Լրահոս
Օրվա լրահոսը

Լևոն Բարսեղյան. «Կարծում էի՝ կհայտարարեն, որ ոստիկանը վաղուց սիրել է ցուցարար աղջկան և դա անպատասխան սեր է եղել»

Օգոստոս 29,2013 19:14

Aravot.am-ը Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանին խնդրեց գնահատել այն սերժանտի  արարքը, ով  համբուրել էր ակտիվիստ  աղջկա պարանոցը:

«Ես անկեղծ ասած նայել եմ այդ կադրերը, վստահ չեմ, որ դա իրականում սեռական ոտնձգություն է, բայց ասեմ, որ շատ-շատ նման է դրան: Ես ոստիկանների պաշտպանը երբեք չեմ, մանավանդ միլիցոնց, բայց շատ է հավանականությունը մեծ, որ դա սեռական ոտնձգություն է, անգամ եթե սեռական ոտնձգություն էլ չէ, ինչ-որ  անհասկանալի և ակնհայտորեն  անօրինական վարք է. էդ ձևով մարդուն փորձել բռնել, թեկուզ տղամարդուն, թեկուզև կնոջը… Ի՞նչ է սա,  վնասազերծո՞ւմ ես դու այդպիսով, ի՞նչ է անում այդ աղջիկը, ցուցարար աղջիկ է, բռնելու ձև կա վերջիվերջո, չեմ ուզում բացատրեմ` ինչպես կարելի էր բռնել, բայց հաստատ  դա այն եղանակը չէր, որով աղջկան պետք է բերման ենթարկեին: Օսիպյանի մեկնաբանությունը այն է, որ ուսադիրներն է փորձել ուղղել ոստիկանը, ես էլ արդեն մեկնաբանել եմ ֆեյսբուքում` ինչպես էր փորձում, հո աղջկա կրծքի վրա չէ՞ր գտնվում իր  ուսադիրները, բռնել էր կրծքից`թևատակով խառը, կամ էդ ոստիկանին իսկապես թվացել է, որ իր ուսադիրները գտնվում են ցուցարարի կրծքի վրա: Մենք գիտեինք, թե սեքսուալ մանյակի մասին է խոսքը, մոլագարի, բայց պարզվում է, որ ընդհանրապես հալյուցինացիաներ ունեցող մարդու մասին է, լավ է մտքով չի անցել, որ իր ուսադիրները գտնվում են ինչ-որ ցուցարարի, տղամարդու գրպանում կամ ծնկների մոտակայքում: Պատկերացնո՞ւմ եք` սկսեր հանկարծ  այնտեղ որոնել իր ուսադիրները ոստիկանը, խայտառակ պատմություններ կլինեին… Կարծում էի,  որ կհաղորդեն, որ դա անպատասխան սեր է եղել, ասենք վաղուց սիրել է այդ աղջկան և հիմա որոշել է այդ պահին, այդտեղ խոստովանել, ինչ-որ կարոտով լեցուն, բան…բայց ոստիկանությունը մնաց իր անհեթեթ ամպլուայի մեջ  և ինչ-որ անհեթեթ բաներ է ասում: Ասում են` ուսումնասիրում ենք այդ տեսագրությունը, իսկ Օսիպյանի ասածն այն է , որ   ուսադիրներն է ուզեցել ուղղել, բայց կադրում նման բան չկա», -ասաց մեր զրուցակիցը:

Լևոն Բարսեղյանի բնութագրմամբ, ոստիկանների վայրենի վերաբերմունքը քաղաքացիների նկատմամբ նորություն չէ: «Հիշեք մարտի 1-ը 2008 թվականի, ի՞նչ է` էնտեղ եղբայրական վերաբերմո՞ւնք էր, բոլորովին: Մարտի 1-ի առավոտ կանուխ Ազատության հրապարակում այդպես էլ չիմացանք, ովքեր էին ոստիկաններ, ովքեր էին ոչ ոստիկաններ`դիմակներով, չգիտեմ ինչերով: Մարտի 1-ի ցերեկը ես գիտեմ, որ մարզերից տարել են լիքը շարքային, թույլ տվեք ասել անշառ ոստիկանների, հագցրել են զրահաբաճկոնը, վահան են տվել ձեռքը, դագանակ և սաղավարտ և քշել են առաջին գիծ, թե կանգնեք ցուցարարների դիմաց: Բնականաբար, նրանք չեն եղել կրակող,  ցուցարարներին սպանողները, «Չերյոմուխա 7» օգտագործողները արդեն հայտնի են` ովքեր են եղել, ակնհայտորեն հատուկ միջոցների կիրառումը ոստիկանների ձեռքի գործն է: Եվ պարբերաբար այդ սրացումները մենք նկատում ենք, ինչ-որ քաղաքական, հասարակական սրացում է լինում, կամ պապան տանը չի լինում, ասենք պապան գնացել է,  տունը բարդակ է, ով ինչպես հասկանում է, փորձում է հասարակական հուզումները կառավարել էլի, էս տպավորությունն էլ կա», -ասաց Լևոն Բարսեղյանը:

Aravot.am-ի այն դիտարկմանը, թե ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը հրեշտակների  է ծառայության ընդունում, սակայն մյուս կողմից մենք հայհոյանքներ տվող ոստիկանների ենք հանդիպում, Լևոն Բարսեղյանը  կատակեց` ասելով. «Անունն է հրեշտակ, հրեշտակապետին էլ պիտի հարցվի: Անկեղծ ասեմ, ինձ լրջորեն ոչ մի հավատ  չի ներշնչում, ես ոչ թե ատում եմ այդ համակարգը, շատ ծիծաղելի, ողբալի վիճակում գտնվող, ավտորիտար ռեժիմը սպասարկող ենթակառույց է սա, սա հասարակական կարգը պահպանելու ենթակառույց չէ: Իրենք պատրաստ են պահպանել հասարակական կարգը այնքանով , որքանով  որ  ռիսկ չեն տեսնում իրենց ռեժիմի դեմ: Հենց զգացվում է էդ ռիսկը, հասարակական կարգի պահպանությունը անցնում է երկրորդ պլան: Ես, որ քննադատում եմ, տպավորություն է  ստեղծվում, թե ես ամբողջ ոստիկանական համակարգն եմ քննադատում, էդպես չէ: Ինձ համար երեք խմբի են ոստիկանները.մի մասը նրանք են, որոնք ականջները կախ, գլուխները կախ իրենց գործին են և իսկապես հանցագործ են բռնում, գող, ավազակ, չեք էլ իմանում նրանց մասին, անցնում են տարիներ, հանգամանքների բերումով եղել է,  իմացել եմ, որ էս մարդը համեստ, կյանքում մտքովս չէր անցել, թե  էս ինչ ոստիկանը խելոք իրա գործին է եղել, էսքան բան է բացահայտել, ձեռնամարտի վարպետ է, էսքան մարդու է բան սովորեցրել կամ գրասենյակային աշխատանքի են, չենք իմացել, ձեները չի ելել էդ մարդկանց: Մյուս խումբը ճանապարհային ոստիկաններն են, որոնք անհամեմատ հրեշտակ են` համեմատած էս արարածների հետ, որոնք գործում են վայրենի եղանակներով: Առաջին երկու խումբը երբեք չեն ներգրավվում էս տեսակ այլանդակ միջոցառումների մեջ, գուցե թե ներգրավվում էլ են, չենք իմանում, բայց իրենք մնում են անհամեմատ զուսպ: Չեն ասի` չենք գալիս մենք Երևան, որովհետև կբռնեն, գործից կհանեն: Իսկ երրորդ խումբը, որոնց ես կոչում եմ միլիցեք, մենթեր, համարում եմ, որ մարդիկ են, որոնք որ ոստիկանական համազգեստ են կրում, ոստիկան չեն, ոստիկան ես իրավապահ եմ հասկանում, բայց եթե վարչության պետի տեղակալ, փոխգնդապետը մարդու մեքենայի վրայից բանալիները հանում ու թռնում է, էդ մարդուն ես ո՞նց ոստիկան համարեմ, միլիցա են: Միլիցոնց մի խումբ կա, որը համարում է` ինչ դուրս եկավ իր բերանից, դա օրինական հրաման է, որովհետև ինքը պագոնավոր է, և այսպիսինները պնդում են, ասում են`ոստիկանության օրինական հրամանը չեք կատարել: Այ ընկեր, ո՞վ ասաց, որ ինչ, որ դու ասացիր, դա օրինական է, որտե՞ղ է գրված, որ դա օրինական է », -հարցնում է Լևոն Բարսեղյանը:

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031