Մոլորակի ամենախոշոր թռչունը համարվում է ջայլամը: Մարմնի բարձրությունը մինչև 270 սմ է, կենդանի զանգվածը՝ մինչև 136 կգ: Բնակվում են անապատներում, սավաննաներում: Արուների փետուրները սև են, պոչն ու թևերը՝ սպիտակ: Էգերը գորշագույն են: Փետուրները փափուկ են: Կտուցը լայն է ու տափակ, աչքերը՝ խիտ թարթիչներով: Ոտքերը երկար են, ուժեղ, երկմատանի (միակ դեպքը թռչնաշխարհում): Կարող են վազել 50 կմ/ժ արագությամբ: Արտաբնային շրջանում հանդիպում են խմբերով (20–30, երբեմն՝ 50 թռչուն): Պոլիգամ են. բազմացման շրջանում արուն կարող է տիրել 6–9 էգի, որոնցից յուրաքանչյուրը դնում է 6–8 ձու:
Թռչունների տարբեր տեսակների սնունդը տարբեր է: Ըստ կտուցի կամ ոտքերի ձևի՝ հաճախ կարելի է որոշել, թե ինչով է սնվում այս կամ այն թռչունը: Գիշատիչների կտուցը նման է հզոր կարթի, որով նրանք հեշտությամբ պատառոտում են զոհին: Ճահճային թռչունների կտուցը երկարացած է, որի օգնությամբ նրանք տնտղում են առափնյա տիղմը՝ որդեր կամ մանր խխունջներ գտնելու համար: Սագերի կտուցը տափակացած է և հարմարված կերը ջրից կամ տիղմից զատելուն: Ճնճղուկների կարճ, բայց ուժեղ կտուցը հարմարված է բույսերի սերմերով սնվելուն: Որոշ թռչունների (օրինակ՝ տառեղների) երկար ոտքերը հնարավորություն են տալիս քայլել ջրում և ձուկ որսալ: Ձկնակեր թռչունների (օրինակ՝ ձկնկուլների) ոտքերը կարճ են, բայց ունեն լողաթաղանթներ, դրա համար այդ թռչունները գերազանց լողում են, սուզվում ջրում և ձուկ որսում:
Ամենախոշոր գիշատիչ թռչունն անդյան պասկուճն է (մարմնի երկարությունը՝ 116 սմ): Ամենափոքր գիշատիչներն են սևաոտ բազեն (մարմնի երկարությունը՝ 14 սմ) և կռզու բվեճը (մարմնի երկարությունը՝ 13–15 սմ):
Կարդացեք նաև
Ամենախոշոր անգղերը՝ պասկուճները (կոնդորներ), ապրում են Ամերիկայի լեռներում՝ մինչև 7 կմ բարձրության վրա: Արծիվների թևերի բացվածքը 43–53 սմ-ից (գաճաճ արծիվ) մինչև 2,5 մ է (սպիտակապոչ արծիվ), կենդանի զանգվածը՝ 700 գ-ից (գաճաճ արծիվ) մինչև 6,5 կգ (սպիտակապոչ արծիվ):
Շարունակելի…