Սեպտեմբեր ամսին հանրապետությունում հիմնականում կգերակայեն հյուսիս-արեւմտյան ցուրտ օդային հոսանքները, որոնցով պայմանավորված՝ օդի ամսական միջին ջերմաստիճանը կլինի նորմայից մեկ աստիճան ցածր: Այս մասին այսօր «Ելակետ» մամուլի ակումբում հայտարարեց ԱԻՆ հիդրոմետ ծառայության օթերեւութաբանական կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը: Տեղումների քանակը հանրապետության մարզերի մեծ մասում կլինի նորմային մոտ, միայն Վայոց ձորում եւ Սյունիքում կլինի նորմայից պակաս:
Ամենատաք օրերը կլինեն ամսվա առաջին տասնօրյակում: Ամենաբարձր ջերմաստիճանը կգրանցվի Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտներում, Տավուշի հովտային գոտիներում: Սեպտեմբեր ամսվա առաջին տասնօրյակում մայրաքաղաքում կլինի ջերմաստիճանի բարձրացում՝ ցերեկը մինչեւ 33 աստիճան , իսկ երկրորդ տասնօրյակում կլինի ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչեւ 12 աստիճան:
Լեռնային շրջաններում առաջին տասնօրյակում ջերմաստիճանը կբարձրանա ցերեկը մինչեւ 24 աստիճան, իսկ երկրորդ եւ երրորդ տասնօրյակում գիշերը հնարավոր է անկում՝ մինչեւ 1-4 աստիճան տաքության: Լոռու եւ Տավուշի մարզերում ցերեկային ժամերին հիմնականում ցերեկը կլինի 20-24 աստիճան տաքություն, իսկ գիշերը՝ 8-10 աստիճան: Սյունիքի հովիտներում գիշերը կլինի 10-12 աստիճան, իսկ ցերեկը՝ 30-32:
Գագիկ Սուրենյանի խոսքերով, սեպտեմբեր ամիսը դեռեւս կլիմայական պայմաններով համարվում է ամառային ամիս, ջերմաստիճանի լուրջ նվազումներ տեղի չեն ունենա: Սակայն, նրա պնդմամբ, այս տարվա առանձնահատկությունը կլինի այն, որ սովորաբար,եթե սեպտեմբեր ամսին հովտային շրջաններում գրանցվում է բավականին բարձր ջերմաստիճան, ապա այս տարի ջերմաստիճանն առանձնապես շատ բարձր չի լինի :
Կարդացեք նաև
Նա հայտարարեց, որ օգոստոսի 30-ից մինչեւ սեպտեմբերի 2-ը հանրապետությունում կգործի սեւծովյան ցիկլոնը: Օրվա առաջին կեսին կդիտվի առանց տեղումների եղանակ, իսկ օրվա երկրորդ կեսին՝ հիմնականում երեկոյան եւ գիշերը, կլինեն ամպրոպային բնույթի կարճ անձրեւներ, իսկ առանձին վայրերում կլինի նաեւ կարկուտ:
Օֆելյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ