Այն, որ Ուկրաինայում հայկական եկեղեցիները և պաշտամունքային շինությունները տեղի հայ համայնքի առաջարկով կարող են ներառվել երկրի էքսկուրսիոն ծրագրերում, ինձ ուրախացնում է, «Անալիտիկա» լրատվականին ասել է Ուկրաինայի վերլուծության և քաղաքականության մենեջմենթի ինստիտուտի տնօրեն, Ուկրաինայի արտգործնախարարության հանրային խորհրդի նախագահի տեղակալ Ռուսլան Բորտնիկը` ավելացնելով, որ այդպիսով ուկրաինական պատմության և մշակույթի նոր հորիզոններ կբացվեն զբոսաշրջիկների և մշակույթը գնահատողների համար:
«Ուկրաինական և հայկական մշակույթները արդեն ավելի քան հազար տարի է զարգանում են արդյունավետ համագործակցությամբ: Ուկրաինայում առաջին հայերը հայտնվել են դեռ Կիևյան Ռուսիայի ժամանակ` երկիրն օտար զավթիչներից պաշտպանելու համար: Հայ մարտիկները դեռ 11-րդ դարում մասնակցել են կիևյան կնյազների լեհերի և պոլովցիների դեմ ճակատամարտին», – ասել է Բորտնիկը` նշելով, որ բացի ռազմիկներից Ուկրաինա են գնացել նաև հայ ճարտարապետներ, բժիշկներ, նկարիչներ, հոգևորականներ, որոնք Ուկրաինայում խիստ հարուստ մշակութային ժառանգություն են թողել:
«Վառ օրինակ է Կամենեց-Պոդոլսկու Աստվածածնի հրաշագեղ սրբապատկերը, որի առջև խոնարհվում էին քաղաքի երեք քրիստոնյա հոտերը` հայերը, ուկրաինացիները և լեհերը: Ի դեպ, Աստվածածնի սրբապատկերը որոշ ժամանակ պահվել է Լվովի Սուրբ Աստվածածնի վերափոխման հայկական տաճարում, որի 650 ամյակը կլինի այս տարի»:
Բորտնիկը ցավ է հայտնել, որ այդ ժառանգության մեծ մասը հիմա վերանորոգման կամ վերականգնման կարիք ունի:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ