Արգելոցապարկային համալիրի տնօրենը դա հերքում է
Տավուշի մարզի Բերդ քաղաքի բնակիչներն անհանգստացած են 62 հա տարածք ունեցող Սորանի բուսաբանական այգու օտարման մասին լուրերից: Ըստ շրջանառվող լուրերի՝ այգին օտարվելու է մաս-մաս՝ Հայաստանում հայտնի անձանց:
Այդ կապակցությամբ զանգահարեցինք «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի տնօրեն Գեւորգ Սարգսյանին, որի ենթակայությամբ է գտնվում հիշյալ բուսաբանական այգին: Նա ասաց, որ բուսաբանական այգու օտարման մասին իրեն ոչինչ հայտնի չէ: Պարոն Սարգսյանը հայտնեց , որ ինքը դեմ է նման օտարմանը, քանզի պետբյուջեի միջոցներով պահպանվող այգին ներկայումս բարվոք վիճակում է: Նա մեզ առաջարկեց հարցի կապակցությամբ իրենց գրավոր դիմել:
Նշենք, որ Սորանի բուսաբանական այգին ստեղծվել է 1960-ական թվականների երկրորդ կեսին՝ կոմկուսի Շամշադինի շրջկոմի առաջին քարտուղար Հրանտ Ավագյանի նախաձեռնությամբ: Այգին հազվագյուտ եւ արժեքավոր ծառատեսակներով համալրելու գործում մեծ ավանդ է ունեցել Հրանտ Ավագյանի եղբայրը՝ ԽՍՀՄ գյուղատնտեսական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Արտավազդ Ավագյանը, որի անունն էլ կրում է այգին: Ծառատեսակների տնկիները բերվել են Ղրիմից՝ իրենց բուսահողով: Սորանի բուսաբանական այգին համարվում է Բերդ քաղաքի զարդն ու խորհրդանիշը: Վերջերս այստեղ կայացավ «Մեղրի փառատոն» մեծ միջոցառումը:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ