Լրահոս
Օրվա լրահոսը

Հեղինե Բիշարյան. «Քաղաքացիական հասարակության ակտիվությունը դրական եմ գնահատում»

Օգոստոս 29,2013 12:44

Հատված «Օրինաց երկիր» խորհրդարանական խմբակցության ղեկավար, ՕԵԿ փոխնախագահ ՀԵՂԻՆԵ ԲԻՇԱՐՅԱՆԻ հետ հարցազրույցից: 

-Քաղաքացիական հասարակության ակտիվությունը, որին ականատես ենք, միանշանակ դրական եմ գնահատում։ Շատ լավ է, որ երիտասարդությունը պայքարում է իր իրավունքների համար, բարձրացնում հարցեր, որոնք մտահոգում են մեր հասարակությանը, բայց այնպես չէ, թե քաղաքական ուժերն այլեւս իրենց սպառել են։ Իմ կարծիքով, քաղաքական ուժերը կատարում են իրենց առաքելությունը, երկիրը տանում են առաջ։
Ուրիշ բան, որ կան խնդիրներ, որոնք դեռեւս քաղաքական ուժերի միջոցով լուծում չեն ստացել, եւ հանրության մի մասը իր դժգոհությունն արտահայտում է ցույցերի, կառավարության, քաղաքապետարանի, պետական այլ հիմնարկների մոտ անցկացվող նստացույցերի միջոցով, բարձրաձայնում իրեն մտահոգող խնդիրները։
Սա չի նշանակում, թե քաղաքական ուժերն այլեւս անելիք չունեն այս դաշտում. հակառակը, քաղաքացիական հասարակության ձեւավորումը պետք է ուժեղացնի քաղաքական ուժերին։
  -Այնուամենայնիվ ինչո՞վ է պայմանավորված քաղաքացիական այս աննախադեպ ակտիվությունը. ընդդիմությունից հիասթափված լինե՞լն է պատճառը, թե՞ հասարակությունն է բավականաչափ հասունացել իր պահանջներն «ինքնուրույն» ձեւակերպելու եւ ներկայացնելու համար։ 
-Ընդհանրապես, քանի որ հասարակական դժգոհության, բողոքի դրսեւորումները զարգանում են ընդդիմադիր ուժերի շուրջ, թերեւս այստեղ կա նաեւ վստահության գործոնը։
Այդուհանդերձ, կարծում եմ, հասարակությունը չի կարելի տարանջատել քաղաքական ուժերից, որովհետեւ քաղաքական ուժերը ձեւավորվում են հենց հասարակության մեջ ընթացող պրոցեսների արդյունքում՝ այդ հասարակության մի մասն են։
Ուրիշ բան, որ երիտասարդ, նոր ուժերը այլ կերպ են պատկերացնում, այդ ձեւով են բարձրացնում խնդիրները։ Դա միայն օգուտ է բերում ե՛ւ հասարակությանը, ե՛ւ նույն քաղաքական ուժերին, որոնք ուզում են, որ իսկապես մեր քաղաքացիները կայանան որպես քաղաքացի եւ ավելի վճռականորեն հետամուտ լինեն իրենց իրավունքներին։ Կարծում եմ, այս միտումը պետք է աստիճանաբար զարգացնել, տանել առաջ, որպեսզի վաղը-մյուս օրը այսօրվա երիտասարդությունն ունենա այն, ինչին ձգտում է։
  -Հնարավո՞ր է, որ քաղաքացիական շարժումները դուրս գան վերահսկողությունից, հանգեցնեն քաոսի, «սոցիալական բունտի», ինչպես «կանխատեսում» են առաջիկա թեժ աշնան հովերով տարված քաղաքական եւ վերլուծական շրջանակները։
-Բնական է, որ գազի, էլեկտրաէներգիայի սակագների բարձրացումը եւ դրանով պայմանավորված՝ ապրանքների եւ ծառայությունների թանկացումը բացասաբար է ազդում քաղաքացիների սոցիալական վիճակի վրա։ Դրան ավելացնենք այն, որ առաջիկա ամիսներին շատ ընտանիքներ առնչվելու են բուհերի ուսման վարձերի բարձրացման, բազմաթիվ այլ խնդիրների հետ, որոնք կարող են սոցիալական ընդվզման պատճառ դառնալ։ Երբեք հնարավոր չէ դա բացառել։
Ուղղակի հասարակության հետ պետք է լինել ազնիվ, ժողովրդին ասել ճշմարտությունը, նախապատրաստել ե՛ւ թանկացումներին, ե՛ւ աշխատավարձերի բարձրացմանը կամ չնչին բարձրացմանը։ Այսինքն՝ մարդիկ պետք է պատկերացնեն՝ ինչ է իրենց սպասում, վաղը ինչպես են հոգալու իրենց ծախսերը, եւ գիտակցաբար մոտենան խնդիրներին, որոնք աստիճանաբար կուտակվում են, ոչ թե հասարակությանը կանգնեցնենք փաստի առաջ։
Պետությունը պետք է բաց լինի հասարակության հետ, հասարակությունն էլ պիտի հասկանա՝ սա է պետության վիճակը։ Եթե հաշվի չնստենք քաղաքացիների հետ, ինչու չէ՝ կարող է բունտ էլ առաջանալ. այնպես չէ, թե ամեն ինչ հալած յուղի պես է գնում՝ դժվարություններ կան, եւ այդ դժվարությունները մարդկանց կարող են դրդել ծայրահեղ քայլերի։
Այդ առումով, շատ կարեւոր է, որ կառավարությունը անպայման հաշվի նստի հանրության խոցելի խմբերի հետ, լսի ուսանողների, տարբեր սոցիալական շերտերի պահանջները եւ փաստարկները։ Եթե լինի իրար լսելու, աջակցելու, փոխադարձ հարգանքի մթնոլորտում աշխատելու երկուստեք ցանկություն, կարծում եմ, դժգոհության ալիք չի բարձրանա։

Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031