Այսօր կառավարության շենքի դիմաց ուսման վարձավճարների թանկացման դեմ պայքարող ուսանողները կարճատեւ հանդիպում ունեցան ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հետ:
Կարդացեք նաև
«Հետեւեք այսօր կառավարության նիստին, ձեզ հետաքրքրող բազմաթիվ հարցեր կան»,-ասաց նախարարը, վերցրեց ուսանողների գրավոր պահանջ- նամակը:
Ուսանողներից մեկն էլ ասաց՝ մեր պահանջը մնում է մեկը՝ չեղյալ համարեք ապօրինի որոշումը:
ԿԳ նախարարը գնալուց առաջ կրկին հորդորեց հետեւել կառավարության նիստին ու արագ հեռացավ: Իսկ ուսանողներն էլ նրա հետեւից հորդորեցինէ հետեւել իրենց բոլոր ակցիաներին. «Մենք չենք խնդրում, պա-հան-ջում ենք»:
Ուսանողները կառավարության շենքից հեռանալուց առաջ նաեւ կարդացին իրենց պահանջը.
«Պարոն Աշոտյան, եթե չլինեն դասախոսական կազմի փոփոխություններ, ի՞նչ ասել է կրթության որակի բարձրացում: Ի՞նչ երաշխիք, որ վարձավճարների բարձրացմամբ կապահովվի միջազգային մակարդակի կրթություն, չէ՞ որ նույն դասախոսներն են շարունակելու դասավանդել… Ինչո՞ւ են բարձրանում վարձավճարները, եթե հանրապետությունում նվազագույն աշխատավարձը 45.000 դրամ է, միջին աշխատավարձը՝ 120.000 դրամ է, ի՞նչ հարաբերակցությամբ է սահմանվում վարձավճար 800.000 դրամ: Դուք նաեւ հայտարարել էիք, թե 2014 թվականից կավելացվեն անվճար տեղերը, իսկ ի՞նչ են անելու 2013-ին ընդունվածները: Ինչո՞ւ եք այսօրվա անհրաժեշտ փոփոխությունները գցում վաղվա օրվան, մինչ դրանց անհրաժեշտությունն այսօր ավելի շատ է զգացվում»:
Նրանք նաեւ կոչ արեցին դադարեցնել վարձավճարների բարձրացումը, մինչեւ կառավարության խոստացած զեղչային նոր համակարգի կիրառումը:
Ուսանողներն այսօր սակավաթիվ էին, բայց նրանք պնդում էին, որ նոր ուսանողներ են ավելացել իրենց պայքարին, իսկ սեպտեմբերից ավելի կշատանան:
Ուսանողները իրենց խնդրով ու պահանջով դիմեցին նաեւ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանին: Մի ցուցարար տարեց մարդ էլ նրանց հորդորեց չդիմել փոխնախարարին. «Պաշտոնը ստացել, պրծել է , նա բան անողը չի, այ մարդ»:
Մանրամասները՝ տեսանյութում
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ