Փոլ Կարմիրյանը դուրս է մնացել «Պարիր, թե կարող ես» ծրագրի ամերիկյան տարբերակի հետագա պայքարից: Հայտնում է «Գլենդեյլ նյուզ փրես» թերթը:
Կարմիրյանը մտել էր լավագույն վեցյակի մեջ, սակայն հանդիսատեսի քվեարկության արդյունքում նա չկարողացավ անցնել լավագույն քառյակ:
«Շատ անկանխատեսելի է», – ասել է Կարմիրյան չորեքշաբթի տված մամուլի ասուլիսի ժամանակ` ավելացնելով, որ թեպետ չհասավ եզրափակիչ, սակայն ոչ մի բան չէր փոխի:
«Իհարկե, բոլորի նպատակն է եզրափակիչ հասնելն ու մինչև վերջ գնալը», – ասել է նա, – «Վերհիշելով Լոս Անջելեսից ամբողջ անցածս ճանապարհը` պարզապես հրաշալի է: Ես չեմ զղջում»:
Կարդացեք նաև
22-ամյա պարողը 2011թ. հաղթել է «Պարիր, թե կարող ես» նախագծի հայկական տարբերակում: Համեմատելով ամերիկյան և հայկական տարբերակները Կարմիրյանն ասել է, որ նրանք նույն նախագծերն էին, տարբերությունը միայն մասշտաբների մեջ էր:
Կարմիրյանը ծրագրում է պարել և’ հեռուստատեսությունում, և’ դրանից դուրս: Նա հույս ունի մասնակցել «Էյ Բի Սի» հեռուստաընկերության «Պարիր աստղերի հետ» նախագծին:
«Սա ամենևին վերջը չէ, սա ընդամենը սկիզբն է», – ասել է նա:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ