Լրահոս
Օրվա լրահոսը

Մանկավարժին ընտրելու միակ չափանիշը նրա պրոֆեսիոնալիզմն է. Ա. Աշոտյան

Օգոստոս 29,2013 13:38

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը մասնակցել է Կոտայքի մարզի դպրոցների տնօրենների օգոստոսյան խորհրդակցությանը, որին ներկա է եղել նաև ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Խորհրդակցության ընթացքում Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը ներկայացրել է մարզի կրթության ոլորտի հաշվետվությունը: Մարզպետն իր խոսքում որպես խնդիր կարևորել է մարզի դպրոցներում առկա թափուր մանկավարժական տեղերի համալրման նպատակով անցկացվող մրցույթների կազմակերպման օրինականությունն ու թափանցիկությունը: Իր ելույթում ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն անդրադարձել է ոլորտի հիմնական խնդիրներին ու կրթական բարեփոխումներով պայմանավորված պահանջներին: Շեշտելով, որ ոլորտի բարեփոխումները դրական անդրադարձ են ունեցել կրթության որակի վրա ՝ ՀՀ ԿԳ նախարարը նշել է. “Կրթության բարեփոխումների նոր փուլը համընկավ միջազգային տնտեսական ճգնաժամի հետ, ինչը, պետք է խոստովանել, բազմաթիվ չնախատեսված խոչընդոտներ առաջ բերեց: Այնուամենայնիվ, մենք կարողացանք հաղթահարել առաջին ամենաբարդ փուլը և շարունակել բարեփոխումների դժվարին, սակայն այլընտրանք չունեցող գործընթացը: Այսօր շատ դժվար է աշխատել որպես մանկավարժ. փոխվել են ժամանակները, դասագրքերը, ծրագրերը, աշակերտի ու ծնողի պահանջները: Ուսուցչի առջև դրված է պետության կողմից մշակված կրթական ծրագիրն աշակերտին փոխանցելու դժվարին պարտականությունը, որը ենթադրում է ինքնակրթության և վերապատրաստումների մշտական գործընթաց”: Նախարարի խոսքով միշտ չէ, որ ուսուցիչները պատրաստ են ընդունել նման պատասխանատվություն՝ շատ դեպքերում նախընտրելով մնալ դիտորդի դերում: Մասնավորապես նախորդ տարի ՀՀ ԿԳՆ-ի կողմից փոխվել է դասագրքերի հրատարակման կարգը. դրանք նախապես փորձարկվում են և ուղարկվում դպրոցներ՝ մասնագիտական գնահատական ստանալու նպատակով:
“Նախորդ տարվա ընթացքում հանրապետության 90 դպրոցներից, այդ թվում նաև Կոտայքի մի շարք դպրոցներից, ԿԳՆ-ն ստացել է ձևական պատասխաններ”,- նշել է նախարարը՝ հիշեցնելով, որ հետագայում, երբ դասագրքերը դպրոց են մտնում, որակի հետ կապված սովորաբար դժգոհություններ լինում են:
Նախարարը նշել է, որ ոլորտի հիմնական խնդիրներից մեկը մանկավարժական կադրերի անհամաչափ բաշխվածությունն ու գերբեռնվածությունն է, ինչը որպես կանոն բացասական է անդրադառնում նաև կրթության որակի վրա: “Հեռավոր գյուղերում մենք ունենք մանկավարժների պակաս, այնտեղ որպես կանոն մեկ ուսուցիչը դասավանդում է մի քանի առարկա, մինչդեռ քաղաքային համայնքներում պատկերը ճիշտ հակառակն է՝ մեկ դրույքը բաժանվում է մի քանի ուսուցիչների միջև: Արդյունքում ուսուցիչը վարձատրվում է ցածր և չի ունենում սոցիալական խթան, ավելի արդյունավետ աշխատելու: Խնդրի կարգավորումը դպրոցների ու մարզպետարանների գործառույթի շրջանակում է: Իմ պահանջն է, որ վերաբաշխումները կատարվեն ճիշտ ու անաչառ, միակ չափորոշիչը պետք է լինի մանկավարժի պրոֆեսիոնալիզմը, ոչ թե հարևան-ծանոթ-բարեկամ սկզբունքը”- դիմելով խորհրդակցության մասնակիցներին ասել է Ա. Աշոտյանը՝ հավելելով, որ միջազգային կառույցների կողմից իրականացված հետազոտության արդյունքներով 80 երկրների շարքում Հայաստանի ուսուցչական համակազմը ամենատարեցն է աշխարհում: Երկրորդ տեղում Ավստրիան է՝ 3 անգամ պակաս ցուցանիշով: “Մեր դպրոցներում ուռճացված է ինչպես մանկավարժների թիվը, այնպես էլ սպասարկող և վարչական անձնակազմերի թիվը: Խնդրի լուծման համար մենք ունենք երկու ճանապարհ. առաջինը՝ ոչինչ չանել և ամեն ինչ թողնել այնպես, ինչպես կա, երկրորդը՝ ընտրում ենք լավագույն մասնագետներին, նրանից պահանջում ենք որակ և վճարում ավելի արժանապատիվ: Կրթության ոլորտը չի կարող իր վրա սոցիալական մեծ բեռ վերցնել, մեր հիմնական խնդիրը որակի ապահովումն է, իսկ դրան հասնելու համար, ցավոք, ստիպված ենք գնալ նաև ոչ “պոպուլյար” քայլերի: Ես, իբրև նախարար դրան պատրաստ եմ”,- շեշտել է ՀՀ ԿԳ նախարարը՝ ավելացնելով, որ 2014-ին նախատեսվում է ուսուցիչների աշխատավարձի բարձրացում:
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, իր ելույթում ողջունելով մանկավարժներին, նշել է, որ բանակի համար դպրոցը համագործակցության ամենակարևոր օղակն է, քանի որ դպրոցում է ձևավորվում հայոց բանակի ապագա զինվորը: Ս. Օհանյանը տեղեկացրել է, որ հանրապետության ավելի քան 400 դպրոցներ ակտիվ համագործակցում են զորամասերի հետ. “Մենք չափազանց կարևորում ենք դպրոցի գործունեությունն ու ուսուցչի դերը: Համոզված եմ, որ հասարակության մեջ առաջին օրինակը, ում պետք է հետևեն աշակերտները, պետք է լինի ուսուցչի կերպարը: Դպրոցի թերությունը հետագայում շատ վառ արտահայտվում է բանակում՝ վարվելակերպի կանոնների ու կարգապահության մակարդակի տեսքով, զինվորների միջանձնային հարաբերություններում”,- նշել է
Ս. Օհանյանը:
Խորհրդակցության ավարտին ՀՀ ԿԳ նախարար Ա. Աշոտյանը պատասխանել է տնօրենների հարցերին, որոնք վերաբերել են կրթական նոր ծրագրերին, մանկավարժների մրցութային ընտրությանը և բազմաթիվ այլ խնդիրների:
Կոտայքի մարզի մի խումբ մանկավարժներ բարեխիղճ աշխատանքի համար ՀՀ ԿԳ նախարարի կողմից պարգևատրվել են պատվոգրերով և շնորհակալագրերով:

 ՀՀ կրթության և գիտության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031