-Պարոն Հայրապետյան, սեպտեմբերի 1-ից Սյունիքի թիվ 38 ընտրատարածքում մեկնարկելու է գրանցված պատգամավորի թեկնածուների քարոզարշավը: Դուք ինչպե՞ս եք պատրաստվում քարոզարշավին, որտեղի՞ց եք սկսելու քարոզարշավը եւ ի՞նչ ձեւաչափով եք անցկացնելու այն:
-Քարոզարշավը սկսելու եմ հենց սեպտեմբերի 1-ից: Այդ օրը Կապանի մշակույթի կենտրոնի հրապարակում կեսօրին մի փոքրիկ հանդիպում եմ ունենալու Կապանի բնակիչների հետ, ինձ ներկայացնելու են ընտրողներին:
– Միայն Կապանո՞ւմ եք անցկացնելու քարոզարշավը, թե նախատեսում եք այցելել նաեւ Կապանի եւ Մեղրու տարածաշրջանների մյուս բնակավայրեր:
-Բոլոր տեղերում լինելու եմ, գյուղ առ գյուղ գնալու եմ, փողոց առ փողոց մտնելու եմ:
Կարդացեք նաև
-Մենա՞կ եք անցկացնելու քարոզարշավը, թե՞ մայրաքաղաքից աջակցության կգան Ձեր կուսակից ընկերները:
-Չէ, մենակ չեմ լինելու, Երեւանից մեծ խումբ է գալու: Սեպտեմբերի 1-ին կայանալիք հանդիպմանը մասնակցելու են նաեւ Զարուհի Փոստանջյանը եւ մեր կուսակցությունից այլ ներկայացուցիչներ:
-Պարոն Հայրապետյան դեռ հավանակա՞ն եք համարում Ձեր ընտրվելու հնարավորությունը:
-Հա, բայց խի՞ չպիտի տենց համարեմ: «Ժառանգությունը» նախագահական ընտրություններին շատ ձայն է հավաքել էստեղ:
-Կապանում շատերն ասում են, որ այլեւս կորցրել են վստահությունը Րաֆֆի Հովհաննիսյանի եւ «Ժառանգություն» կուսակցության հանդեպ: Այս պարագայում ե՞ւս մեծ եք համարում Ձեր ընտրվելու շանսը:
-Այո, դե կտեսնեք մեկ շաբաթ հետո ինչ է կատարվելու:
–Իսկ ի՞նչ է կատարվելու:
-Քարոզչության արդյունքում լիքը մարդ ինձ հավատալու է ու շատ ձայներ եմ հավաքելու ընտրության օրը: Մյուս հարցերին կպատասխանեմ հետո, կներեք, այս պահին շատ զբաղված եմ:
Առաջիկայում պատգամավորի մյուս երկու թեկնածուներից նույնպես կհետաքրքրվենք, թե ինչ ծրագրեր ունեն քարոզարշավի հետ կախված: Թեեւ պատգամավորի թեկնածու, անկուսակցական Վահրամ Հովհաննիսյանի հետ արդեն քանի օր է չի հաջողվում կապ հաստատել, նա մեր բազմաթիվ հեռախոսազանգերն անպատասխան է թողնում, շատ դեպքերում էլ, նույնիսկ անջատում է հեռախոսը:
Մեր տեղեկություններով՝ վերջինս ընտրություններին մասնակցելու լուրջ մտադրություն չունի եւ «ձեւական» առաջադրված թեկնածու է:
Հիշեցնենք, որ Կապանի եւ Մեղրու տարածաշրջաններում պատգամավորի մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրությունները կկայանան սեպտեմբերի 29-ին: Գրանցված թեկնածուները երեքն են՝ Սամվել Հայրապետյանը, անկուսակցական Վահրամ Հովհաննիսյանը եւ ՀՀԿ-ից առաջադրված Արմեն Կարապետյանը:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ