Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ազատ Արշակյան. «Կոմանդոսը դրա 0 ամբողջ չգիտեմ քանի հազարերորդականն է ասել Վազգեն Սարգսյանի մասին»

Օգոստոս 29,2013 13:22

«Կոմանդոսի ասածների մեջ ամենահետաքրքիրն այն է, որ մենք սուրբ չենք: Նշանակում է՝ բոլորս սխալական ենք, այդ թվում հենց ինքն էլ՝ Կոմանդոսն էլ կարող է սխալվել: Իսկ Վազգեն Սարգսյանի մասին կարծիք հայտնելիս հարկավոր է հիշել հայկական ավանդական վերաբերմունքը՝ մեծ գործիչների նկատմամբ: Օրինակ, Վարդան Մամիկոնյանի մասին ինչ ասում էին, կարծում եմ՝ Կոմանդոսը դրա 0 ամբողջ չգիտեմ քանի հազարերորդականն է ասել Վազգեն Սարգսյանի մասին: Ընդունված է դա, որ ովքեր մեծ տեղ են զբաղեցնում, կարեւոր տեղ են զբաղեցնում, նրանք ուշադրության կենտրոնում են եւ նրանց մասին հասարակությունն ուզում է իմանալ ամեն ինչ: Իսկ ամեն ինչ իմանալու դեպքում իհարկե կարելի է լուրջ թերություններ գտնել ցանկացած հասարակական, քաղաքական, ռազմական գործչի կենսագրությունում»,- Aravot.am-ի հետ զրույցում Կոմանդոսի եւ Վազգեն Սարգսյանի համախոհների շարունակվող հայտարարություններն այսպես մեկնաբանեց Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը:

Մենք ճշտեցինք՝ այսինքն, համաձայն չե՞ք այն մեղադրանքներին, որ Կոմանդոսին ուղղորդում են՝ նման հայտարարություններ անել, դա հասարակակա՞ն պահանջ է՝ Ազատ Արշակյանը պատասխանեց. «Այո, ես կարծում եմ, որ դա հասարակական պահանջ է, մենք ուզում ենք մեր հերոսներին ճանաչել եւ ինչու չէ՝ իմանալ նրա մարդկային թուլությունների մասին: Երբ հայ ասելով՝ հասկանում են «Միմինո»-ի հերոսին, ես շատ վիրավորվում եմ, որովհետեւ կար այդ ժամանակ Հովհաննես Բաղրամյանը, Ալբերտ Ազարյանը, Արամ Խաչատրյանը: Ես վրդովվում եմ, երբ հայի դրական կերպարի վրա սկսում են ցեխ շպրտել, այսինքն, ինձ հիասթափեցնում են իմ հավաքական կերպարից:

Այդ իմաստով, անկախ նրանից, թե ես ինչեր գիտեմ Վազգեն Սարգսյանի մասին եւ ինչեր չգիտեմ, ես գտնում եմ, որ նա մեր ազատամարտիկի հավաքական կերպարն է եւ շատ կոռեկտ պետք է լինել: Ես, որպես քաղաքացի վիրավորվում եմ, որովհետեւ իմ զինվորի, իմ հրամանատարի վրա են ցեխ շպրտում: Դա կարեւոր չի, արդեն նա միֆ է, առասպել է, չի կարող պատասխանել ոչ ինձ, ոչ էլ մեր հրաշալի գեներալին: Նա եթե սխալ է արել, չի կարող իր սխալն ուղղել: Զոհված մարդու մասին լռություն, կամ լավը, իսկ Վազգեն Սարգսյանի դեպքում՝ միայն լավը, որովհետեւ նա մեր հերոսն է: Մեր երիտասարդ տղաները, մեր բանակայիններն ուզում են նմանվել նրան, որովհետեւ ուրիշ մենք հաղթող զորահրամանատար այս մոտակայքում չենք ունեցել: Եթե անգամ հաղթող զորահրամանատարի հետ Կոմանդոսն ինչ-որ անձնական վատ հարաբերություններ է ունեցել, պետք է մոռանա: Մոռացե՛ք: Վազգեն Սարգսյանն առասպել է, իսկ առասպելը պետք է հարգվի»:

Ազատ Արշակյանը կոչ արեց Արկադի Տեր-Թադեւոսյանին հիմա գոյություն ունեցող զորավարների սխալները մեկ առ մեկ նշել, որպեսզի նրանք հնարավորություն ունենան իրենց սխալներն ուղղելու. «Վազգեն Սարգսյանն իր սխալը չի կարող ուղղել, եթե նա ունի էլ սխալ: Ոչ ոք իմունիտետ չունի, բոլորի մասին կարելի է ամեն ինչ ասել, բայց հանգուցյալի նկատմամբ պետք է լինել ընդգծված հարգալից: Վազգեն Սարգսյանը թիկունքից խփված է: Դա մեզ խփեցին»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Սմբո says:

    Դու՞ էլ սկսեցիր Կոմանդոսին գզել՝ ոչինչ ոչինչ վերջդ լավ լինի:

  2. Մարատ says:

    “Մեր երիտասարդ տղաները, մեր բանակայիններն ուզում են նմանվել նրան…”:
    Ազատ ջան, հին բարեկամի իրավունքով ասեմ. նմանվելու ցանկություն ունեցողները լավ էլ նմանվել են, եւ, 1995-ից այս կողմ, արդեն շուրջ 20 տարի, գերազանց սերտել են նրա դասերը` “100 տոկոս էլ ձայն տաք, մեկ ա, իշխանությունը չենք տա”, իսկ դրա հետեւանքով երկրում վերականգնվել է այն նույն միակուսակցական ճահիճը, ինչի դեմ ինքդ պայքարել ես:

  3. Մարատ says:

    Ազատ ջան, հին հռոմեացիներն ասում էին ոչ թե ՛՛Մահացածի մասին լռություն, կամ լավը՛՛, այլ՝ ՛՛Մահացածի մասին ճշմարտություն կամ լռություն՛՛, իսկ Վազգեն Սարգսյանի՝ մեր հերոսը լինելը առավել քան անցանկալի միֆ է:

  4. Նաիրի Ուրարտացի says:

    Հայժողովուրդը չպետք է մոռանա 1996թթ. նախագահական ընտռությունները: Այդ ժամանակ էր,
    որ համայն հայության երազած ազատ-անկախ մեր հայրենիքում առաջին ագամ տապալվեց
    ժողովրդի փայփայած հույսը, այն է՝ ազատ ընտրության միջոցով սեփական իշխանություն
    ձևավորելու մարմաջը: Բայց ինչ եղավ,ինչ ստացվեց: Բանակը առաջին անգամ միջամտեց
    քաղաքացիների ազատ կամաարտահայտման արդյունքները ամփոփելու գործընթացին և
    կոպտորեն նշմարվեցին բռնապետական տարրեր, հիմք դրվեց ընտրությունները կեղծելու
    միջոցով իշխանությունը պահելու վտանգավոր ու անհեռատես գործընթացի,որը,ցավոք,
    շարունակվում է առ այսօր: ԵՎ ով էր դրա հեղինակը: Հատկապես այդ ժամանակվա
    պաշտպանության նախարարը: ԵՎ ով պետք է մեզ ազատի այդ ազգակործան չարիքից:
    Ըստ ինձ,միայն ազգովի կարող ենք վանել վտանգ ու չարիքը:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031