Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ժակլին Սարխոշյանը «Սպարտակին» փոխարինեց «Կրասի» լեգեոներով

Օգոստոս 29,2013 13:49

Ազգային օպերային թատրոնի պրիմա պարուհին նշանվել է «Բարեկամություն»  անսամբլի մենապարող Կարեն Մակինյանի հետ

Վերջին շրջանում ավելի գործուն է դարձել հայաստանցի արվեստագետների կապը Սփյուռքի մշակութային տարբեր կոլեկտիվների ¥թատերական, պարային, երգչախմբային եւ այլն) հետ։ Դա իրականացվում է ինչպես պետական «խողովակներով», այնպես էլ անձնական կապերով։

Վերջերս Թեհրանի «Կակաչ» պարային անսամբլի (ղեկավար՝ Արուս Ավագյան, պարուսույց՝ Արմինե Ավագյան) հրավերով Իրանի Իսլամական Հանրապետություն էին մեկնել Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի պրիմա պարուհի Ժակլին Սարխոշյանը եւ պարարվեստի «Բարեկամություն»  պետական անսամբլի մենապարող, փորձավար Կարեն Մակինյանը։

«Առավոտի» հետ զրույցում արվեստագետները հայտնեցին, որ 2014թ. «Կակաչ» պարային անսամբլի հիմնադրման 30-ամյա հոբելյանի առիթով վերջին 2-3 տարիներին Հայաստանից ավելի հաճախ են հրավիրվել բարձրակարգ մասնագետներ՝ պարարվեստի տարբեր ոճերում բեմադրություններ իրականացնելու նպատակով։ Օրինակ՝ «Կակաչի» հետ աշխատել են ժողովրդական պարերի մասնագետ Աննա Կարապետյանը, լատինա-ամերիկյան պարեր է ուսուցանել Հարություն Տոպալիտիսը, հիփ-հոփ՝ Հովհաննես Հովհաննիսյանը եւ այլն։

Ժակլինը հիացած էր տեղի պարի անսամբլի նկատմամբ հայ համայնքի ուշադրությամբ։ Նա մասնավորապես նշեց, որ թեեւ Իրանում արգելվում է պարը, սակայն հայ համայնքը հնարավոր եւ անհնար ամեն ինչ անում է աշխարհի հնագույն արվեստներից մեկը համարվող, շուրջ 2005 տարվա պատմություն ունեցող հայկական պարի պահպանման գործում։ Անսամբլում ընդգրկված շուրջ 80՝  5-ից մինչեւ 30 տարեկանների հետ մենք աշխատում էինք օրական 6 ժամ։ Պետք էր տեսնել, թե, օրինակ՝ պատանիների խմբի անդամները 8, հաճախ 10-ժամյա աշխատանքից հետո ինչ ոգեւորությամբ էին հաճախում փորձերին: Իսկ Կարենն էլ հավելեց, որ երկշաբաթյա փորձերի ընթացքում, որոնք տեղի էին ունենում հայկական «Չարմահալ» եւ «Արարատ» միությունների դահլիճներում, իրականացրել են 3  պարային համար, դրանք են՝ «Սայաթ-Նովա» բեմադրությունը, որը հունիսին Երեւանում անցկացված համահայկական մրցույթ-փառատոնում արժանացել է  առաջին մրցանակին ¥ե՛ւ բեմադրությունը, ե՛ւ Կ. Մակինյանի ղեկավարած «Հայասա» պարային ստուդիայի անսամբլի կատարումը), հնդկական եւ մոդեռն պարեր։

Մեր զրուցակիցները հատուկ շեշտեցին, որ տարիքային բոլոր խմբերում ամենօրյա պարապմունքները սկսվում էին դասական բալետային վարժությունների ուսուցմամբ։ Ժակլինն էլ կարեւորելով ժողովրդական եւ ցանկացած պարաոճի ուսուցման դեպքում դասականի անհրաժեշտությունը, հիշեցրեց, թե ժամանակին Թ. Ալթունյանի անվան երգի-պարի անսամբլում բեմադրություններ են իրականացրել հայկական պարարվեստի, մասնավորաբար՝ բալետարվեստի երախտավորներ Էդուարդ Մանուկյանը, Ազատ Ղարիբյանը, Վիլեն Գալստյանը, Հովհաննես Դիվանյանը, Աշոտ Ասատրյանը եւ մյուսները։

Մեր զրուցակիցները հայտնեցին նաեւ, թե կոնկրետ «Կակաչի» հոբելյանին, որ նախատեսված է 2014 թ. փետրվարին, խմբի ղեկավար Արուս Ավագյանը մեծ ցանկություն ունի հրավիրել հայաստանցի այն մասնագետներին, ովքեր տարբեր տարիների աշխատել են Թեհրանի պարախմբի հետ։

Հայրենիք վերադառնալուն պես Ժակլին Սարխոշյանն ու Կարեն Մակինյանը նշանվել են։ Վաղն էլ Ազգային օպերային թատրոնի բալետային խմբի հետ նրանք մեկնում են Քաթարի Հանրապետություն, որտեղ մեր բալետը կներկայանա Խաչատրյանի «Սպարտակով»։ Ֆրիգիայի կերպարը մարմնավորող Ժակլին Սարխոշյանի հետ կատակեցինք՝ ասելով, թե այդ ինչպե՞ս «Սպարտակին», որի բեմական «սիրուհին» է, փոխարինեց Կարենով։ «Այո, «Սպարտակի» «սիրուհին» եմ, բայց սիրտս ու հոգիս այս պահից նվիրված է «Կրասի» լեգեոներին՝ Կարեն Մակինյանին»,- ասաց Ժակլինը։

ՍԱՄՎԵԼ  ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031