Լրահոս
Օրվա լրահոսը

Խաչիկյանի գործով հրապարակվեց մահացած վկայի ցուցմունքը (Ֆոտոշարք)

Օգոստոս 29,2013 15:18
PrevPhoto
NextPhoto

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, Վազգեն Խաչիկյանի, աշխատանքի ու սոցիալական ծառայության նախարարության 12 աշխատակիցների գործով իր արտագնա նիստերն անցկացրեց Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նիստերի մեծ դահլիճում:

190 վկաներից դատարանը հասցրել է դատակոչել եւ լսել մոտ 100 վկայի:

Եթե հաշվի առնենք նաեւ այն հանգամանքը, որ վկաները հիմնականում տարեց անձինք են, հիվանդ, սոցիալապես անպաշտպան, ապա դատակոչի առումով այն արդյունավետ է:

Այսօր դատարանին տեղեկացվել էր, որ մահացել է վկաներից մեկը՝ Արամազդ Կարաբեկյանը: Ուստի դատարանը հրապարակեց նախաքննության մարմնին տված վկայի ցուցմունքը:

Վկան հայտնել էր, թե բացակայել է հանրապետությունից, իսկ իր կենսաթոշակը ստանալու համար որեւէ մեկին լիազորագիր չի տվել, եւ որեւէ մեկը չէր կարող այն ստանալ:

Քրեական գործի վարույթն իրականացնող մարմնին հայտնի էր դարձել, որ 2007-2008թթ. ժամանակահատվածում կասեցված կենսաթոշակային գումարը կազմել է 460 000 դրամից ավելի, ինչը թոշակառուն չի ստացել: Աշխատանքի եւ սոցիալական ծառայության տեղեկատվական բազայի շտեմարանում առկա են եղել այս կենսաթոշակառուի տվյալները:

Դատարան էր ներկայացել վկա Էդգար Վարժապետյանը: Նա երկրորդ անգամ էր կանչվել, քանի որ նրա ցուցմունքներում եղել էին էական հակասություններ վկա Արթուր Աբրահամյանի ցուցմունքների հետ:

Այս վկան նախաքննության ժամանակ հայտնել էր, որ Վազգեն Խաչիկյանը զանգել է իրեն, եւ ասել, որ Ռուբեն Մնացականյանի եւ Արթուր Աբրահամյանի հետ բարձրանան իր մոտ: Վազգեն Խաչիկյանն ասում է, որ թաղման նպաստների կրկնակի վճարում է եղել եւ պետք է գումարը վերականգնել:

Խաչիկյանի մոտ Արթուր Աբրահամյանը խոստովանում է, որ ինքն է համակարգչով կատարել «ուղղումները», եւ ինչ եղանակով: Վազգեն Խաչիկյանը տվել է մեկ շաբաթ ժամանակ, մինչդեռ տասն օրվա ընթացքում հավաքվել է 20 միլիոն դրամ, ապա՝ 9, որը Ռուբեն Մնացականյանը ցելոֆանով բերել է վկային, նա էլ փոխանցել է ամբաստանյալ Աշոտ Աբրահամյանին:

Դատարանում այս վկան հոխորտալով ասաց, թե մի ամսվա ընթացքում է գումարը տրվել, իսկ Արթուր Աբրահամյանն էլ ասել էր, թե երեք-չորս օրվա ընթացքում է գումարը հավաքվել եւ անձամբ տրվել է Էդգար Վարժապետյանին:

Վկան «անցնում է» այս գործից անջատված մասով նույնպես եւ վրդովվեց, երբ այդ մասին ակնարկեց փաստաբան Հովիկ Արսենյանը:

Էական ոչինչ չհայտնեց վկա Անահիտ Գրիգորյանը: Նա ասաց միայն, որ սկեսուրը՝ Օլգա Ղուկասյանը, մահացել է 2004-ին, իսկ որեւէ մեկը չէր կարող նրա թոշակը ստանալ:

Հաջորդ դատական նիստը նշանակվեց սեպտեմբերի 5-ին:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031