Լուսակերտի թռչնաբուծարանի նախկին աշխատակիցներ, թռչնակերի առեւտրով զբաղվող Արամ Պետրոսյանն ու Սենիկ Ավետիսյանը դիմել էին Հատուկ քննչական ծառայությանը՝ հայտարարելով, թե ՍՊ ընկերության տնօրեն Արթուր Երեմյանը կազմել է փոխառության կեղծ պայմանագիր, իբր իրենց է տվել 193 000 000 դրամ կանխիկ գումար:
Տնօրենը դիմել էր դատարան, խլել սեփականության իրավունքով պատկանող նրանց խանութը, ավտոմեքենան, հողամասը:
Ոստիկանության Կոտայքի բաժնում հարուցվել էր քրեական գործ, որը հետագայում ուղարկվեց ՀՔԾ՝ հատուկ քննչական ծառայություն:
Այս տարվա ապրիլի 30-ի որոշմամբ, քրեական գործի վարույթը կարճվել էր, եւ դադարեցվել էր քրեական հետապնդումը՝ հանցակազմի բացակայության հիմքով:
Կարդացեք նաև
Լուսակերտցիներ բողոքարկում են այդ որոշումը՝ դիմելով գլխավոր դատախազությանը: Գլխավոր դատախազության ավագ դատախազ Ջոն Ֆարխոյանի որոշմամբ, բողոքը մերժվում է:
Թռչնաբուծարանի աշխատակիցները դիմում են հատուկ քննչական ծառայությանը:
Երբ ՀՔԾ-ն էլ մերժեց, կողմը դիմեց Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, բողոքարկելով սույն մերժման որոշումը: Ինչպես տեղեկացրել ենք, նախագահող դատավորն էր Մնացական Մարտիրոսյանը:
Այսօր տեղեկացանք, որ դատարանը բավարարել է Հատուկ քննչական ծառայության դեմ լուսակերտցիների բողոքը: Ի դեպ, ՀՔԾ պետի տեղակալ Արմեն Նադիրյանը մինչ այդ դիմել էր դատարան, խնդրել, որ բողոքը քննեն իրենց բացակայությամբ, հաշվի առնելով աշխատանքային ծանրաբեռնվածությունը:
Դատարանը գտել էր, որ բողոքաբերների դիրքորոշումը ենթակա է վերացման, ոչ թե դատարանի կողմից, այլ համապատասխան լիազորությամբ օժտված պաշտոնատար անձի կողմից:
Բողոքաբեր կողմը դատարանին միջնորդել էր, որպեսզի գործի վարույթը ՀՔԾ-ից փոխադրվի ազգային անվտանգության ծառայություն:
Բողոքաբեր կողմը հայտնել էր, որ ԱԺ նախկին պատգամավոր Խաչիկ Մանուկյանը , Մհեր Բագրատյանը անվտանգության աշխատակիցների միջոցով, նրանց զրկել է ազատությունից, կատարել կեղծ փաստաթղթերի կազմում, որպեսզի տիրանան առանձնապես խոշոր չափերի գումարների եւ անշարժ գույքին:
Ի դեպ, նրանց քրեական պատասխանատվության ենթարկելու համար ձեռք էին բերվել բավարար ապացույցներ: Ս. Ավետիսյանը դատարանում հայտնել էր, որ տեսել է Խաչիկ Մանուկյանի աշխատասենյակում Արամ Պետրոսյանին ծնոտը վնասված վիճակում:
Իրենցից պահանջել են տալ խանութը, սպառնացել են սպանել նրանց:
ՀՔԾ քննիչին բողոքաբեր կողմը պատրաստվել էր տրամադրել այն ձայնագրությունը, համաձայն որի նրանց սպառնացել են տաս հազար դոլարի դիմաց պատվիրել սպանությունը: Քննիչ Բ.Պետրոսյանն ազատվել էր աշխատանքից, հետեւաբար, ձայնագրությունը չի հասել նրան:
«Հաշվի առնելով, որ Խաչիկ Մանուկյանը 2003-2012 մայիսից հանդիսացել է ՀՀ ԱԺ պատգամավոր, իսկ ՀՀ օրենսդրության մարմնի ղեկավարների կողմից կատարված հանցագործությունների վերաբերյալ գործերի քննությունն իրականացնում է ՀՔԾ-ն, դատարանը գտնում է, որ այս գործի նախաքննությունը ԱԱԾ քննչական վարչությանը կամ ոստիկանության քննչական գլխավոր վարչությանը հանձնարարվել չի կարող»,-իր որոշման մեջ արձանագրել էր դատարանը:
Դատարանը պարտավորեցրել է վերացնել բողոքաբերների խախտված իրավունքները:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ