Այսօր «Տեսակետ» մամուլի ակումբում «Քաղաքացիական գիտակցություն» հասարակական կազմակերպության նախագահ Նարեկ Սամսոնյանը հանդիպեց լրագրողների հետ:
Հանդիպման ընթացքում Նարեկ Սամսոնյանը անդրադարձավ ուսման վարձերի բարձրացմանը. «2-րդ, 3-րդ, 4-րդ կուրսեցիները չեն կարող պահանջել 1-ին կուրսեցիների համար վարձերի իջեցում: Երբ չի բարձրանում որակը, աբսուրդ է բարձրացնել վարձը: Ակտիվիստը շահառու չէ, ակտիվիստը կա ամեն տեղ: Նախարարը, որ տեսնում է շահառու չէ՝ լուրջ չի վերաբերվում: Շարժումները, որոնք հիմնականում բաղկացած են ոչ շահառուներից, նրանք պարզապես դատապարտված են ձախողման»:
Նա նաև անդրադարձավ դասադուլներին. «Դասադուլը, պետք է արդարացված լինի: Դասադուլը այնպիսի բան չէ, որ պետք է կազմակերպել: Եթե դասադուլին մասնակցում է 1000 ուսանող, ապա ավելի լավ է այդ 1000 հոգով 1 ժամ դասադուլ անել, դա ավելի արդյունք կտա, քան անել դասադուլ 10 հոգով, վերջում այդ 10 հոգին տուժեն ու որևէ բարձունքի չհասնեն: Այսօր էդ դասադուլը դարձել է ամենաէժան սպառնալիքի միջոցը»:
Նա նշեց նաև, որ «Քաղաքացիական գիտակցությունը» կազմակերպելու է արտահերթ համաժողով, որտեղ քննարկելու են մասնավորապես համալսարանների վարձերի բարձրացման խնդիրը:
Կարդացեք նաև
«Քաղաքացիական գիտակցություն» հասարակական կազմակերպությունը ձևավորվել է Բրյուսովի անվան Երևանի պետական լեզվաբանական համալսարանի ուսանողների շարժման արդյունքում, պետական գրանցում է ստացել մեկ տարի առաջ և ունի ավելի քան 700 անդամ: Կազմակերպության հիմնական նպատակն է զարգացնել և տարածել քաղաքացիական գիտակցությունը:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ