Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ալեքսեյ Մալաշենկո. Առանց ներգաղթյալների Մոսկվան արդեն հնարավոր չէ պատկերացնել

Օգոստոս 29,2013 17:49

Այսօր «Մեդիա» կենտրոնում տեղի ունեցած «Ռուսաստանում ներգաղթյալների հանդեպ ներկայիս քաղաքականությունը» թեմայով քննարկմանը Skype տեսազանգի միջոցով միացավ նաեւ «Կրոն, հասարակություն եւ անվտանգություն» ծրագրի համանախագահ Ալեքսեյ Մալաշենկոն. «Երբ հարց են տալիս ներգաղթյալների հետ կապված, թե ինչ կլինի հետո, ես ասում եմ, որ չեմ տեսնում բարելավում, բայց եւ այնպես կտրուկ անկում էլ չեմ նկատում: Այն, ինչ կատարվում է՝ լրիվ նորմալ է: Գիտեք, մի ժամանակ մեր մոտ շատ եկողներ էին լինում` եւ Մոսկվայում եւ այլ մեծ քաղաքներում: Նրանք ոչ թե էմիգրանտ էին անվանվում այլ լիմիտչիկներ, այսինքն` մարդիկ, որոնք այս կամ այն երկրից գալիս էին այստեղ աշխատելու: Նրանց նույնպես չէին սիրում: Բայց նրանք այնուհանդերձ շարունակում էին իրենց գոյությունը: Իսկ այն, թե կգոյատևե՞ն էմիգրանտները, առանց որոնց ոչ Մոսկվան, ոչ Ռուսաստանը ուղղակի չեն կարող, դա իսկապես շատ հետաքրքիր հարց է»:

Նա նշեց. «Այն ներգաղթյալները, որոնց մասին մենք այսօր խոսում ենք՝ Կենտրոնական Ասիայից եւ Ադրբեջանից են, որոնք կազմում են մոտավորապես 4 միլիոն: Կա նաեւ գաղթ հյուսիսային Կովկասից, որը նույնպես շատ կարեւոր է: Ի դեպ, այսօր հասարակության աչքում, այսպես կոչված, կովկասաֆոբիան եւ առհասարակ միգրանտաֆոբիան չեն բաժանվում ներքինի եւ արտաքինի»:

Պարոն Մալաշենկոն ասաց, որ ամենահետաքրքիր երեւույթներից մեկը, որին իրենք հետեւում են վերջին 3 տարիներին՝ էմիգրանտների իսլամացումն է. «Այսօր ներգաղթված հասարակությունը ավելի ու ավելի է ներկայացնում իր կրոնական պատկանելությունը: Իսկ ինչի՞ց է դա: Կարծում եմ դրա հիմնական պատճառներից մեկը, ինչպես մենք հետեւում ենք, իսլամի տարածումն է ամբողջ աշխարհով: Իսկ պատճառն այն է, որ այդ կրոնական պատկանելությունն, այս դեպքում իսլամը՝ ինչ որ ձեւով օգնում է հաղթահարել անլիարժեքության բարդույթը»:

Այն հարցին, թե արդյոք ներգաղթյալների նկատմամբ ներկայիս քաղաքականությունը կապվա՞ծ է նախընտրական շրջանի հետ՝ Ալեքսեյ Մալաշենկոն պատասխանեց. «Գրեթե բոլոր թեկնածուներն օգտագործում են ներգաղթյալների փաստը: Անգամ ամոթ է: Չէ որ նրանք Մոսկվայի բնակիչներն են, եթե անգամ չեն քվեարկում, բայց ինչ որ մթնոլորտ են ապահովում: Առանց ներգաղթյալների Մոսկվան արդեն հնարավոր չէ պատկերացնել»:

Անի ՔԵՇԻՇՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031