Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրաինտեգրացիայի հանձնաժողովի նախագահը ծանոթ չէ Ասոցացման համաձայնագրին

Օգոստոս 29,2013 11:04

Հայ հանրությունն արդեն տևական ժամանակ քննարկում է երկրի աշխարհաքաղաքական ընտրության հարցը, իրականում տեղյակ չլինելով, թե այդ ընտրության տարբերակներից որն ինչ է խոստանում իրեն: Արդեն մեկ ամիս է` ինչ հայտարարվել է, որ ավարտվել են Հայաստանի և Եվրամիության միջև ընթացող բանակցությունները Ասոցացման պայմանագրի շուրջը, բայց այդ պայմանագրի տեքստն այդպես էլ չի հրապարակվում: Եվ բոլոր նրանք, ովքեր կողմ են պայմանագրի ստորագրմանը, ինչպես և նրանք, ովքեր դեմ են արտահայտվում դրա ստորագրմանը, չգիտեն, թե ինչ է իրենից ներկայացնում այն: Առավել զավեշտալի է, որ պայմանագրի տեքստին տեղյակ չեն մարդիկ, ովքեր գոնե ի պաշտոնե պետք է որ տեղյակ լինեին: Ինչպես, օրինակ, Ազգային Ժողովի Եվրաինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը, որը պնդում է, որ ինքը տեղյակ չէ, թե ինչ է իրենից ներկայացնում Ասոցացման պայմանագիրը:

– Տիկին Զոհրաբյան, ինչպե՞ս եք վերաբերվում այն իրողությանը, որ Ասոցացման պայմանագիրը գաղտնի է պահվում նույնիսկ Հայաստանի խորհրդարանի պատգամավորներից:

– Ես ակնկալում եմ, որ մինչև նախաստորագրումը ԱԳՆ այն պաշտոնյաները, ովքեր մասնակցել են բանակցություններին և պատասխանատու են այս գործընթացի համար, հարկ կհամարեն այդ փաստաթուղթը ներկայացնել խորհրդարանի պատգամավորներին: Այլապես շատ խորը աշխարհաքաղաքական վերլուծություններ, միստիկ եզրահանգումներ, գլոբալ եզրակացություններ են արվում մի պայմանագրի վերաբերյալ, որի բովանդակությանը Հայաստանում ծանոթ է 2-3 հոգի: Անձամբ ես տեսականորեն կողմ եմ Եվրամիության հետ քաղաքական ասոցացմանը և տնտեսական ինտեգրմանը, բայց գործնականում մինչև չտեսնեմ փաստաթուղթը, թույլ տվեք ձեռնպահ մնալ «Կիկոսի մահի» շրջանակներում վերլուծություններ անելուց:

– Իսկ դուք փորձե՞լ եք նախաձեռնություն դրսևորել և պահանջել, որ ձեզ հնարավորություն տրվի ծանոթանալ Ասոցացման պայմանագիրին, մանավանդ որ հայտարարվել է, թե այն արդեն պատրաստ է:

– Այո, նման պահանջ եղել է ինչպես հայկական, այնպես էլ եվրոպական կողմին: Եվրամիության ընդլայնման և եվրոպական հարևանության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի և Հայաստանի խորհրդարանի ոչ իշխանական կուսակցությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ես ասացի, որ անիմաստ է տեսակետ կամ դիրքորոշում հայտնել մի գործընթացի, մի փաստաթղթի վերաբերյալ, որին մենք ծանոթ չենք: Շտեֆան Ֆյուլեն պատասխանեց, որ պատեհ պահի այն անպայման կտրամադրվի: Ինձ մնում է միայն հույս հայտնել, որ այդ պատեհ պահը կլինի մինչև համաձայնագրի նախաստորագրումը:

– Ձեր կարծիքով ինչո՞ւ է փաստաթուղթը գաղտնի պահվում: Արդյոք համաձայնագրում կան կետեր, որոնք կարող են հասարակական դժգոհություն առաջացնել:

– Կարծում եմ, որ որոշակի դրույթների շուրջ բանակցությունները դեռևս շարունակվում են, և վերջնական տեքստը դեռ պատրաստ չէ: Բացի այդ, բանակցող կողմերը հղում են անում նախադեպերի գոյությանը` ասելով որ իրենք գործում են ձևավորված նախադեպերին համապատասխան: Որպես այդպիսի նախադեպ է ներկայացվում Ուկրաինան, որտեղ Ասոցացման համաձայնագիրը հրապարակվել է ստորագրումից հետո: Ես դա չափազանց անլուրջ մոտեցում եմ համարում և ակնկալում եմ, որ փաստաթուղթը շատ մոտ ապագայում կներկայացվի Հայաստանի խորհրդարան` հնարավորություն տալով հայ խորհրդարանականներին դրան ծանոթանալ մինչև նախաստորագրումը:

ԱՎԵՏԻՍ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ԺԱՄ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031