Լրահոս
Օրվա լրահոսը

Արման Նավասարդյան. «Սիրիան մեծ պատերազմի նախօրեին»

Օգոստոս 29,2013 15:09

article.diplomat.am. Շեքսպիրի Օթելլոն ինքնասպան լինելուց առաջ հիշում է, թե ինչպես է Հալեպում հաշվեհարդար տեսել «փաթթոցավոր չարագործ տաճիկի» հետ ընդամենը այն բանի համար, որ նա ծեծել է մի վենետիկցու: Եթե խեղճ մավրն իմանար, թե այդ «տաճիկի» հետնորդներն հիմա ինչ ոճիրներ են գործում այդ քաղաքում և ողջ երկրում, հավանաբար շուռ կգար գերեզմանում…

Այն, ինչը երկու տարուց ավելի մտահոգում էր մարդկանց, իսկ մեզ` հայերիս, անգամ վախեցնում, կարծես թե դառնում է իրողություն:

Ամերիկան և նրա դաշնակիցները, որոնք երկար ժամանակ սպառնում էին Բաշար Ասադին, կարծես թե անցնում են սիրիական Ռուբիկոնը: Նրանք հայտարարել են, որ օգոստոսի 29-ին (հինգշաբթի) սկսում են զանգվածային ռազմական գործողություններ Սիրիայի կառավարական զորքերի դեմ:

Իսկ ինչու՞ հենց հիմա, երբ ռազմական գործողությունների պլաններ արևմտյան երկրների շտաբներում կազմվել էին դեռևս կես տարի առաջ:

Նախ, այն պատճառով, որ Ասադի զորքերը հաջողություններ արձանագրեցին արմատական իսլամիստների հետ կռվում, և Արևմուտքն սկսեց անհանգստանալ:

Այնուհետև ծրագրավորված, մի գուցե և չծրագրավորված, Օգոստոսի 21-ին Դամասկոսի արվարձաններում քիմիական զենքի զոհ դարձավ 1300 մարդ, որը Սպիտակ տունը գնահատեց որպես Ասադի զորքերի կողմից խաղաղ բնակչության զանգվածային կոտորած:

Այսպիսով, Սիրիայի նախագահը խախտեց Վաշինգտոնի սահմանած «կարմիր գիծը», որի համար, Սպիտակ տան որոշմամբ, «նա պետք է պատասխան տա անպաշտպան մարդկանց դեմ քիմիական զենք կիրառելու համար»: 

Մազաչափ անգամ չկասկածելով, որ զարին գազն օգտագործել են սիրիական կառավարական զորքերը, ամերիկացիները չեն էլ սպասում այդ խնդիրն ուսումնասիրող ՄԱԿ-ի հատուկ հանձնաժողովի եզրակացությանը, ինչպես նաև գտնում են, որ կարելի է հարվածել Սիրիային` առանց ունենալու Անվտանգության Խորհրդի որոշումը, ինչը միջազգային իրավունքի կոպիտ խախտում է և կրկնում է Իրաքի պատմությունը:

Կասկածից վեր է, որ այդ ինստիտուտի մշտական անդամներ Ռուսաստանն ու Չինաստանը երբեք չեն քվեարկի ամերիկյան բանաձևի օգտին: Ավելին, Մոսկվան Լավրովի բերանով հայտարարում է, որ քիմիական զենքն օգտագործել է ոչ թե բանակը, այլ ընդդիմությունը: Այս վարկածը ևս գոյության իրավունք ունի, եթե հաշվի առնելու լինենք, որ Սիրիայում իրար դեմ կռվող ուժերը համառ կերպով դիմացինին են մեղադրում քիմիական զենք օգտագործելու մեջ:

Օբամայի համար ուժեղ փաստարկ է սիրիական իշխանությունների հեռախոսային խոսակցության լսումները ամերիկյան հետախուզության կողմից: Ասադի սխալներից մեկն էլ այն է, որ նա երկար ժամանակ չէր թողնում միջազգային մասնագետներին՝ հետազոտելու զենքի առկայության փաստը, որը համարվում է միջազգային իրավունքի կոպիտ խախտում և օգտագործվեց նրա դեմ Արևմուտքի կողմից:

Բոլոր դեպքերում այն տպավորությունն է ստեղծվում, որ Վաշինգտոնը պարզապես առիթ է փնտրում պատերազմելու համար, առանց մինչև վերջ ջոկելու թացը չորից:

ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Արտակարգ և լիազոր դեսպան

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031