ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր այցելել է Եղվարդի տարածաշրջանի Զորավան համայնքում նոր վերակառուցված սպանդանոցային համալիր, որը վերագործարկվել է Իրանի Իսլամական Հանրապետության գործարարների մասնավոր ներդրումներով: Նախարարը Հայաստանում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Մուհամմադ Ռեիսիի ուղեկցությամբ շրջել է համալիրի բոլոր տեղամասերում և ծանոթացել սպանդանոցի արտադրական հզորություններին ու տեխնոլոգիաներին: Իրանական կողմը նախարարին հավաստիացրել է, որ առաջիկա օրերին սպանդանոցն արդեն պատրաստ կլինի օրական մեկ հերթափոխով 600 գլուխ ոչխարի սպանդ կազմակերպելու համար, իսկ համապատասխան պահանջարկի դեպքում ծավալները կարող են կրկնապատկվել: Նոր համալիրի սեփականատերերը գյուղնախարարին տեղեկացրել են, որ սպանդանոցը նախատեսել է նաև խոշոր եղջերավոր կենդանիների մորթի հնարավորություն՝ հաշվարկելով տեղական շուկայի այս պահանջարկը ևս: Գյուղնախարարի խոսքով՝ Հայաստանում այսօր մանր եղջերավորների ճյուղում արդեն շուրջ 15 տոկոս բնական աճ կա, և մենք հնարավորություն ունենք տարեկան արտահանելու 250-280 հազար գլուխ ոչխար: «Այսպիսի սպանդանոցների առկայությունն ուղղակի առաջնահերթություն է: Եկող տարի ևս 5 սպանդանոց կհիմնվի,իսկ առաջիկա 5 տարիներին՝ տասը խոշոր սպանդանոց՝ Հայաստանի յուրաքանչյուր մարզում ՝ ինչպես խոշոր, այնպես էլ մանր եղջերավորների սպանդի համար»,– ասել է նախարարը: Ներկայումս ոչխարաբուծությունը զարգանում է իր արտադրատնտեսական իրական հնարավորությունների 30-35 %-ի սահմաններում, մինչդեռ այն ցածր ռիսկայնության, առկա հնարավորությունների լիարժեք օգտագործման և ցածր ինքնարժեքով մթերքների արտադրության առումով մեր երկրի համար բավականին հեռանկարային ճյուղ է:
Ըստ գյուղնախարարի, ոչխարաբուծությունը մեր հանրապետությունում կարող է դառնալ մրցունակ ոլորտ: Սերգո Կարապետյանը, ներկայացնելով ճյուղի այսօրվա 680 հազար գլխի ցուցանիշը, հույս է հայտնել, որ այն հնարավոր է եռապատկել։ «Մանավանդ, որ Հայաստանն ունի 1մլն 56 հազար հա լեռնային արոտավայր, որի ընդամենը 25 %-ն է այսօր օգտագործվում»,– ասել է նախարարը:
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն
Ավելի խելացի բան, քան սպանդանոծներ կառուցել, գյուղնախարարի գլխով դժվար թե անցնի: