Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արարատի հակառակ երեսը

Օգոստոս 29,2013 16:48

Ո’չ կարոտ, ո’չ տխրություն, ո’չ զայրույթ, ո’չ ափսոսանք, այլ` մտային ծայրահեղ կենտրոնացում. Այս էի զգում պապերիս երկիր չորսօրյա ուղևորության ընթացքում` Կարս, Անի, Վան, Արդահան, Բայազետ…

Չորս օրվա ընթացքում ես ոչ մի վանքում մոմ չվառեցի, ոչ նույնիսկ` ԱՂԹԱՄԱՐՈՒՄ, փոխարենը` մի ծայրահեղ կենտրոնացում ունեի, որն իր գագաթնակետին հասավ Վանա բերդում ու ՄՀԵՐԻ ԴՌԱՆ առաջ:

Ինձ համար աշխարհի սկիզբն ու վերջն այստեղ է… Ու ես` հայ քրիստոնյաս, Վանա բարձրաբերձ սարերից իջնող աղբյուրի ջրում ՆՈՐԻՑ մկրտվեցի` Խաչ Պատերազմին ԱՆԵՂ պահելու հաստատ որոշմամբ:

Հասկացա, որ խեղճության, անհուսության, կոտրած մեջքի ու խուճապի դեմ իմ Ագռավուքարն ունեմ, աշխարհը տիրած միաչքանու ու կպչուն «նազեր» հուռութ-աչքի դեմ` Վանա կատվի դեղին-կապույտ զույգ աչքը:

Աշխարհի ամենաապահով վայրն է ԱԳՌԱՎՈՒՔԱՐԸ, ոչ մի կեղծ խորշակ այնտեղ մուտք չունի: ՄՀԵՐԻ ԴՈՒՌԸ բաց է միմիայն հոգով արի ու սեփական գիտակցության ԹՈՒՐ ԿԵԾԱԿԻՆ ՎԱՆԱ ՔԱՐԻ վրա փորձած ՀԱՅԵՐԻ համար: Մնացյալների համար այն բանտ կամ փախուստ է թվում: Մինչդեռ աստվածամարտում հաղթողների առաջ է միայն այս դուռը բացվում: ՄՀԵՐԻ դռան հնամենի սեպագիր արձանագրությունը դեռ ոչ ոք լիարժեք չի վերծանել, սակայն այն, ինչ մեզ պետք է իմանալ` մենք գիտենք դարեր ի վեր.

 

– ԹԵ ԿՏՐԵՑ, ԵՍ ՉԵՄ ՄԵՂԱՎՈՐՑԵՐ.

ԹԵ ՉԸ ԿՏՐԵՑ, ՄԵՂԱՎՈՐՑԵՐ ԵՄ:

Իմ իմաստուն մանուկ, իմ աղավնի խորագետ ա’զգ, դու պարտավո’ր ես աստվածամարտում ՀԱՂԹԵԼ գերբնական մի ճիգով …

Պարտավոր ես հմուտ հնագետի պես զգուշությամբ քերել տարթն ու ժանգը քո էությունից ու ՎԵՐՋԱՊԵՍ ՃԱՆԱՉԵԼ ՔԵԶ:

 

ՓՈՔՐ ՄՀԵՐԻ ԱՌԱՍՊԵԼԱԿԱՆ ՃԻԳՈՎ ՊԱՐՏԱՎՈՐ ԵՍ ԻՆՔԴ ՔԵԶ ՆԱԽ ՀԱՂԹԵԼ և ՀԵՏՈ ՆՈՐ ՄԻԱՅՆ ՉԱՐ ԱՇԽԱՐՀԻՆ…

 

Մեր լեզուն կտրողն ու մեր աչքը հանողը, մեր ջրին մեր իսկ արյունը խառնողն այսօր մեզ դաս է տալիս` մեր սարերի վրա

«օնչե վաթան- նախևառաջ`հայրենիքը» գրելով:

Վանի նահանգը միայն Հայաստանի Հանրապետության երկու երրորդի չափ է:

Բացառիկ ձգողություն ունի Վանը, այստեղ կարող ես տեսնել անսպասելին. Վանի մեր իջևանած բարձրակարգ հյուրատան ճակատին Հայաստանի եռագույնն էլ էր ծածանվում:

Այլ էր Կարս-Ղարսը…

Եթե դժոխքը համանվագ ունի , ապա ես այն օրը լսեցի այդ սիմֆոնիան Կարսում:

Նորակառույց պարիսպը բանտել է սևաքար, բացառիկ գեղեցկությամբ առինքնող, ծաղկած տանիքով ԱՌԱՔԵԼՈՑ եկեղեցին:

Վանքն ինձ Կոմիտասին հիշեցրեց…

Կոմիտասի պես նա էլ թրքերեն երգերը թուրքերից լավ գիտի: Օրը հինգ անգամ իր պատերից ծործորուն նամազն է տարածվում ու այդպիսով բացառիկ դարձնում այսօրվա համաշխարհային իրականության ամենաաններդաշնակ մշակութային ֆենոմեններից մեկը: Օրը շաբաթ էր ու շուտով նամազին գումարվեցին հարսանիք ազդարարող բազում շչակների ձայնն ու թուրքական փոփի ռիթմիկ դմփդմփոցը:

Բայց ՎԱՆՔԸ խելակորույս չէ, այլ ՀԱՆԳԻՍՏ ՍՊԱՍՈՒՄ Է:

Սպասում է մինչև ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՊՐՈՂ ԲՈԼՈՐ ՀԱՅԵՐԸ ՄԵԿ ԱՌ ՄԵԿ ԳԱՆ ու տեսնեն իրեն` այդ օտար չալման գլխին: Սպասում է մինչև հայերը ՄԱՔՐԱԳՈՐԾԵՆ ԻՐԵՆՑ ԷՈՒԹՅՈՒՆԸ և հետո կարողանան իրեն էլ մաքրել օտար այդ էությունից:

Երբ անցանք Վարդանի կամուրջն ու հասանք ՉԱՐԵՆՑԻ տան ավերակներին, ես անհամբերությամբ առաջինը կտրեցի փողոցը: Մեքենան շեշտակի անցավ կողքովս` ականջներիս մեջ զնգացնելով TURKISH POP- ի ելևէջումը: Ինձ հանկարծ թվաց, թե ԵՐԵՎԱՆՈՒՄ եմ… Ու երբ ճամփորդող ընկերներիցս մեկը տրտնջաց, թե ինչու ՀՀ մշակույթի նախարարությունը գոնե փորձ չի անում Չարենցի տան նորոգումը ծրագրել, ես ուղղակի ասացի.

-Երբ որ ԵՐԵՎԱՆՈՒՄ այ այ’ս անցնող մեքենայի նման մեքենա այլևս չլինի, ՉԱՐԵՆՑԻ ՏՈՒՆԸ վերականգնելը նույնքան դյուրին կլինի, որքան Գյումրիից Կարս հասնելը…

Մինչ այդ արդեն հասցրել էի մտնել ավերակներից ներս ու շրջել սենյակներով: Տունն ինձ եղինջե ապտակ էր հասցրել… ՉԱՐԵՆՑԻ ՏՈՒՆՆ ԷԼ է ՎԱՆՔԻ ՆՄԱՆ ԿԱՆՉՈՒՄ: Կանչում, ապտակում ու ստիպում մաքրագործվել, որ կարենալ մաքրագործե~լ:

Մաքրել սեփական ուղեղները, ականջները , սրտերը նորոգե~լ…

Ավելի ուշ, Անիում` լքյալ, անգմբեթ ու անխաչ եկեղեցու շուրջը արածող հոտը տեսնելով, հասկացա, որ ես մի նոր դավանանքի կարիք ունեմ արդեն և այդ դավանանքն իմ ԻՍԿԱԿԱՆ ԷՈՒԹՅՈՒՆԸ ՃԱՆԱՉԵԼՆ Է: Կոմիտասն ասում էր, որ միայն անասունները ոչինչ փոխ չեն առնում իրարից, բայց ԻՆՉ ԵՆՔ ՄԵՆՔ ՓՈԽ ԱՌԵԼ և ԻՆՉ` ՆՐԱՆՔ:

Նրանք ՎԱՆՔ ԵՆ ՓՈԽ ԱՌԵԼ, ԱՄՈՒՐ ՏՆԵՐ, որոնցում այսօր էլ իրենց վարչական հիմնարկներն են աշխատեցնում, փոխ են առել գենե~ր…

Իսկ ինչ ենք մենք փոխ առել. Թրքիշ փոփ, օճառ, հագուստ,

թրքական սուրճ …

ՀԱՅԵ’Ր, Հայաստանի ու սփյուռքի հայե’ր, մեկ առ մեկ ու բոլորդ ԱՅՑԵԼԵ’Ք ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ, շրջե’ք ԿԱՐՍԻ, ՎԱՆԻ բացառիկ անճաշակ ու աղտոտ փողոցներով, տեսե’ք ձեր փոխ առածն ու` նրանցը: Տեսե’ք, որ նրանք իրենց էությանը հավատարիմ են, նրանք գիտեն, թե ովքեր են: ՍԱԿԱՅՆ ՄԵՆՔ, ՈՎՔԵՐ ԵՆՔ ԱՅՍՕՐ մենք : Մենք անգամ ՎԱՃԱՌԱԿԱՆԻ մեր պարզ «քթածակն» ենք կորցրե~լ:

Արդյոք ԲԱՑԱՌԻԿ ԹԱՆԿ ԳԻՆ ՉԵՆՔ ՎՃԱՐՈՒՄ օճառի ու հագուստի դիմաց…

Իմ իմաստուն մանո’ւկ, իմ աղավնի խորագե’տ ազգ, ԴՈՒ ՊԱՐՏԱՎՈ’Ր ԵՍ ՍԱՌԸ ԳԼԽՈՎ ու ԾԱՅՐԱՀԵՂ ԿԵՆՏՐՈՆԱՑՄԱՄԲ ՎԵՐԱԳՏՆԵԼ ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆԴ: ՊԱՐՏԱՎՈՐ ԵՍ ՔՈ ԻՐԱԿԱՆ ԷՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐՍՏԱՆԱԼ:

ՊԱՐՏԱՎՈՐ ԵՍ տեսնել , որ Սարդարապատի կռիվը ՀԵՆՑ ՀԻՄԱ է, որ երկրորդ Սարդարապատի ժամանակ գուցե էլ չունենաս:

Դու պարտավ’որ ես հասկանալ, որ ՀԵՆՑ ՀԻՄԱ մի նոր դավանանքի կարիք ունես և այդ դավանանքը քո ԻՍԿԱԿԱՆ ԷՈՒԹՅՈՒՆՆ ԻՄԱՆԱԼԸ ՊԻՏԻ ԼԻՆԻ:

Հենց այսօր, երբ ոսոխդ քո ներսում եղած ճիվաղների ձեռքով է քեզ արնաքամ անում` կիսատ մնացածը լրացնելով ու քեզ ստիպելով լքել քո երկիրը, հենց այսօր, երբ դու կարծում ես, թե այլ ճար չունես, քան փախչել քո բնօրրանից, այցելի’ր ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ: Քո կոտրված ու լքված հոգու միակ դարմանն այնտեղ է: Այցելի’ր ՍԱՌԸ ԳԼԽՈՎ ու առանց լաց ու կոծի: Ինքդ քեզնից չես փախչի, եթե անգամ Չեխիան, կամ Բուրկինա Ֆասոն քեզ քաղաքացիություն շնորհի:

ՍԹԱՓՈՒԹՅԱՆ վերջին կայանը ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՆ Է:

ԳՆԱ ‘ ՊԱՊԵՐԻԴ ԵՐԿԻՐԸ, ԳՆԱ ‘ ՈՒ ՏԵՍ ԱՐԱՐԱՏԻ ՀԱԿԱՌԱԿ ԵՐԵՍԸ…

  Լուսինե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

www.lucinehovanissian.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031