Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Դատապարտյալները դժգոհում են անկախ հանձնաժողովից

Օգոստոս 29,2013 16:17
datapartyal

Արդարադատության նախարարության «Կոշ» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Ռուբեն Ամատունին եղել է մեղվաբույծ:

Նա հայր չունի, խնամքին երկրորդ կարգի հաշմանդամ, վատառողջ մայրն է: Եղել է ընտանիքի միակ կերակրողը:

Նա դատապարտվել է յոթ տարվա ազատազրկման, ռեժիմը կիսաբացն է, չունի տույժ, իր նկատմամբ քաղաքացիական հայց չկա, քրեակատարողական հիմնարկում ստեղծել է «Կրթական ինքնագործ միավորում», ուր ուսման ձգտում ունեցող դատապարտյալներին դասավանդում են անգլերեն, իսպաներեն, աշխարհագրություն, պատմություն:

Դատապարտյալի նախաձեռնությամբ արձագանքելով նրա նամակին, հազար միավոր գրականություն էր տարվել քրեակատարողական հիմնարկի գրադարան՝ Ազգային գրադարանից, «Մուղի», «Հայաստան», «Վան Արյան» հրատարակչությունից, «Բուկինիստ» գրախանութից:

Դատապարտյալը երկու անգամ դիմել է հանրապետության նախագահին՝ ներման խնդրանքով:

Այս տարվա հուլիսի 28-ին լրացել է նրա պատժաչափը, սակայն պայմանական վաղաժամկետ ազատման դիմումն անգամ մերժվել է. «Այդպիսի անմարդկային, հակասահմանադրական մոտեցումը ոչնչացնում է դատապարտյալների, նրանց ընտանիքների վերջին հույսը, մեռնում է շրջապատի հավատը օրենքի եւ պետության նկատմամբ»,-գրում է նա:

Դատապարտյալը խնդրում է անցկացնել լրագրողական հետաքննություն նախագահի հրամանով 2006-ից գործող «անկախ հանձնաժողովի» գործունեության առթիվ, պարզել, թե ինչո՞ւ դրական բնութագիր ունեցող դատապարտյալը , որն իր ազատազրկման տարիների ժամանակ չի ունեցել որեւէ տույժ, չունի իր նկատմամբ որեւէ քաղհայց, չպետք է ազատվի պատժի 1/3-ը կրելուց հետո:

Առհասարակ, դատապարտյալը միակը չէ, որ դիմում է նման խնդրով, դատապարտյալները պահանջում են, որպեսզի այս նիստերը լուսաբանվեն լրատվամիջոցների կողմից:

«Կոշ» քրեակատարողական հիմնարկում տեղի են ունեցել վարչական հանձնաժողովի մի քանի նիստեր: Վերջին նիստին ներկայացվել էին 132 դատապարտյալի գործեր, մերժվել է 116-ը: Մնացած 16-ից էլ 6-ն է ստացել անկախ հանձնաժողովի «դաբրոն»:

Քննարկվել է դատապարտյալների, այդ թվում եւ մեր նամակագրի պայմանական վաղաժամկետ ազատելու հարցը:

Մերժել են:

Ըստ դատապարտյալի. «Այս ամենը, կարծում եմ, կապված է այս ոլորտում փողերի լվացման հետ»:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031