Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մտահոգության իրական պատճառների փնտրտուքով

Օգոստոս 29,2013 16:08

 Անշուշտ, այս ամառը նման չէր նախորդներին՝ հատկապես քաղաքական զարգացումների տեսանկյունից: Գարնան վերջից սկսած, արդեն, մեծ թափ հավաքեցին Եվրամիություն-մաքսային միություն թնջուկի հետ կապված քննարկումները: Այդ քննարկումներն ընթանում էին ամենատարբեր մակարդակներում՝ սկսած քաղաքական այրերից, կուսակցություններից, տարբեր տրամաչափի քաղաքական վերլուծաբաններից, վերջացրած հասարակ քաղաքացիներով: Անգամ տարեցների համար նախատեսված տաղավարներում՝ շախմատի ու նարդու շուրջ, ականատես էինք լինում թեժ քննարկումների:

Նոր էինք փորձում մարսել այս գործընթացները, երբ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հայտարարեց գազի սակագնի բարձրացման մասին: Հաշվի առնելով երկրում առկա սոցիալական լարվածությունը, բնականաբար, հասարակության լայն շրջանակներում խիստ դժգոհություն բարձրացավ սակագնի փոփոխության հետ կապված: Այն տարբեր ենթատեքստերով որակվեց որպես քաղաքական ճնշում Կրեմլի կողմից՝ Հայաստանի արտաքին քաղաքականության կողմնորոշման վրա ազդելու համար: Այս ամենն օբյեկտիվ պատճառներով հանգեցրեց որոշակի հակառուսական տրամադրությունների:

Շատ չանցած երկրորդ՝ շատ ավելի լուրջ ու կոշտ նախազգուշացումը ստացանք ռազմավարական գործընկերոջից՝ «Սմերչ»-ի տեսքով: Եվ սա էլ ավելի արագացրեց առանց այդ էլ խորացող հակառուսական տրամադրությունները՝ առաջ բերելով հակառուսական քարոզչության մեծ ալիքի, որը շատ ժամանակ ուներ ուղղորդված բնույթ, բայց և, միևնույն ժամանակ, ուներ իր օբյեկտիվ պատճառները: Հին ու նոր, հայտնի ու անհայտ, արևմտամետ, թե ռուսամետ տարբեր քաղաքական վերլուծաբաններ, մեկը մյուսին հերթ չտալով, ասուլիսներ էին հրավիրում ու դատողություններ ներկայացնում թեմայի շուրջ: Դրանց մի մասը, անշուշտ, արժանի էին ուշադրության, իսկ մյուս մասն էլ ունեին ակնհայտ ուղղորդվածություն, և նրանց հիմնական խնդիրն էր, այսպես կոչված, «message» -ներ հղել ՀՀ իշխանություններին: ԶԼՄ-ներում՝ հատկապես տպագիր մամուլում, հետաքրքիր հոդվածներ էին լույս տեսնում վերոնշյալ թեմայով: Դրանցից մի քանիսում նույնպես նկատվում էին ուղղորդվածության որոշակի տարրեր, սակայն, ընդհանուր առմամբ, հայաստանյան իրականության մեջ որոշակի հեղինակություն վայելող թերթերը՝ իրենց պրոֆեսիոնալ լրագրողներով (ի դեպ, այդպիսիք մեզանում կարելի է մեկ ձեռքի մատների վրա հաշվել), հնարավորինս անկողմնակալ վերլուծում էին ստեղծված իրավիճակը և փորձում լուծման հնարավոր ուղիներ մատնանշել:

Սակայն կցանկանայի ձեր ուշադրությունը հրավիրել այս բուն գործընթացներից դուրս մնացած մի նուրբ խնդրի վրա.
Ադրբեջանի՝ ռուսական զենքի ձեռքբերումից հետո, մեզանում իրական խուճապ սկսվեց և որքան էլ փորձեն թաքցնել, այնուամենայնիվ, այդ խուճապը առկա էր նաև մեր պաշտպանական գերատեսչության պատասխանատու այրերի մոտ, ինչը լուրջ մտահոգությունների առիթ պետք է տա, քանի որ, իմ կարծիքով, այդ խուճապային տրամադրությունների իրական պատճառներն ու հիմքերը պետք է պայմանավորել ոչ թե Ռուսաստանի կողմից Ադրբեջանին վաճառված զենքի, և այդ զենքին վերագրվող ինչ-որ գերհզոր հատկություններով, այլ հենց մեզնով, հենց մեր երկրում տիրող իրավիճակով, իսկ ավելի կոնկրետ՝ մեր բանակում առկա խնդիրներով: Այլապես մերոնք, հաշվի առնելով մեր բանակի տարածաշրջանում ամենամարտունակը լինելու հանգամանքը (համենայնդեպս իրենց ներկայացմամբ), պիտի որ աչք էլ չթարթեին այդ փաստի վրա, չէ որ արցախյան պատերազմում մեր հակառակորդներն ունեին տասնապատիկ անգամ մեզ գերազանցող սպառազինություն և զորքի թվաքանակ, սակայն պատերազմում հաղթեցինք մենք՝ մեր տաղանդավոր գեներալների մշակած օպերացիաների և մեր մարտիկների անձնուրացության շնորհիվ: Հայտնի ճշմարտություն է, որ պատերազմը հաղթում են գեներալները՝ քարտեզների առաջ, և զինվորները՝ մարտի դաշտում:
Իսկ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին վաճառված զենքի հնարավորությունները, մեղմ ասած, խիստ չափազանցված էին: Վերջիվերջո, եկեք հասկանանք, որ Ադրբեջանը միջուկային զենք չի ձեռք բերել, և ոչ էլ մեկ այլ տեսակի զանգվածային ոչնչացման զենք՝ օրինակ կենսաբանական կամ քիմիական, չնայած մամուլում եղան հրապարակումներ տվյալ զենքի՝ իբրև զանգվածային ոչնչացման զենք լինելու վերաբերյալ, այնուամենայնիվ, դա, եթե նրբորեն ասելու լինենք, ֆանտազիայի ժանրից էր:

Ինչևէ, Ադրբեջանը ձեռք է բերել համազարկային կրակի ռեակտիվ հրթիռային համակարգեր, որոնք, այո, օժտված են տեխնիկատակտիկական զգալի առավելություններով՝ ունեն նշանակետերի խոցման ավելի մեծ հեռահարություն, պայթյունի հարվածային ալիքի և դրա առաջացրած ավերածության ավելի մեծ շառավիղ և այլն: Այս ամենը ոչ ոք չի ժխտում և չի էլ փորձում ժխտել: Բայց սա այն առավելությունը չէր, որ ստիպեր տարբեր ամբիոններից տեղին ու անտեղի տարածաշրջանի ամենամարտունակ բանակ հորջորջելու առիթ փնտրող մեր պատասխանատուներին խուճապի մեջ ընկնել: Բոլորս էլ գիտենք մեր բանակի կարողությունների մասին: Մենք՝ բոլորս էլ, մեր ծառայած և ծառայող բարեկամների, հարազատների, ընկերների, քեռու, հորեղբոր, մորաքրոջ տղաների շնորհիվ պատկերացում ունենք թե բանակում առկա խնդիրների, և թե նրա մարտական պատրաստականության աստիճանի վերաբերյալ ու բոլորովին կարիքը չունենք ամբիոններից հնչող ամպագոռգոռ ելույթների: Սակայն խնդիրը նույնիսկ մեր բանակը չէ: Այն զարգացման երկար ճանապարհ ունի անցնելու և դեռ կհասցնի իր մարտունակությունն ու կենսունակությունն ապացուցել: Խնդիրը շատ ավելի խորքային է և ունի հոգեբանական ու սոցիալական հիմքեր, որոնց թելերը տանում են ոչ վաղ անցյալ:
88-ին հայ ժողովուրդը ոտքի ելավ տոգորված հայրենասիրական մեծ գաղափարներով, ապագայի հանդեպ մեծ հավատով ու սպասումներով: Սկսվեց արցախյան շարժումը: Միաժամանակ, հայ ժողովրդի մեջ արդեն խոր արմատներ էր գցել անկախության գաղափարի գիտակցումը և այն մեծ թափ առավ արցախյան շարժման հետ միասին:

Ի դեպ, Հայաստանը միակ երկիրն էր, որտեղ սկսվեց անկախության շարժում, մնացած բոլոր հանրապետություններն անկախություն ձեռք բերեցին մեխանիկորեն՝ ԽՍՀՄ փլուզումից հետո: 91-ին, երբ հռչակեցինք անկախություն, հայ ժողովուրդը, թերևս, գտնվում էր իր միասնության և գաղափարապես հասունության ամենաբարձր կետում: Սկիզբ առած ռազմական գործողությունները, որոնք արդեն վերաճել էին լայնածավալ պատերազմի, առաջին ու լուրջ փորձաքարը եղան նորանկախ Հայաստանի համար: Հայ ժողովուրդը, մեկ բռունցք դարձած, պատվով դուրս եկավ այդ փորձությունից: Հազարավոր հայորդիներ՝ Հայաստանի տարբեր ծայրերից, ինչպես նաև սփյուռքից, նրանց թվում՝ տակավին պատանիներ, երիտասարդ տղաներ ու կանայք, կռվի դաշտ նետվեցին վաղվա օրվա հանդեպ անսահման հավատով, Հայաստանի, Արցախի ու հաջորդ սերունդների լուսավոր ապագայի համար իրենց կյանքը չխնայելու գիտակցումով: Սակայն այդ նույն ժողովուրդը և նրա մեծագույն զավակները, որ դեռ երեկ պատրաստ էին առանց վայրկյան իսկ տատանվելու իրենց կյանքը տալ Արցախի փրկության և Հայաստանի անկախության համար, պիտի մեծ հուսալքություն ապրեին և կանգնեին սոցիալական անարդարության առջև:

Պատերազմից հետո մի խումբ մարդիկ իրենցով արեցին հաղթանակի բոլոր դափնիները ու սկսվեց կատաղի պայքար՝ երկրում մնացած հարստության վերաբաշխման համար: Պատերազմում նշանավոր և, նույնիսկ, աննշան դերակատարություն ունեցած մարդիկ, տերը դարձան հազարավոր հայորդիների արյամբ ձեռք բերված հաղթանակին, և արմատավորվեց մի կործանարար մտածողություն, որը հետագայում դառնալու էր մեծագույն չարիք մեր երկրի համար և խարխլելու էր մեր պետականության հիմքերը. «Մենք արյուն ենք թափել և, ուրեմն, մեզ ամեն ինչ կարելի է» կարգախոսը դարձավ ապրելակերպ շատերի համար և հանգեցրեց ամենաթողության ու թալանի երկրի համար ամենափխրուն ու ամենաերերուն շրջանում, երբ պետականություն էինք փորձում կառուցել, և այդ արատավոր ծիլերը դրվեցին մեր պետականաշինության հիմքերում, որոնց պտուղները ճաշակում ենք մինչև այժմ: Այն հազարավոր տղաները, որոնք իրական ներդրում էին ունեցել հաղթանակի գործում, մատնվեցին անտարբերության, չհաշված տոնից տոն հիշված ու ստացված խրախուսանքները՝ ոչինչ չարժեցող մեդալների տեսքով: Իսկ հասարակ ժողովուրդը, որ մեծ զրկանքներ էր կրել թիկունքում, կանգնեց սոցիալական ծանր խնդիրների առաջ, որոնք 20 տարիների ընթացքում ոչ միայն չլուծվեցին, այլև գնալով ավելի ու ավելի վատթարացան:

Այժմ, երբ բավական ժամանակ է անցել այն ծանր օրերից ու թվում է, թե ամեն ինչ անցյալում է մնացել, որպես արդյունք կռվում ընկած տղաների ու այն դժվարին օրերն ապրած հասարակ ժողովրդի՝ հզոր ու զարգացած երկիր ունենալու փափագին, ցավոք, ականատեսն ենք հակառակ իրականության. Հսկայական չափերի հասած արտագաղթը, օրենքի անգործությունը, արդարադատության բացակայությունը, խոր արմատներ գցած քրեաօլիգարխիկ համակարգը, տնտեսության ոչ ազատական և գրեթե ամբողջությամբ մոնոպոլ բնույթը, և այս ամենի պատճառահետևանքային կապերի շնորհիվ հասարակությունում ձևավորված բարոյահոգեբանական անառողջ մթնոլորտը երկրում ստեղծել են մի պատկեր, որն, առանց չափազանցության, խիստ աղերսներ ունի բրեժնևյան լճացման տարիների հետ:
Այս ամենի վերլուծությունը բերում է մի եզրահանգման. Մեր հասարակությունը ներկայումս, վերահաս վտանգի դեպքում, թե տնտեսապես, թե բարոյապես, թե սոցիալապես ու թե հոգեբանորեն պատրաստ չէ նոր պատերազմի: Այն խիզախ, պատերազմի բովով անցած ու փորձառու տղաները, որ արցախյան կռվում իրենց կյանքը չխնայեցին գալիք սերունդների ու հենց իրենց արժանապատիվ ապագայի կերտման համար, այսօր դժվար թե նորից ……………, քանզի մեկ անգամ արդեն վայելել են հուսախաբության դառը պտուղները: Ես, իհարկե, կասկած չունեմ, որ հազարավոր երիտասարդ տղաներ, առանց վայրկյան իսկ տատանվելու, իրենց կյանքը կդնեն զոհասեղանին: Ինչքան էլ ավագ սերունդը թերահավատությամբ վերաբերվի կրտսեր սերնդին, այնուամենայնիվ, այսօր բոլորիս աչքի առաջ փառահեղ սերունդ է կրթվում ու դաստիարակվում, որն արդեն իսկ հասցրել է, իր քաղաքացիական կամքով ու ակտիվությամբ, հասնել ժողովրդի համար կենսական խնդիրների լուծման:

Ի դեմս նրանց միասնական ու անկոտրում պայքարի՝ այսօր ունենք փաստացի արդյունքներ ու գնահատման արժանի օրինակներ: Սակայն պետք է գիտակցել, որ առանց փորձառու ու կռվում թրծված տղաների առաջնորդության, վերահաս վտանգի դեպքում՝ մենք ցավալի կորուստներ կունենանք: Կարծում եմ ոչ ոքի համար գաղտնիք չէ՝ ինչպիսի կորուստներ ունեցանք արցախյան գոյամարտի սկզբնական շրջանում, երբ կազմակերպվեցին նորաստեղծ բանակի առաջին զորակոչերը:
Ահա սա է այն խնդիրը, որ մեզ մտահոգվելու իրական առիթ պետք է տա: Ես ավելի քան վստահ եմ, որ այս խնդիրը պարզ գիտակցում են նաև մեր պետական այրերը, և հենց սրանով պետք է բացատրել առաջին օրերին մեր իշխանությունների երկչոտ արձագանքը ռուս- ադրբեջանական ռազմական գործարքին:
Ի հավելումն այս ամենի՝ վկա ենք նաև մեկ այլ ցավալի իրողության և մեր հասարակության ցայտնոտային տրամադրություններին, կապված այդ իրողության՝ նույնիսկ աննշան փոփոխության հետ. Վերջին տասնամյակում մեր իշխանությունների վարած անպատասխանատու արտաքին քաղաքականության շնորհիվ, մեր հասարակությունում արմատավորվել է ևս մեկ թյուր կարծրատիպ: Մենք մեր երկրի անվտանգությունն ու պաշտպանությունը, ինչպես նաև ղարաբաղյան կոնֆլիկտի լուծումը կապել ենք միայն ու միայն Ռուսաստանի հետ: Մենք, չգիտես ինչու, նրանցից կերտել էինք մեծ եղբոր ու անդավաճան հովանավորի կերպար ու կուրորեն հավատացել դրան: Եկեք ընդունենք, որ բոլորիս մոտ էլ ինչ որ մի պահի եղել է այսպիսի մտածողություն. «Մենք և մեր բանակը, անշուշտ, պատրաստ ենք պատերազմի, բայց դե մեր մեծ եղբայրը թույլ չի տա, որ բանը հասնի դրան»:

Իհարկե, թույլ կտա, եթե այդպես պահանջի նրա պետական շահը: Արցախյան պատերազմը սանձազերծվեց հենց Խորհրդային Միության այն ժամանակվա իշխանությունների կողմից՝ ճնշելու համար Հայաստանում սկսված անկախության գործընթացները: Սա պատմական փաստ է, որն ավելի հրապարակավ կբարձրաձայնվի տասնամյակներ անց, թերևս, երբ այլևս ազդեցություն չի ունենա հայ-ռուսական «ստրատեգիական» հարաբերությունների վրա:
Դե իսկ մեր զինված ուժերի կողմից վերջերս չինական նմանատիպ համակարգերի ձեռքբերումը սեպտեմբեր 21-յան զորահանդեսին ընդառաջ, անշուշտ, տեղին ու մտածված հակաքայլ էր ադրբեջանական կողմին, բայց այն, իհարկե, չի լուծում վերը քննարկված խորքային խնդիրները: Դրանք համակարգային բնույթ ունեն և կարիք ունեն համակարգային լուծումների:

Ավագ ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031