Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԱՑԱԿԱ ԺԱՄԱՆԱԿ

Օգոստոս 30,2013 10:25

Արմեն ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

ԳԻՐՔ ՏԱՍՆՎԵՑԵՐՈՐԴ

Գլուխ տասնյոթերորդ

ԲԱՑԱԿԱ ԺԱՄԱՆԱԿ

Եվ Հայկունին մի քիչ մտածեց ու միանգամայն լուրջ տոնով ասաց՝ «Մարկեսը տասնութուկես ա», եւ Ջավախյանն ինքնագոհ ժպտալով Աբոյին ասաց՝ «դրա համար եմ զարմանում, որ ինձ տասնիննուկես ա նշանակել», եւ Աբոն մի քիչ մտածեց ու փռթկացնելով Ջավախյանին ասաց՝ «որովհետեւ քո գրածներն ավելի ենթագիտակցական են, քան՝ Մարկեսինը», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու Աբոյին հարցրեց՝ «ենթագիտակցականը ո՞րն ա», եւ Աբոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «էն՝ որ մեջը  գիտակցություն չկա» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «էն՝ որ մեջը ոչ մի միտք չկա», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու Աբոյին հարցրեց՝ «իմ էդ գրածի մեջ միտք չկա՞ր», եւ Աբոն մի քիչ մտածեց ու փռթկացնելով ասաց՝ «եթե էդ գրածիդ մեջ միտք ըլներ, դժվար թե Հայկունն էդքան բարձր գնահատեր», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ասաց՝ «չհասկացա» եւ մի քիչ էլ մտածեց ու Աբոյին հարցրեց՝ «այսինքն, իմ գրածների մեջ միտք չկա՞», եւ Օրթախ Աբոն մի քիչ  մտածեց ու ժպտալով Ջավախյանին հարցրեց՝ «Հայկունը սաղ գրածներդ հավանում ա՞», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ասաց՝ «վայթե ամենից շատ էս մինն ա հավանել» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «ամենից շատ էս մնի հաշվով ա գովացել», եւ Աբոն ծիծաղելով ասաց՝ «ուրեմն՝ ամենից քիչ միտք էդ  մնի մեջ ա էղել», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու Հայկունուն հարցրեց՝ «ադա, էս քեզ ա ձեռ առնո՞ւմ, թե՝ ինձ», եւ Հայկունին ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «քեզ» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «էդ պատմվածքը հո ե՞ս չեմ գրել, որ ինձ ձեռ առնի», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու Հայկունուն ասաց՝ «բայց դու ես էդ պատմվածքը տասնիննուկես գնահատել», եւ Աբոն փռթկացնելով Ջավախյանին ասաց՝ «որովհետեւ էդ պատմվածքդ սավսեմ ենթագիտակցական ա» եւ մի քիչ մտածեց ու փռթկացնելով ավելացրեց՝ «մեջը մի գրամ գիտակցություն չկա», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու Աբոյին ասաց՝ «որ ճիշտն ուզում ես իմանաս, էդ մինը հեչ պատմվածք էլ չի», եւ Աբոն ժպտալով հարցրեց՝ «բա ի՞նչ ա», եւ Ջավախյանը բավական երկար մտածեց ու ասաց՝ «վայթե էսսե ա», եւ Աբոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «էսսե ա, դրա համար էլ Հայկունն էդքան հավանել ա» եւ մի քիչ էլ մտածեց ու փռթկացնելով ավելացրեց՝ «որ սովորական պատմվածք ըլներ, դժվար թե Հայկունն էդքան հավաներ», եւ Հայկունին ժպտալով ասաց՝ «ես նույնիսկ չգիտեմ՝ էդ էսսե կոչվածն ինչ բան ա», եւ Ջավախյանը փռթկացնելով Հայկունուն ասաց՝ «գիտես թե՝ ե՞ս գիտեմ», եւ Արիկը  հարցրեց՝ «էսսեն ինչո՞վ ա սովորական պատմվածքից տարբերվում», եւ Աբոն փռթկացնելով ասաց՝ «էսսեն մի քիչ ավելի ենթագիտակցական ա, քան սովորական պատմվածքը», եւ Անանիան ասաց՝ «էսսեն պատմվածքի ու հոդվածի խառնուրդն ա» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «որ գրածդ ոչ պատմվածք ա դառնում ու ոչ էլ հոդված, անունը դնում ես էսսե», եւ Աբոն փռթկացնելով ասաց՝ «բայց ենթագիտակցության հանգամանքը պարտադիր ա», եւ Անանիան մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «էդ էսսե որ ասում են՝ ծերից ծեր  ենթագիտակցություն ա», եւ Հայկունին արհամարհական նայեց Անանիային ու հարցրեց՝ «որ ըտենց խելոք-խելոք խոսում ես, գոնե գիտե՞ս՝ ենթագիտակցությունն ինչ բան ա» եւ Անանիան մի քիչ մտածեց ու քմծիծաղով ասաց՝ «ես մենակ էն գիտեմ, որ էսքան լուրջ մարդկանցով հավաքվել՝ անլուրջ  ու խուրդա բաներից ենք խոսում», եւ Արիկն արհամարհական նայեց Անանիային ու հարցրեց՝ «ե՞րբ էդքան աճեցիր, որ Նոբելյան մրցանակն անլուրջ բան ես համարում», եւ Ջավախյանն արհամարհական նախ Անանիային նայեց, հետո նայեց Արիկին ու ասաց՝ «աղվեսի դունչը խաղողին չհասավ, ասեց խակ ա», եւ Անանիան առանց Ջավախյանին նայելու՝ Արիկին ասաց՝ «ես Նոբելյան մրցանակի մասին անլուրջ խոսակցություններն եմ անլուրջ բան համարում», եւ Բարդուղը, որ ահագին ժամանակ լուռ էր, արտահայտվեց ու ասաց՝ «ես Անանիայի հետ համաձայն եմ», եւ Ջավախյանը զարմացած նայեց Բարդուղին ու հարցրեց՝ «ի՞նչ  իմաստով ես համաձայն», եւ Բարդուղը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ինչքան էլ Նոբելյան մրցանակից խոսաք, մեկ ա՝ հայերին Նոբելյան չի հասնում» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «քանի դեռ Նոբելյան մրցանակի հարցերը հրեաներն են որոշում, հայերը Նոբելյան մրցանակի էրես չեն տենա» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «ընենց որ՝ Անանիան շատ ճիշտ ա ասում», եւ Ջավախյանը հարցրեց՝ «ի՞նչն ա ճիշտ ասում», եւ Բարդուղը ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «ձեր էդ Նոբելյանից խոսալն իրոք անլուրջ բան ա», եւ Հայկունին ժպտալով Բարդուղին հարցրեց՝ «եթե հայերին գրականության գծով Նոբելյան հասներ, կարա՞ս ասես            ՝ կոնկուրենցիան ում միջեւ կգնար», եւ Բարդուղը ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «Ջավախյանի»,  եւ Հայկունին հարցրեց՝ «Ջավախյանի ու ո՞ւմ միջեւ», եւ Բարդուղը  ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «Ջավախյանի ու Լեւոնի», եւ Հայկունին զարմացած հարցրեց՝ «ո՞ր Լեւոնի», եւ Բարդուղը փռթկացնելով պատասխանեց ու ասաց՝ «Ջավախյան Լեւոնի», եւ  Հայկունին ժպտալով ասաց՝ «եթե հայերին գրականության գծով Նոբելյան հասներ, հիմնական պայքարը Ջավախյանի ու Անանիայի մեջ կգնար», եւ Ջավախյանը զարմացած նայեց Հայկունուն ու ասաց՝ «այ անխիղճ, գոնե Արմոյին ասեիր», եւ Հայկունին հարցրեց՝ «ո՞ր Արմոյին», եւ Ջավախյանը պատասխանեց ու ասաց՝ «Շեկոյան» եւ մի քիչ մտածեց ու արհամարհական ժպտալով ավելացրեց՝ «ախր Անանիան սավսեմ սկսնակ ա», եւ Ջոնը Ջավախյանին ասաց՝ «լավ ա գոնե՝ Արմենին համաձայն ես»,եւ Օրթախը ժպտալով ասաց՝ «Արմենին համաձայն ա, բայց՝ բանաստեղծության գծով», եւ Հայկունին ժպտալով Ջավախյանին ասաց՝ «արի կըլնի՝ Անանիային էլ բանաստեղծության գծով համաձայնվի», եւ Անանիան նեղսրտելով Հայկունուն ասաց՝ «հետո որ ասում եմ՝ անլուրջ բաներ ենք խոսում, նեղանում եք», եւ Աբոն ժպտալով  ասաց՝ «քաղաքականությունից բացի ինչ խոսանք, Անանիայի  համար անլուրջ ա», եւ Անանիան մի քիչ  մտածեց ու թախծոտ ժպտալով ասաց՝ «ցավն էն ա, որ քաղաքականությունից էլ ենք անլուրջ խոսում» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «եթե դու քաղաքականությամբ չզբաղվես, մեկ ա՝ քաղաքականությունն ա քեզնով զբաղվելու», եւ Արիկը ժպտալով Անանիային ասաց՝ «լա՜վ ասեցիր», եւ Ջավախյանը փռթկացնելով Անանիային հարցրեց՝ «այտա, էդ դու ե՞ս գրել», եւ Անանիան արհամարհական նայեց Ջավախյանին ու ասաց՝ «էդ քո խելքի բանը չի», եւ Ջավախյանը ժպտալով Անանիային հարցրեց՝ «բա իմ խելքի բանը ո՞րն ա», եւ Անանիան քամահրանքով պատասխանեց ու ասաց՝ «Նոբելյան մրցանակը», եւ Հայկունին փռթկացնելով ասաց՝ «որ ասում եմ կոնկուրենտ են, չեք հավատում», եւ Բարդուղը ժպտալով Հայկունուն ասաց՝ «ինչքան էլ իրար միս ուտեն, մեկ ա՝ մեզ Նոբելյան տվող չկա», եւ Ջավախյանը ժպտալով Բարդուղին ասաց՝ «ձեր մաթեմատիկներին էն գլխից Նոբելյան չի հասնում», եւ Բարդուղը Ջավախյանին ասաց՝ «քեզ հազար եմ ասել, որ ես ոչ թե մաթեմատիկ եմ, այլ՝ ֆիզիկ», եւ Ջավախյանը փռթկացնելով հարցրեց՝ «դրանք նույնը չե՞ն», եւ Բարդուղն արհամարհական նայեց Ջավախյանին ու ասաց՝ «արձակագիրներն ու բանաստեղծներն են նույնը», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու Արիկին հարցրեց՝ «մեջներիցս ո՞վ ա մաթեմատիկ», եւ Արիկը պատասխանեց ու ասաց՝ «ես, Ջոնն ու Հայկունը», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու փռթկացնելով ասաց՝ «Ջոնը ոչ թե մաթեմատիկ ա, այլ՝ ամենագետ», եւ Ջոնը թարս նայեց Ջավախյանին ու ոչինչ չասաց, եւ Արիկը ժպտալով Ջավախյանին ասաց՝ «ինքը համ մաթեմատիկ ա, համ էլ՝ ամենագետ», եւ Ջավախյանը փռթկացնելով ասաց՝ «փաստորեն, ամենագետ մաթեմատիկ ա», եւ Ջոնը նորից թարս նայեց Ջավախյանին ու ոչինչ չասաց, եւ Ջավախյանն Արիկին ասաց՝ «մաթեմատիկներիդ էն գլխից Նոբելյան չի հասնում», եւ Արիկը մի քիչ մտածեց ու ասաց՝ «դրա համար էլ մեջներս  իրար հանդեպ թշնամություն ու նախանձություն չկա» եւ մի քիչ էլ մտածեց  ու ժպտալով Ջավախյանին հարցրեց՝ «էսքան վախտ տեսել ե՞ս, որ մաթեմատիկներս իրար բամբասենք», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ժպտալով Արիկին ասաց՝ «փաստորեն, էդ ոչ թե ձեր շնորհքն ա, այլ՝ Նոբելի» եւ մի քիչ էլ մտածեց ու փռթկացնելով ավելացրեց՝ «ձեր բախտը բերել ա, որ Նոբելի կնկա սիրածը մաթեմատիկ ա էղել» եւ մի քիչ էլ մտածեց ու ծիծաղելով ավելացրեց՝ «թե չէ՝ գրողներիցս բեթար իրար կբամբասեիք» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ասաց՝ «չնայած՝ ըսենց էլ եք իրար բամբասում», եւ Արիկը զարմացած հարցրեց՝ «ումի՞ց ենք բամբասում», եւ Ջավախյանը պատասխանեց ու ասաց՝ «իրարից», եւ Արիկը զարմացած հարցրեց՝ «ե՞րբ ենք իրարից բամբասել», եւ Ջավախյանը փռթկացնելով պատասխանեց ու ասաց՝ «բացակա ժամանակ» եւ մի քիչ մտածեց ու փռթկացնելով հարցրեց՝ «կարող ա՞ քո ներկայությամբ քեզնից բամբասեն», եւ Արիկը ժպտալով Ջավախյանին հարցրեց՝ «բացակայությանս ժամանակ ինձնից բամբասում ե՞ք», եւ Ջավախյանը ժպտալով Արիկին ասաց՝ «որ ասեմ չէ, կհավատա՞ս»:

 

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել