Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ռետրո. BASIC INSTINCT

Օգոստոս 29,2013 13:45

Օրերս զրուցում էի իմ համայնավար ծանոթներիցս մեկի հետ (որին անձնապես համակրում եմ), եւ նա ամենայն լրջությամբ ասաց, թե այս տարի վերականգնվելու է նոյեմբերի 7-ի տոնը, իսկ մյուս տարի մենք պետականորեն նշելու ենք Վլադիմիր Իլյիչ Լենինի ծննդյան 126-ամյակը։ Ես պատասխանեցի, որ տեսականորեն դա հնարավոր է։ Ամեն ինչ էլ հնարավոր է։ Քաղաքակրթության եւ բանականության շերտը մեր մեջ դեռեւս այնքան բարակ է եւ փխրուն, որ բավական է մի փոքր արտաքին ազդակ, եւ մենք բոլորս մեծ խանդավառությամբ կվազենք անտառ եւ կբարձրանանք ծառերը։ Այնպես որ՝ ամենեւին էլ բացառված չէ, որ տարվա վերջում մենք կնշենք նաեւ Ստալինի հոբելյանը, իսկ հետո մի մեծ խարույկ կվառենք եւ կայրենք բոլոր «վնասակար» գրքերը։ Եվ կարեւոր չէ, թե որ գրքերն են մտնելու «սեւ ցուցակի» մեջ՝ Հեգելի՞, Լենինի՞, թե՞ Բլեյանի։ Կարեւորն այն է, որ այս ամենը դեռեւս տեսականորեն հնարավոր է։ Մեր հասարակությունում կան ուժեր, որոնք հանդես են գալիս միակ ճշմարիտ (ասենք՝ «ազգային», «սոցիալական արդարության» կամ «զամբյուղային») գաղափարախոսության անունից, հանուն որի պատրաստ են ջախջախել ու ոչնչացնել, համապատասխանաբար, «ապազգային», «սոցիալապես անարդար» եւ «հակազամբյուղային» ուժերին, այսինքն՝ բավարարել մեր ջարդել-փշրելու հիմնական բնազդը։ Ահա թե ինչու ես չեմ բացառում, որ մենք կարող ենք նշել այն գործչի հոբելյանը, որը անգիր գիտեր, թե ովքեր են ժողովրդի բարեկամներն ու թշնամիները, եւ խորհուրդ էր տալիս, բատենկա, վերջիններիս նկատմամբ փսլնքոտ ինտելիգենտի դիրք չընդունել։

Կենսաբանությունից գիտենք, որ բնազդները ռեֆլեքսների՝ այդ թվում նաեւ պավլովյան ռեֆլեքսի հիմքն են։ Երբ շանը ցույց էին տալիս մսի կտորը՝ նույն պահին վառելով լույսը, որոշ ժամանակից հետո այդ իրադարձությունների միջեւ կենդանու ուղեղում պատճառահետեւանքային կապ էր ստեղծվում, եւ թքարտադրություն էր առաջանում միայն լույս վառելու դեպքում։ Նույն մեխանիզմը գործում է նաեւ մեր քաղաքացիների մի մասի մոտ. «կոմունիստ» բառը նրանց ուղեղում կուշտ ուտելիքի, շուրջօրյա լույսի եւ տաք բնակարանների հետ է կապվում։

Տարրական բնազդների եւ պավլովյան ռեֆլեքսի վրա հիմնված հոգեբանությունը դժվար է սասանել բանական փաստարկներով եւ լուրջ վերլուծություններով։ Սակայն նրանք, ովքեր կոչված են դա անելու՝ մտավորականները, քաղաքական գործիչները, լրագրողները, հիմնականում գործում են ճիշտ հակառակ ուղղությամբ՝ փորձելով խորացնել եւ ամրապնդել այդ բնազդները երկու ոլորտներում՝ «սոցիալական» եւ «ազգային»։ Օգտագործելով հիմնական բնազդները մանր գավառական աթոռակռվի մեջ՝ նրանք մոռանում են, թե ինչ հոգեւոր անապատ են թողնում հաջորդ սերունդներին, այնպիսի անապատ, որի գոյության մասին Բրեդբերին կամ Օրուելը չէին կարող մտածել իրենց ամենամղձավանջային երազներում:

«Մարդը սոցիալական կենդանի է»,- ասում էր նույն ուսմունքի հիմնադիրներից մեկը: Մարդու բնութագրի երկրորդ մասն անվիճելի է, իսկ առաջինը…

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

17.05.1995

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Համլետ says:

    Արամ,այսօրվա՝ Ձեզ համար վառված ու Ձեզ հարմար լույսին երկա՞ր եք նայելու…
    Այս հոդվածով ակամա ապացուցում եք Կարլ Մարքսի՝ «Կեցությունն է որոշում գիտակցությունը» բանաձևի ճշմարտացիությունը…Սոված ու խուժանի կողմից թալանված մարդուն բարձրագոչ ու իրականում սնանկ գաղափարախոսությամբ կերակրելը նման է ձեռառնոցիի…Զերծ մնացեք,խնդրում եմ՝ բարոյա-դաստիարակչական խրատներից ու մեր՝ իրոք փառահեղ անցյալն անհարկի սևացնելուց…Չի կարելի դեռ հավաբուն չկառուցած՝ քննադատել երկնաքերներ արարողներին…Ձեզ համար վառված լույսը շուտով հանգչելու է ու Պավլովյան ռևլեքսի Ձեր քաջ իմացությունն էլ չի օգնի նման անիմաստ ու անտեղի կոնյուկտուրային հոդվածներ գրելուն…

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031