ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը հերքել էր, որ ինքը որեւէ գիրք, մենագրություն, որեւէ հոդված է հրատարակել՝ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հետ համահեղինակությամբ: Մինչդեռ նման հայտարարություն էր արել Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանը:
Այսօր պարոն Հարությունյանն Aravot.am-ի հետ զրույցում անդրադարձավ Արամ Սիմոնյանի այդ հերքմանը. «Հունիսի 1-ի հանցագործությունից հետո ունեցածս մի շարք ելույթներում անդրադարձել եմ, թե ինչպես է Լիսկան 92-ականներից հետո կեղծ, ապօրինի ճանապարհով, կեղծիքների հիման վրա ձեռք բերել միջնակարգ դպրոցի ավարտական ատեստատ, կոոպերատիվ համալսարանական գերազանցության դիպլոմ, այնուհետեւ իբր թե գերազանցությամբ ավարտել է նաեւ Պետական կառավարման ակադեմիան եւ կարմիր դիպլոմ ստացել: Միաժամանակ հայտարարել էի, որ նա այդ նույն ապօրինությունների հիման վրա հրատարակել է մի քանի գրքեր՝ Սյունիքի հերոսամարտի մասին: Անշուշտ, միջնակարգ դպրոցում առաջադիմություն չունեցող, նաեւ հանցագործություն կատարելու համար հեռացված մեկը, որը դժվարանում էր անգամ որեւէ տեքստ կարդալ, չէր կարող գիտական ուսումնասիրություններ կատարել եւ գրքեր հեղինակել ու հրապարակել: Ճշտել եմ այս ընթացքում, որ նա առնվազն 4 գիրք հրապարակել է: 2003-ին՝ «Լեռնահայաստան» վերնագրով, 2004-ին՝ «Լեռնահայաստանի հայկական պետություն», 2007-2008-ին էլ՝ «Ինքնավար Սյունիք»: Միաժամանակ հանրահայտ է, որ նա ամեն կերպ փորձել է ՀՀ պատմաբաններին օգտագործել իր նպատակների համար: Խոսքը վերաբերում է թե՛ գրքերի հրապարկմանը, թե պատմական գիտությունների թեկնածուի գիտական թեզ պաշտպանելուն եւ գիտական աստիճան ձեռք բերելուն: Ուրախ եմ հայտարարելու, որ ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանի սկզբունքային դիրքորոշման, գուցե նաեւ այլ պատմաբանների, մեր ԶԼՄ-ների, իմ եւ իմ նմանների համառ ջանքերի շնորհիվ է, որ վերջնականապես ձախողվել է Լիսկայի՝ պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան ձեռք բերելու ձգտումը»:
Մեկնաբանելով ԵՊՀ ռեկտորի հերքումը՝ պարոն Հարությունյանը ողջունեց այն. «Ուրախ եմ, որ պարոն Սիմոնյանը հանդես եկավ հայտարարությամբ եւ հերքեց, որ ինքը Սուրիկ Խաչատրյանի հետ որեւէ գրքի, աշխատության, անգամ հոդվածի հեղինակ է: Ինձ մի քանի տեղերից ասել էին, որ նա ամեն կերպ փորձում է մասնավորապես Արամ Սիմոնյանին օգտագործել՝ գիտական աստիճան ունենալու համար, արդեն նոր գրքերը հրատարակման փուլում է, ես դրա համար էի այդ հայտարարությունն արել: Ուրախ եմ եւ միանում եմ Արամ Սիմոնյանի հերքմանը: Ես որեւէ խնդիր չեմ տեսնում, որ իմ՝ մի քանի ժամեր տեւած հարցազրույցների մեջ կարող են մեկ-երկու հերքման արժանի նախադասություններ լինեն: Ավելի ուրախ կլինեմ, որ թե՛ Մայր բուհի գիտնականները, թե՛ այլ գիտնականներ կարողանան իրենց մեջ ուժ գտնել եւ երբեւէ ներբողներ չձոնեն տխրահռչակ Լիսկայի եւ այլոց վերաբերյալ»:
Սամվել Հարությունյանը նաեւ կոչ արեց ուսման վարձավճարները չբարձրացնել. «Շատ ավելի ուրախ կլինեմ, որ ե՛ւ Արամ Սիմոնյանը, ե՛ւ մյուս ռեկտորները, վերջապես, հրաժարվեն ռեժիմի գործիչը, մտրակը լինելու՝ մասնավորապես սոցիալական ծանրագույն վիճակում գտնվող մեր ուսանողների ուսման վարձավճարները բարձրացնելու արատավոր գործելաոճից»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Եթե ԵՊՀ-ի ռեկտորի հետ համահեղինակությունը հերքվեց, Ձեր կարծիքով մնացյալը կասկածի տակ չի՞ առնվում: