Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Նա աշխարհից գնաց՝ չունենալով ոչ մի չփակված հաշիվ

Օգոստոս 29,2013 13:57

6-2Այդին Մորիկյանի «Մնացյալ կյանքի առաջին օրը»

Լույս է տեսել Այդին Մորիկյանի «Մնացյալ կյանքի առաջին օրը» գիրքը, որը ներկայացնում է հեղինակի հրապարակախոսական, գրական, թարգմանչական լավագույն շերտը: Հասարակության դատին է ներկայացվում նրա ստեղծագործությունների ժողովածուն, մի մարդու, ով աշխարհից գնաց՝ չունենալով ոչ մի չփակված հաշիվ…

Անստորագիր կոչվող առաջաբանում, որի տակ կարող է ստորագրել Մորիկյանին ճանաչող ցանկացած ոք, Այդին Մորիկյանի մարդկային տեսակի ու այլոց միջեւ զուգահեռներն է տարված. այդ նրբին զուգահեռներ ճիշտ եւ ճիշտ բնորոշում են Այդինին, վերակերտում նրա կերպարը. «Քեզ հետ ընկերություն անելու  օրերին հասկանում էինք, որ գործ ունենք ժայռի հետ. այդքան կամք, նաեւ միտք… թույլ, հիվանդ մարմնի մեջ, որին վիճակված էր ապրել ընդամենը  հիսունմեկ տարի… Այդպիսին Բոնապարտն էր, այդպիսին Պասկալն էր… ու նաեւ Էքզյուպերիի  Փոքրիկ Իշխանը:

Ասում են՝ Ֆրանսիայի թագավորը աշխարհի տարբեր երկրներից նշանավոր բժիշկների էր հրավիրել՝ մեռնող Պասկալին փրկելու համար: Եվ նա՝ մտքի երեսնիննամյա տիտանը, գիտակցելով իր անհույս վիճակը, տունը հիվանդանոց է դարձնում, որպեսզի հնարավորինս շատ մարդիկ օգտվեն աշխարհահռչակ բժիշկների ծառայությունից: Ասում են նաեւ, որ Պասկալն ամբողջ կյանքում դեպի ներս ուղղված մեխապատ գոտի էր կապում… ու ինքն իրենից գոհ լինելու պահին ձգում էր գոտին, որպեսզի ինքնագոհության զգացումը չապականի հոգին… Ինքդ էլ ապրեցիր ասկետի պես, բաշխեցիր ու շնորհեցիր, բաշխվեցիր ու շնորհվեցիր: Անմնացորդ: Ու երբեք չբողոքեցիր՝ միշտ «Փառք Աստծո, լավ եմ» ասելով»:

Պարզվում է՝ Այդին Մորիկյանի մահվան օրը, երբ Ալբերտ Սոխիկյանը աշխատել է դիմանկարի վրա, ողջ գիշեր նրա արվեստանոցում թեւածել են Չարենցի, Ենգիբարյանի եւ Բոնապարտի հոգիները, եւ կարծես նրա՛նք են ուղղորդել վրձինը:

«Մնացյալ կյանքի առաջին օրը» գրքի վրա աշխատել են եւս երկու անվանի նկարիչներ՝ Հենրիկ Մամյանն ու Հրանտ Թադեւոսյանը… Եվ ահա զգում ենք  մարդ, ընկեր, քաղաքացի,  չափանիշ Այդին Մորիկյանի երկնային, բայց ֆիզիկական ներկայությունը:

Կյանքը զգալու արվեստը շատերը գիտեն, իսկ հավերժության ընկալումը միայն ընտրյալների է տրված, ու Այդին Մորիկյանը վստահ էր, որ ոչինչ չի սկսում ու ավարտվում, ամեն ինչ միայն շարունակություն է:

Նա ամեն ինչի հանդեպ իր՝ այդինյան ընկալումն ուներ, օրինակ՝ գրականությունն, ըստ նրա, այն է, երբ ընթերցողը դառնում է հեղինակակից, իսկ «Աղոթքը սոսկ խոսք չէ: /Գործն է նաեւ աղոթք: /Ճիշտ ու լավ գործը:/ Նվիրումով արված: Սիրով… Անկախ բնույթից…»:

Կամ երկրի մասին ու ունեցածի, միայն Այդին Մորիկյանը կարող էր բանաձեւել ու արժեւորել. «Էսօրն է՝ Քրիստոսի ծննդից հաշված՝ 1992 թվականի փետրվարի 27-ը, մենք եւ մեր երկիրը… Ու պիտի հասկանանք, որ էդ երեքս միասին էս տափակ-կլոր-մեծ-փոքր աշխարհում մենակ ենք. մեկս մյուսին՝ տեր-սատար-ապավեն: Օտարները կկարեկցեն, խորհուրդ կտան, կօգնեն, բայց մնացականը մենք ենք՝ էդ երեքս…»:

Գրքում բացառիկ լուսանկարներ կան երեխա Այդին Մորիկյանը, դպրոցականը՝ իր առաջին ուսուցչուհու հետ, Մոսկվայում ուսանելու տարիներին, «Ավանգարդի» եւ «Հայաստանի Հանրապետություն» թերթերի  խմբագրություններում, 1988-ին,  Լեւոն Տեր-Պետրոսյանի, Վազգեն Սարգսյանի, Վանո Սիրադեղյանի հետ, Զահրատի, Մեսրոպ Հարությունյանի, մյուս  ընկերների հետ, իր ուսանողների հետ,  բոլորի հետ ու միշտ:

«Մնացյալ կյանքի առաջին օրը» գրքում եւս մեկ գիրք կա, ամեն երկու էջում՝ եւս երկու էջ: Մեկում՝ «Ցաքուցրիվ» մտքերն են, մյուսում՝ «Խոհերը»…

Գիրքն ավարտվում է Այդին Մորիկյանի ընկերներից մեկի կողմից նրա մահվան օրը գրված հետեւյալ տողերով. «Քեզ հետ ընկերություն անելը Աստծո պարգեւ էր, քեզ ընկեր լինելը՝ հպարտություն:

Ու հիմա քեզ, քեզ վայել հրաժեշտի երկու խոսք գրելը Աստծո պատիժ է:

Ցավը, արցունքը խեղդում են կոկորդդ, գրիչդ դառնում է տկար, անկարող… Մեր ընկերության ընթացքում հազար անգամ նստած կլինենք՝ քննելու իմ, մյուսի նեղ անձնական հարցերը, բայց հիմա չեմ հիշում, որ խոսած լինենք քո անձնականի մասին: Քո տեսակը դա թույլ չէր տալիս: Ու չնայած հասակակիցներ էինք, բայց մեր սերնդին դու սովորեցրիր գրել, սովորեցրիր թերթ «անել»: Սովորեցրիր մարդ մնալ, ընկեր լինել ու էս երկրի քաղաքացի լինել… Չի ստացվում քեզ հրաժեշտ տալ: Հիմա բոլորս՝ քեզ ճանաչողները, քեզանով լիքն ենք: Ու երբ ժամանակը մեղմի կսկիծը, մենք անպայման կգրենք քո մասին. դա մեզ է պետք ու դեռ եկողներին»:

Պատրաստեց ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031