Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Սա է, որ քաղաքական օրակարգ է ձեւավորելու»

Օգոստոս 29,2013 14:15

«Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը գտնում է, որ ԵՄ Ասոցացման համաձայնագիրը ստորագրելով՝ ՀՀ նախագահը կարդարացնի քաղաքակիրթ աշխարհի վստահությունը:

«Հայաստանում քաղաքական գործընթացների զարգացումները ես կապում եմ գլոբալ գործընթացների զարգացումների հետ, ինչի նախաշեմին ենք կանգնած: 10 տարուց ավելի մենք ասում ենք, որ մեր զարգացման ուղին դեպի Եվրոպա է տանում, դեպի այն երկրները, որտեղ իշխանություններն ընտրվում են, որտեղ տնտեսությունն ազատ է, անկախ է իրավական համակարգը, եւ մարդիկ բարեկեցիկ կյանքով են ապրում: Ես չեմ կարող, եւ ոչ ոք չի կարող, ՀԱՊԿ անդամ երկրներից նշել մի երկիր, որտեղ իշխանությունները ժողովրդի կողմից ընտրված են»,- «Առավոտի» հետ զրույցում խոսելով ԵՄ Ասոցացման համաձայնագիրը ստորագրելու անհրաժեշտության եւ Եվրասիական միությանն անդամագրվելու վտանգների մասին՝ այսպիսի տեսակետ հայտնեց «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:

Մեր հարցին՝ Ռուսաստանի ճնշումը մեծ չի՞ լինի Հայաստանի վրա Ասոցացման համաձայնագիրը ստորագրելու դեպքում, Արամ Սարգսյանը պատասխանեց. «Հենց այդտեղ է որոշման պատմականությունը: Սա է, որ քաղաքական օրակարգ է ձեւավորելու: Եթե այս իշխանությունները, որ մեր տեսակետների համար հալածել են մեզ, փորձել են կուսակցությունը բաժան-բաժան անել, բանտարկել են մեզ (եթե վերցնենք, քաղաքական դաշտում 2004-ի ապրիլի 12-ից եւ 2008-ի մարտի 1-ից հետո էլ ամենաշատ բանտարկվածները «Հանրապետություն» կուսակցությունից են), հիմա վերջապես գիտակցում ու ընդունում են, որ երկրի ապագան այնտեղ է, ու չեն վախենալու անկախ որոշում կայացնել ու իրագործել, ես ողջունելու եմ այդ քայլերը: Դա հնարավորություն է տալու երկիրը էվոլյուցիոն ճանապարհով զարգացնելու: Ես հասկանում եմ նաեւ, որ այդ փաստաթուղթը ստորագրելով՝ Սերժ Սարգսյանը կտրելու է այն ճյուղը, որի վրա ինքը նստած է, որովհետեւ իր ուժը  մոնոպոլիաներն են, օլիգարխիան, չկայացած դատական համակարգը: Եվ դա բոլորն են հասկանում, հարցը ժամանակն է, որ խլվում է երկրից, պետությունից, ժողովրդից, որի կորուստը ոչ մի հաջորդ նախագահ չի վերականգնելու՝ այսօրվա չարածդ այլեւս երբեք չես անելու: Պետության անհրաժեշտությունն է ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը: Եթե համաձայնագիրը չի ստորագրվի, առաջնահերթ է դառնում Հայաստանի Հանրապետության անկախության փրկությունը, իսկ դա այն վտանգն է, որի վերացման համար ես ոչինչ չեմ խնայի, որովհետեւ անկախությունը մեր միակ անսակարկելի արժեքն է: Ու այստեղ թե Վազգեն Սարգսյանի թողած ժառանգության պաշտպանության խնդիրը կա, թե քաղաքական գործչի պատասխանատվության: Ես խնդրելու եմ երկրի յուրաքանչյուր գիտակից քաղաքացու աջակցությունը: Ի վերջո պետք է հասկանալ, որ երկիրը իշխանությանը չի պատկանում, երկիրը ժողովրդինն է, տիրոջ գիտակցությունը մեր մեջ փորձում են ոչնչացնել ու վերացնել, բայց դա ոչ միայն վտանգավոր է, այլեւ անհնար»:

Ըստ Արամ Սարգսյանի՝ իր համար անհասկանալի են այն մարդիկ, ովքեր հարցնում են՝ կարդացե՞լ եք ԵՄ Ասոցացման համաձայնագիրը, որ համաձայն եք նախաստորագրմանը. «Քաղաքական դաշտում քաղաքական գործունեություն ծավալած մարդը եթե նման տեսակետ է հայտնում, ընդունում է, որ ինքը քաղաքականության հետ կապ չունի: Ես տեսել եմ այն երկրները, որոնք զարգանում են արեւմտյան եվրոպական ստանդարտներով, որտեղ նորմալ, արժանապատիվ կյանք ապահովող կենսամակարդակ կա, որտեղ իշխանություններն ընտրվում են, որտեղ դատական համակարգն անկախ է: Իմ երկրի շատ քաղաքացիներ, ովքեր բոլորովին էլ պակաս հայրենասեր չեն ու պատրաստ են կյանքը տալ երկրի համար, երազում են գնալ նման երկրներ եւ իրենց երեխաներին տանել, որովհետեւ այնտեղ ապագա են տեսնում: Մենք բազում խնդիրներ ունենք տնտեսության մեջ, ու բոլոր այդ խնդիրները պահանջում են քաղաքական լուծումներ, մեր ապրանքները անորակ են, մրցունակ չեն, բայց մեր անցնելիք ճանապարհը Արեւելյան Եվրոպան արդեն անցել է ու կարողացել է հաղթահարել բոլոր անհաղթահարելի թվացող դժվարությունները: Ես չեմ տեսնում ոչ Բելառուսի նախագահ Լուկաշենկոյից ու նրա վարած իշխանությունից սովորելու բան, ոչ Նազարբաեւից, ոչ էլ առավել եւս՝ Պուտինից: Ես շատ եմ ուզում, որ այդ երկրներն էլ անցնեն ժողովրդավարության ճանապարհով: Եվ այդպես էլ լինելու է: 21-րդ դարը ոչ ոք չի կարող բեկանել, ընդամենը ժամանակի խնդիր է: Նրանք ունեն այդ ժամանակը եւ ժամանակ ձգելու ռեսուրսները: Մենք՝ արդեն ոչ: Եթե Սերժ Սարգսյանը կարողանա ինքնուրույն որոշումներ կայացնել, քաղաքակիրթ աշխարհի կողմից իրեն ավանսով ցուցաբերված վստահությունը կարդարացնի ու հնարավորություն կունենա էվոլյուցիոն քայլերի: Չի կարողանա՝ հիասթափությունն իրենից էլ ավելի կմեծանա, երկրի տնտեսական վիճակն էլ ավելի կվատթարանա, խնդիրներ կառաջանան նաեւ Ղարաբաղի հիմնահարցում, եւ ընդդիմությանն արդեն ոչինչ չի մնա, քան հեղափոխական ճանապարհով դուրս գալ գործող իշխանության դեմ՝ ի պաշտպանություն Հայաստանի Հանրապետության անկախության ու գոյության կենսապայմանների ստեղծման»:

ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. David says:

    Ցավում եմ, որ իրեն քաղաքական գործիչ համարող Արամ Սարգսյանը ընկել է ուտոպիաի գիրկը։
    Փաստ է, որ ներկա իշխանություները ինչպես 1996 թ ընտրություններն էր ոչ ժողովուրդական ձևով վերընտրվան, մի տարբերությամբ, որ Վազգենը ու իրա կլանե բացեբաց կեղծեծին։
    Փաստ է, որ Եվոմիության Հայաստանը ընդհանրապես պետք չի, իր երած ադամների (Իսպանիա, Հունաստան, ……)ձեռքն է կրակը ընկել ինչ մնում է դրան էլ Հայաստանին ավելացնի։ Եվրոմիության միակ նպատակն է Ռուսաստանին մեկուսացնել , դրա համար է ձգտում Հայաստանին էլ պոկել, հետո թողնել փշալարերից կախված։

  2. Պրոֆեսոր says:

    Ինչքանով վարչապետ էիր, նույնքան էլ քաղաքական գործիչ…
    Հիշեցնում եմ բոլոր ԵՄ-ին անդամակցելու համախոհներին… Կիպրոսի բաժանումը 2 մասի պետք է դաս լինի ձեզ… ԱՄՆ-ը եվ ՆԱՏՕ-Ն հաշվի չառան Հունաստանին, առավելությունը տվեցին Թուրքիային… Փորձված թանը ավելի լավ է, քան անփորձ մածունը… եթե ՌԴ Ադբեջանին չվաճառեր զին տեխնիկա, ապա կվաճառեին Իզրայել, Ուկրաինան, ՆԱՏՕ-ի անդամակից երկրները…ինչպես որ անում են…այս պարագայում ավելի լավ է ՌԴ-ն հարստանա…

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031