Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ադրբեջանցիներին հաղթելու համար պատասխանատվությունը մեծ էր»

Օգոստոս 29,2013 14:07

Հայ մարզիկները՝ իրենց հաղթանակների մասին

13-ամյա Տիգրանի՝ սպորտում ունեցած հաջողության մասին տեղեկացա նրա հարազատներից. Տիգրանը  վերջերս Օդեսայում կայացած դոկոնդոյի կարատեի աշխարհի 6-րդ գավաթի առաջնությանը մենամարտել է ազգությամբ ադրբեջանցի մարզիկի հետ եւ 3-րդ տեղը զբաղեցրել: Երբ փորձեցի զրուցել Տիգրանի հետ ու հասկանալ, թե արդյոք հակառակորդի ազգությունը դեր խաղացե՞լ է իր հաղթանակում, եւ երբ տեղեկացրեցի, որ ուզում եմ հոդված գրել, նա հրաժարվեց, միայն ասաց, որ ավելի մեծ է եղել պատասխանատվությունը ադրբեջանցուն հաղթելու: Իսկ ինչ վերաբերում է հոդված պատրաստելուն, 13-այմա մարզիկն ասաց, որ ավելի լավ է զրուցենք իր ընկերների հետ, որոնք ավելի մեծ հաղթանակներ են ունեցել:

«Տիգրանը համեստություն է արել, մենք մեծարում ենք աշակերտին, բայց դրա հետ մեկտեղ սովորեցնում ենք համեստություն: Տիգրանին՝ բրավո, խրախուսում եմ, մեր սաները բոլորն էլ այդպես կպահեին իրենց, սա թիմային գործ է, մենք անհատական չենք, 28 հոգանոց թիմ է գնացել Օդեսա: Տիգրանի ընկերները չեմպիոններն են, ինքը 3-րդ մրցանակային տեղն է զբաղեցրել, ինքը հասկանում է՝ փորձը քիչ է, բայց դահլիճի լավագույններից էր, որ դուրս գնացողների ցուցակում ներգրավվեց»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Տիգրանի սենսեյը՝ մարզիչ  Էդմոն  Մուրադյանը:

 

Արդյոք հաղթանակ տանելու համար մե՞ծ դեր է խաղացել հենց այն հանգամանքը, որ մեր մարզիկները թշնամի ազգի հետ են մրցել, եւ իսկապես դա պատասխանատվությունն ավելի՞ է մեծացնում, մեր այս հարցին սենսեյը պատասխանեց. «Ընտանիքներից փոխանցված կա նման բան, որ մեր մարզիկները բերում են այստեղ, բայց սպորտում մենք թշնամի ազգ չենք զգում, սպորտում մեզ համար հակառակորդը հակառակորդ է: Բայց ասեմ՝ ադրբեջանցիների մոտ թշնամի ազգ հասկացությունն ավելի ցայտուն է, իրենք դա ցույց են տալիս, իսկ մենք մեզ ավելի հանգիստ ենք պահում, կարծում եմ՝ դա է պատճառը, որ մենք հաղթեցինք: 4 մենամարտ եղավ, 2-ը հենց եզրափակիչ փուլում էր, որում մենք ունեցանք հաղթանակ, գումարած 3 ադրբեջանցի մարզիկ 3 մենամարտերում մեզ պարտվեցին: Այս անգամ 18 երկրների մեջ ադրբեջանցիները բոլորը հայերին պարտվել են: Դրա հիմնական պատճառը բարձր պատրաստվածությունն է, մեր տղաներն ավելի ագրեսիվ էին աշխատում, եւ իրենք իրենց ծրագրել էին, որ պիտի հաղթեն»:

Էդմոն Մուրադյանի ներկայացմամբ՝ Օդեսայում առաջին անգամը չէր, որ ադրբեջանցի հակառակորդների են հանդիպել, աշխարհի տարբեր մրցույթներում մշտապես լինում եմ ադրբեջանցիներ. «Իրենք էլ շատ ուժեղ են, իրենց ներկայացուցիչն իմ ընկերն է, մենք մարզիչներով փորձում ենք հանել երեխաների միջից ադրբեջանցի-թշնամի հասկացությունը, բայց դե՝ երեխաներ են, իրենց լարված են պահում: Մրցույթների ժամանակ տղաներ կային, որ ինձ ասում էին՝ սենսեյ, այսինչ ադրբեջանցի տղու հետ եմ ծանոթացել, լավն է: Ու չնայած փորձում ենք թշնամի զգացումը հանել, բայց զգայուն ենք ու զգույշ»:

Նշենք, որ Օդեսայում հայ մարզիկները 8 առաջին տեղ են զբաղեցրել, որոնց մեջ նաեւ՝ 2 կին, 11 մարզիկ 2-րդ տեղն է զբաղեցրել, իսկ 3-րդ տեղ՝ 2 մարզիկ:

Երբ զրուցեցինք հաղթանակած տղաներից մի քանիսի հետ, գրեթե բոլորն էլ ասացին, որ հաղթանակ տանելու պատասխանատվության զգացումը շատ ավելին էր, իսկ ադրբեջանցիների հետ պայքարելու հարցում վախ չկար, բայց ազգությունը տղաներին ավելի զգոն ու սթափ է պահել»: Սաներից ամենափոքրը 7 տարեկան Վահագն էր, որը եւս չեմպիոն է դարձել ու հաղթել ադրբեջանցի մարզիկի, բայց ինչպես սենսեյն ասաց՝ ինքը փոքր է եւ այնքան էլ լուրջ չի ընկալում՝ ադրբեջանցի՞ է հակառակորդը, թե՞ այլ ազգության:

Իսկ առաջին տեղը զբաղեցրած Համլետ Մխիթարյանը մեզ հետ զրույցում ասաց. «Ամեն մարդ տարբեր ձեւ է ընկալում, ես առաջին անգամ չէի ադրբեջանցու հետ մրցում ու չէի վախենում, ուղղակի պարտավորված էի զգում ինձ»:

Ընդհանրապես արեւելյան մարզաձեւերը բավականին տարբերվում են այլ մարզաձեւերից, ինչպես Էդմոն Մուրադյանն ասաց՝  կարատեի մեջ կա կյանքի  հոգեբանություն. «Արեւելյան մարզարվեստի հոգեբանությունը շատ խորն է եւ իմաստալից, այստեղ ուսուցանում են միայն լավը՝ «ին եւ յանի», չարի եւ բարու, սեւի եւ սպիտակի հոգեբանական նշանակությունը, փիլիսոփայությունը: Այստեղ արեւելյան ասացվածքներով ենք ուսուցանում, օրինակ՝ հարգիր մեծերին այնպես, ինչպես կհարգես մորդ եւ հորդ, ու միայն անգիր չեն անում: Մեր սաները խորությամբ են ընկալում այդ ամենը: Բոլորը հանգիստ են ոչ միայն այս դահլիճում, այլեւ դահլիճից դուրս՝ ցանկացած տեղ: Այո, սա մարտարվեստ է, բայց մենք չենք սովորեցնում վայրենություն, ջարդել-փշրել, այս մարտարվեստը սովորեցնում է ճիշտ ապրել»:

Սենսեյի խոսքերով՝ արեւելյան մարզաձեւերը շատ են Հայաստանում, դոքանդոյի հիմքը 1994 թվականից է, այսօր շուրջ 6000 աշակերտ ունենք. «Այս սպորտաձեւը օլիմպիական ձեւ չէ՝ պետական մակարդակով ֆինանսավորվելու համար, բայց էլի օգնում են, մարդիկ կան, որոնք ոչ միայն եկեղեցիներ են կառուցում, այլեւ սպորտին էլ են օգնում: Հովանավորներ ունենք»:

Սենսեյի փոխանցմամբ՝ տարբեր մրցաշարերի մասնակցելով՝ մեր մարզիկներից շատերը մշտապես հաղթանակներով են վերադարձել:

Իսկ ինչպիսի՞ հոգեբանական ազդեցություն կարող է ունենալ մարզիկների մոտ թշնամի ազգի ներկայացուցչի հետ սպորտում պայքարելը, եւ արդյոք թշնամի ազգ զգացողությունը կարո՞ղ է ազդել հաղթանակի վրա: Այս մասին «Առավոտը» հետաքրքրվեց Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ, համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի պատվավոր անդամ Արմեն Սողոյանից: Նրա ներկայացմամբ՝ ընդհանրապես հայկական էթնոսի վրա թշնամու գաղափարում հիպերբոլիզացում՝ չափազանցում կա, հայկական էպոսում էլ է այնպես ներկայացված, որ հիմնական էներգիան հավաքվում է, երբ թշնամի է լինում: Սա, ըստ պարոն Սողոյանի, բոլոր ազգերի մոտ էլ կա. «Բայց որոշակի պատմական բաներ հաշվի առնելով՝ թշնամի ազգ հասկացությունը հնարավոր է՝ դեր ունենա: Ընդհանրապես, ցանկացած նման գաղափար կարող է վնաս էլ տալ այսինքն՝ ավելի էմոցիոնալ գործեն, թշնամի գաղափարը շատ դեպքում նույնիսկ վնաս է, բայց հաշվի առնենք, որ մեր մազիկները ոչ միայն թշնամի ազգի ներկայացուցիչներին են հաղթել»:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031