Օգոստոսի 29-ը փոփ արքա Մայքլ Ջեքսոնի ծննդյան օրն է: Երգիչն այսօր կդառնար 55 տարեկան:
«Ջեքսոնն ինձ համար ավելին է, քան պարզապես շարքային երգիչը, նա գերմարդ է, լեգենդ», – ասում է Ջեքսոնի հավատարիմ ֆանատներից 21-ամյա Հասմիկ Հարությունյանը, ով երգչի երգերը լսել է մանկուց, իսկ ֆանատ դարձել արդեն դեռահաս տարիքում: Անցումը երկրպագուից դեպի ֆանատի այնքան էլ կտրուկ չի եղել. «Հաղորդում էր նրա կյանքի ու ստեղծագործությունների մասին, դիտելուց հետո սկսեցի էլ ավելի հետաքրքրվել նրանով, – հիշում է Հասմիկը, – տանը CD ունեինք, բայց ամբողջությամբ չէի լսել, սկսեցի լսել և ուղղակի տարվեցի»: Հասմիկի ֆանատիզմն իր արտացոլումն է գտնում նաև հագուստում. սիրելի երգչի պատկերով շապիկները շատ են: Ջեքսոնի ֆան ակումբներում չկա, բայց շփվում ու ճանաչում է այլ ֆանատների, երբեմն էլ խանդում. «Երկակի զգացումներ են. երբ հանդիպում եմ Մայքլ Ջեքսոնի մեկ այլ ֆանատի և՛ ուրախանում եմ, որ կիսում են նախասիրություններս, և՛ ինչ-որ մրցակցություն կամ խանդ է առաջանում», – ասում է նա: Իսկ այդ խանդը երբեմն արտահայտվում է նրանով, որ սկսում են մրցել՝ ո՞վ ավելի շատ երգեր գիտի, ո՞վ է ավելի տեղեկացված փոփ երգչի մասին: Ջեքսոնի երգերը լսելիս Հասմիկն իրեն բավարարված ու հանգիստ է զգում: Բոլոր երգերից էլ տեղյակ է, բոլորն էլ սիրելի են, բայց այնուամենայնիվ փորձեց առանձնացնել սիրելիներից ամենասիրելիները, որոնց թվում էին «Who is it», «Give in to me», «The way you make me feel», «Something about you»… Յուրաքանչյուր տարվա այս օրը Հասմիկը նստում է հեռուստացույցի առջև ու փորձում բաց չթողնել և ոչ մի հաղորդում Մայքլ Ջեքսոնի մասին: Ասում է, թեև ամեն տարի էլ նույնն են հեռարձակում, բայց միևնույն է՝ չի ձանձրանում նայել, չէ՞ որ խոսքը իր ամենասիրելի երգչի մասին է:
Փոփ երաժշտության արքա Մայքլ Ջեքսոնը մահացել է 2009թ.-ի հունիսի 25-ին` 50 տարեկան հասակում։ Ըստ հետաքննության՝ նրա մահվան պատճառը քնաբերների գերդոզավորումն է:
Կարդացեք նաև
Տիգրանուհի Թասլակյան