Լրահոս
Օրվա լրահոսը

Փախստականն այլմոլորակայինի կարգավիճակում է

Օգոստոս 29,2013 14:04

e-«iaa-N--N0002«Առավոտը» շարունակում է հետամուտ լինել փախստականների դեմ ստեղծված դատական անօրինական գործընթացներին

Անդրադառնանք փախստական Ռուսլան Բաբայանի դեմ «չգրված օրենքների» կիրառման տարբերակներին:

Չգրված օրենք է, երբ անձը 20 տարի շարունակ գտնվում է փախստականի կարգավիճակում, ապրում է անորոշ պայմաններում եւ տաժանակիր գոյությունից հետո որոշվում է, որ նա այլեւս փախստական չէ եւ  դա այն պարագայում, երբ փախստականը ապրելու համար չունի նույնիսկ  տարրական պայմաններ:

Ռուսլանը ծնվել է Ռուսաստանի Դաշնությունում՝ 1989 թվականին:

Ռուսլանի մայրը՝ Մարինան, ով եղել է ֆիզարձակուրդի մեջ, երեխայի ծնունդից հետո վերադարձել է Ադրբեջան: Այդտեղ բնակվելուց հետո արդեն ընտանիքով բռնագաղթվել են Հայաստան եւ մինչ օրս բնակվում են Կոտայքի մարզի Քասախ գյուղում:

2011 թվականին  ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության նախաձեռնությամբ հարուցվել է վարչական վարույթ, որի արդյունքում դադարեցվել է Ռուսլանի փախստականի կարգավիճակը: Կարգավիճակը դադարեցնող որոշման մեկնաբանական մասում ՄՊԾ-ն նշում է, թե՝ Ռուսլանը ծնվել է Ռուսաստանյում, իսկ նրա ծնողների բռնագաղթման փաստը չի կարող լինել հանգամանք նրան փախստական ճանաչելու համար:

Նախ՝ ՄՊԾ-ն նույնիսկ սխալ է նշել Ռուսլանի ծննդյան տարեթիվը: Ռուսլանը ծնվել է 1989 թվականին, իսկ ՄՊԾ-ի կողմից կայացրած որոշման մեջ նշված է 1987 թվականը: Բացի դա, նշվում է, որ տղայի ընտանիքի՝ Ադրբեջանից բռնագաղթվելու  վերաբերյալ տեղեկություններ «Համակարգչային կենտրոն» ՊՈԱԿ-ի արխիվում չկան: Դրանով հանդերձ՝ ՄՊԾ-ն Ռուսլանին տրամադրել է փախստականի վկայական: Հատկանշական է, որ Ռուսլանի փախստականի կարգավիճակը վերականգնելու հարցը քննվեց նաեւ Հայաստանի վարչական եւ վարչական վերաքննիչ դատարաններում, որտեղ դատավորները մերժեցին նրա հայցը, այն էր՝ անվավեր ճանաչել ՄՊԾ-ի որոշումը եւ պարտավորեցնել կայացնել բարենպաստ վարչական ակտ:

Փաստաբան Գագիկ Մայիլյանը, ով Ռուսլանի գործով ներկայացուցիչն է եղել բոլոր դատարաններում, դատարան էր ներկայացրել տեղեկանքներ, որտեղ հստակ երեւում է, որ Ռուսլանը ծնվելուց հետո եղել է Ադրբեջանում եւ ծնողների հետ  բռնագաղթվել է այդտեղից: Նշենք նաեւ, որ փաստաբան Գագիկ Մայիլյանն այդ տեղեկությունները դուրս է հանել նույն «Համակարգչային կենտրոն» ՊՈԱԿ-ի արխիվից, ինչի մասին ՄՊԾ-ն նշել է, որ այդտեղ ընտանիքի բռնագաղթվելու մասին տեղեկություններ չկան: Ներկայացուցիչը դատարան էր ներկայացրել  Ռուսլանի ընտանիքի՝ Բաքվում թողած հողատարածքների մասին տեղեկանքները, ընտանիքի անդամների վերաբերյալ տեղեկություններ, որոնք որպես փաստացի հանգամանքներ չեն դիտվել:

Բոլոր դատարաններից մերժում ստանալով՝ Ռուսլանը գործը բողոքարկել էր Հայաստանի վճռաբեկ դատարան:

Վճռաբեկ դատարանը նրա գործը նույնիսկ վարույթ չի ընդունել եւ այն վերադարձրել է պատճառաբանությամբ. «Վերլուծելով բողոք բերած անձի փաստարկները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դրանք բավարար չեն եզրահանգելու, որ առկա է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.8-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված՝ նյութական կամ դատավարական իրավունքի նորմի առերեւույթ էական խախտում: Հետեւաբար, բերված բողոքում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.8-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված հիմքը նույնպես հիմնավորված չէ: Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը ենթակա է վերադարձման»: Բողոքը վերադարձնելու մասով փաստաբան Գագիկ Մայիլյանն «Առավոտի» հետ զրույցի ժամանակ ասաց. «Առհասարակ, մեր բերված հիմքերին ուշադրություն չեն դարձրել: Մենք բողոքի հիմքում դնում ենք այլ խնդիր, իսկ Վճռաբեկի կողմից ներկայացվում է այլ հիմքով պատասխան, որի հետեւանքով էլ բողոքը վարույթի չեն ընդունում»: Տեղեկացնենք, որ Ռուսլանն առաջին փախստականը չէ, ում բողոքը վերադարձնում է Վճռաբեկ դատարանը:

Չնայած այդ ամենին, Ռուսլանը շարունակում է իրավական գոյությունը պահպանել  փախստականի վկայականով եւ շարունակում է աշխատել նույն այդ վկայականով, սակայն, թե ի՞նչ ընթացք կունենա նրա իրավական գոյությունը հետագայում եւ  թե ո՞ր կարգավիճակում կդիտվի նա Հայաստանում, եթե ոչ ՀՀ քաղաքացի է, ոչ ՌԴ քաղաքացի, ոչ էլ փախստական, ապա այդ մասին դեռ հստակ արձանագրված չէ, իսկ ՄՊԾ-ի կատարած իրավախախտումների հետեւանքով իրենց իսկ կողմից հայտարարված փախստականներն այժմ գտնվում են «այլմոլորակայինի կարգավիճակում», որոնք նույնիսկ պահպանում են իրենց իրավական գոյությունը ժամկետն անցած անձնագրերով: Մինչդեռ կարգավիճակի այդ տեսակը նորաձեւ է դարձել Հայաստանում: «Առավոտի» հետ զրույցի ժամանակ Ռուսլանի մայրն ասում է. «Մենք չհասկացանք էլ, թե ով ի՞նչ էր ուզում եւ թե ի՞նչ էր իրենց արածի իմաստը: Այդպես էլ ամեն ինչ օդի մեջ մնաց»:

ՍԵՐԳԵՅ ՀԱԿՈԲՅԱՆ

Ռուսլան Բաբայանի փախստականի վկայականի պատճենն է եւ Վճռաբեկ դատարանի վճիռը՝ Ռուսլանի բողոքը վերադարձնելու մասին:

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031