներ…»

Օգոստոս 30,2013 10:56

Օգոստոսի 29-ին կայացավ ազատամարտիկների հերթական հանրահավաքը: «Առավոտը» զրուցեց Տիգրան Մեծ աշխարհազորային գնդի մարտիկ Էդվարդ Ներսիսյանի հետ:

Ի՞նչ ակնկալիքներ ունեք այս հավաքներից:

-Ես մեր հավաքներից ակնկալում եմ շատ գեղեցկություն…հայ ազգի քնած ոգու զարթոնքն եմ նկատում: Իր կորցրած հույսի, ապավենի զարթոնքն եմ նկատում: Մեր ազգը սուրբ ազգ է եղել. դարեդար պայքարել ենք քրիստոնեության համար, մեր անկախության, մեր պատվի համար: Ու այսօր նույն պատերազմը թեկուզ առանց զենքի, բայց մենք անպայման պայքարի մեջ ենք լինելու այնքան ժամանակ մինչև հայ ոգին չվերադառնա. հայը պիտի ապրի իր հայրենիքում: Մեր պայքարը դրա համար է:

Մարդկանց աջակցությունը զգու՞մ եք:

-Շատ տեղին հարց էր: Մի հատ շրջվեք` տեսեք, թե մարդկանց աջակցությունը ոնց է ավելանում օրեցօր, ժամեժամ: Ու ես հպարտանում եմ իմ ազգով, որ իմ ազգը նորից կանգնել է ոտքի ու իր արդարությունն է պահանջում, իր մաքրության կռիվն է տանում: Եվ ոչ մի ուժ չի կարող այդ ոգին շեղել: Մենք` ազատամարտիկներով առաջին գծում կլինենք, 20 տարի առաջ ենք եղել, հիմա էլ կլինենք, ու մենք պարտադիր պիտի հաղթենք այս կռիվը:

Հանուն ինչի՞ է ձեր կռիվը:

-Հայկական պատվի խնդրի կռիվը: Սա չհայտարարված պատերազմ է, որ հազար ձևի թյուրիմաստ բաներից մաքրազերծվենք`աղանդներից և այլն: Կուսակցություններն էլ իրենց քայքայիչ դերակատարությունն ունեցան:

Կուսակցություններից աջակցություն ստանու՞մ եք:

-Բոլոր կուսակցություններին հրավիրել ենք: Մենք ոչ ոքի չենք վանում մեզանից, սակայն նրանք կգան այստեղ առանց կուսակցական տոմսերի, առանց կուսակցական գաղափարների: Իրենք թող գան ներկայանան որպես հայ ժողովուրդ`հայ մաքուր հոգեբանությամբ:

Կոնկրետ մեկ բան կա՞, որ բոլոր ազատամարտիկները պահանջում են:

-Ամբողջ ֆիդայությունը հիմա ես ինչը որ շեշտում եմ, դա են ուզում: Մենք 20 տարի առաջ պայքարել ենք թուրքի դեմ, բայց հիմա մենք պայքարում ենք մեր անկախ Հայաստանում մաքրությունը պաշտպանելու համար: Արտագաղթի դեմ ենք պայքարում, պայքարում ենք գենդերային օրենքների դեմ ենք պայքարում, ամեն սխալ հասկացողության դեմ, պայքարում ենք, որ հայը ապրի իր հայրենիքում…որ ամեն մեկն ունենա իր արժանապատիվ տեղը, հանգիստ հոգով նայի իր երեխաների աչքերին ու անտեսված չլինի: Այ դրա համար ենք պայքարում:

Թոշակների համար հիմա բողոքու՞մ եք:

-Երևակայեք էդ թոշակների հարցը այսօր էդքան մեզ չի հետաքրքրում, ինչքան որ հետաքրքրում է մեզ մեր պատիվը, մեր հարգանքը, ժողովրդի վիճակը, ժողովրդի հարգանքը: Իսկ երբ ժողովուրդը ստիպված արտագաղթում է, ես այդտեղ ոչ հարգանք եմ նկատում, ոչ էլ պատվի մասին կարող է խոսք լինել: Իշխանությունները եթե հարգեն ժողովրդին, նրանք էլ կհարգեն իրենց իշխանությանը: Բայց երբ իշխանությունը շատ բացասական է ընդունում ժողովրդի տենդենցները, որ կատարվում են ու չի ուզում նկատած լինի, դա շատ բացասական ազդեցություն է ունենում ամբողջ ազգի համար, և բացի այդ իրենց պատիվն էլ է այդտեղ շոշափվում:

Դուք ֆիդայի՞ եք:

-Այո, սովորական հայկական ֆիդայի: Ֆիդայիները «ամենամաքուր, ընտրյալ տղերքն են հայ ազգի մեջի: Սարգսյան Վազգենը մեզ երկու բառով դա արտահայտում էր` ասում էր ֆիդայությունը դա ազգի սերուցքն է: Մեծ հարգանքով եմ հիշում նրան, երբեք չենք մոռանա նրա արածները: Համենայնդեպս այսօր առանց նրա մենք դուրս ենք եկել պայքարի, մենք կպայքարենք բոլոր ուժերի դեմ, որոնք հակադարձ կլինեն մեր հայ ժողովրդի համար:

Եթե Վազգեն Սարգսյանը ողջ լիներ, ինչ եք կարծում ի՞նչպիսին իրավիճակ կլիներ:

-Որ Վազգեն Սարգսյանը ողջ լիներ, իմ կարծիքով այսպիսի խեղկատակություններ չէին լինի, ներքին օղակները շատ սանձարձակ են գործում: Այս մարդիկ, որ հավաքվել են, բոլորն էլ պատիվ են ուզում` ուզում են իրենց երկրի մեջ արժանավայել ապրեն: Ու մենք կպայքարենք մինչև վերջ:

 

Բավական ԱՓԻՑԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Իմ ընտանիքում միշտ իմ երեխաների կողմից այս հարցն են ինձ տալիս` եթե մեր հայրը զոհված չլիներ մեր վիճակն ինչպիսին կլիներ : Ես միշտ ասում եմ փառք աստծոն սուսարեք յոլա գնանք,ինչ կա կա,մենակ թե աշխարհում խաղաղություն լինի…. դե ասում են ապրանքին տերը վրա, երեխաներին էլ հայրը … բոլորն էլ ուզում են արժանավայել ապրեն, դա մեր ազգի պայքարն էր,ու պետք է մինչև վերջ տարվի այդ գործը: Ես կուզենայի շատ շատ գրել բայց ներվերս չի հերիքում այս անարդարություններին,մինչև հիմա իմ կարծիքով մի բան ենք հաղթել,որ ազերիներին դուրս ենք շպրտել մեր հողերից,բայց ներսում թշնամիներ դեռ շատ կան

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031